April 1st, 2020

ՕԳՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

Հայաստան Համահայկական Հիմնադրամ – Հայկական ցանցի համաշխարհային մոբիլիզացիա՝ ընդդեմ COVID-19 համաճարակի

Հարգարժան կազմակերպությունների նախագահություններ/տնօրեններ, Խնդրում եմ ներքոնշյալ կոչ-նամակը տարածել Ձեր կազմակերպություններում: Կորոնավիրուսը չի խնայում նաև Հայաստանին: Այստեղ, չնայած հսկա մասնագիտական ռեսուրսների առկայությանը, գոյություն ունի բժշկական գործիքների ու սարքերի սուր կարիք:
Հիմա՛ է քայլ անելու ժամանակը:
«Հայաստան» Համահայկական Հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք արշավ, որի ողջ հասույթը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ աշխատանքների համար անհրաժեշտ բժշկական պարագաների ու սարքերի ձեռք բերման համար՝ 

Այս շաբաթների ընթացքում, Նիդերլանդների Հայաստան Հիմնադրամը դրամահավաք է կազմակերպում, միանալով Հայաստանի կառույցի ջանքերին: Դրամահավաքից հետո, Նիդերլանդների հիմնադրամը լրացնելու է այն 11.000 եվրոյով: Սա բավարար է լինելու առնվազն մեկ օդափոխության սարք գնելու համար, որի հույժ կարիք կա Հայաստանում:
Ձեր նվիրաբերությունները կարող կատարել Նիդերլանդների Հայաստան Հիմնադրամին հետևյալ բանկային հաշվեհամարով`
NL38INGB0007543414
Vereniging Armeniëfonds Nederland -ի անունով
և կամ՝ https://www.gofundme.com/f/6nxbc5-stop-covid19 -ի միջոցով
Հոլանդիայի Հայկական Հիմնադրամը ունի հասարակական կազմակերպության (ANBI)-ի կարգավիճակ: Մեծապես գնահատում ենք Ձեր նվիրաբերությունը և ջանքերը: Հետագա զարգացումների մասին Ձեզ կտեղեկացնենք:
Հոլանդիայի կազմակերպության կայքէջ՝www.armeniefonds.nl

Հայաստանի կազմակերպության կայքէջ՝ www.himnadram.org
Տեղեկությունների և կապի համար դիմեք՝ info@armeniefonds.nl
Շնորհակալություն Ձեր զորակցության համար:

Սիրով,
Հայկակ Արշամյան
Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Գողացվել է Վան Գոգի «Գարնանային այգի» կտավը

30.03.2020/Նիդ.օրագիր:

Նիդերլանդների Հյուսիսային Հոլանդիա նահանգի Լարեն քաղաքի Սինգեր արվեստի թանգարանից երկուշաբթի առավոտյան հափշտակել են Վինսենթ Ուիլլեմ վան Գոգի «Գարնանային այգի» խորագրով կտավը: Հեղինակն այն  նկարել է 1884թ. գարնանը Նյուենենի պարտեզում: Նկարը Խրոնինգերի թանգարանի մշտական հավաքածոներից մեկն էր: Լարեն էր բերվել  ցուցադրվելու  «Հոգու  հայելի» թեմատիկ ցուցահանդեսին: Թանգարանը փակ էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, որից էլ  երկուշաբթի առավոտյան օգտվել են գողերը: Այդ մասին հայտնել է թանգարանի տնoրինությունը   YouTube-ով կազմակերպած ասուլիսի ժամանակ: Թանգարանի ղեկավարությունը լիազորություն չունի հրապարակելու կտավի արժեքն  ու ապահովագրական գինը:

Վան Գոգի նկարների մասնագետ Իվո Բոուվմանը արվեստի այս աշխատանքը գնահատում է մեկուկես մլն Եվրո, այն  համարելով  «լավ նկար»: Այդ մասին գրում է nrc.nl կայքը: 

Գողացված աշխատանքը յուղաներկ է` թղթի վրա, չափսը 25x 57 սմ է , փակցված է փայտի վրա: Դրենթեյում մնալուց հետո Վան Գոգը (1853-1890) որոշեց ապրել ծնողների հետ: 1883-ի վերջին բնակվում էին Բրաբանտի Նյուենեն քաղաքում, որտեղ հայրը նշանակում էր ստացել  բողոքական փոքր ժողովում : Գարնանը Վան Գոգը նկարեց այն այգին, որտեղ ապրել են: Ավելի վաղ նա կատարել էր նույն պարտեզի մի քանի նկարներ:

Նշենք, որ Վան Գոգի աշխատանքները բազմիցս են գողացվել` սկսած 1937 թվականից, գրեթե բոլոր դեպքերում այն ետ է  բերվել: Հուսանք սա բացառություն չի լինի:



Արցախում ընտրություններ էին

01.04.2020/Նաիրա Գասպարյան/Նիդ.օրագիր

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցավ  երկրի նոր նախագահի և նոր խորհրդարանի համապետական ընտրություններ:  Արդյունքների ամփոփումից  հետո պարզվեց, որ կլինի նաև երկրորդ փուլ։  Ըստ ԱՀ ԿԸՀ նախագահի   նախնական աղյուսակավորման արդյունքների՝ ներկայացված տվյալները հնարավոր է վերաճշտվեն ու խմբագրվեն: Ըստ պաշտոնական տեղեկատվության Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348  մարդ, քվեարկությանը մասնակկցել է 76 728 ընտրող: Փաստացի հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցել է ընտրողների թվի 73,5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները 2625-ն են:  Թեկնածուներից Արայիկ Հարությունյանը հավաքել է  36 076 ձայն (49,26 %), Մասիս Մայիլյանը` 19 360 ձայն (26,4 %),  Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն (14,7 %):

Երկրորդ փուլը, ըստ կարգի, տեղի է ունենալու քվեարկությունից 14 օր հետո՝ ապրիլի 14–ին։

ԱՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է՝ եթե քվեարկությանը մասնակցել են երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկություն:

Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ, այսինքն Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը։ Առաջին փուլի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը Արցախում  պատրաստ է համագործակցել բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ։ 

Սակայն, նշենք, որ Եվրամիության խոսնակը, դեռ նախքան ընտրությունները, հայտարարել է, որ չի ընդունում "Ղարաբաղի այսպես կոչված ընտրությունները'', կողմ է ստատուս քվոյի պահպանմանը, կողմ է Միսկի խմբի քայլերին և պատրաստվում է հունիսին Ադրբեջանի հետ խոսել առաջընթացի մասին։ 

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով

Հ.Գ.- Շատ երկրներում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ հատուկ իրավիճակ է հայտարարված, մենք պարզաբանություններ խնդրեցին Մեր թղթակից Նաիրա  Գասպարյանից` ինչպե՞ս  է հնարավոր այս  բարդ պայմաններում  ընտրություններ կազմակերպել:

Նա  տեղեկացրեց, որ Արցախում բարեբախտաբար կորոնավիրուսով հիվանդներ դեռևս չկան: Բացի դա  իշխանությունները կազմակերպվել են կանխարգելիչ նախազգուշական միջոցառումներ, ախտահանել են ընտրական տեղամասերը, բաժանվել են  դիմակներ, ձեռնոցներ, գրիչներ: Ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար օրինակելի նախաձեռնություն են  հանդես բերել առանձին անհատներ` որոնց թվում Արցախի Անվտանգության քարտուղար Արշավիր  Սուրենի Ղարամյանը և նրա ընտանիքը, որոնք սեփական միջոցներով ձեռք են բերել ախտահանման սարք, նյութեր և տրամադրել առողջապահության Նախարարությանը, որպեսզի ապահովեն ընտրողների և դիտորդների , ամբողջ բնակչության անվտանգությունը կորոնավիրուսից։ Արշավիր Ղարամյանը մասնակցում է նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին: