June 7th, 2021

Հեղինե Ծառուկյան. «Ես պիտի պարեմ,որ ինձ լիարժեք երջանիկ զգամ»

Թեև Ռոտերդամում՝ Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ  քաղաքում հայերի առկայությանը , երկար ժամանակ էր ինչ հայ մշակութային կյանքից նորություններ չէինք ստանում։  Եվ ահա հերթական նամակը ուրախացրեց մեզ.

«Քանի որ «Նիդերլանդական օրագիրը» ներկայացնում է մեր հայերիս կյանքի անցուդարձը Նիդերլանդների տարբեր քաղաքներում, ինձ մոտ հիանալի միտք առաջացավ պատմել Ձեզ` մեր մասին։ Եվ եթե կհետաքրքրի մեր գործունեությունը, կարող եք անդրադառնալ ձեր էջում, քանի որ իմ աշխատանքի առաջին նպատակը հայ երեխաներին, երիտասարդներին և ինչու՞ ոչ` նաև մեծահասակներին  հայկական ժողովրդական և ազգագրական պարերի հետ ծանոթացնել է »։ 

Նամակագիրը՝ պարուսույց, Heghinedancestudio-ի հիմնադիր Հեղինե Ծառուկյանն է, ում հետ սիրով ցանկացանք ծանոթանալ ու զրուցել՝ կատարված աշխատանքների շուրջ։ Հեղինեն՝ իր սիրած աշխատանքով հնարավորություն է ստացել զբաղվել  միայն 2019 թվականին, ու այս պահին ունի մանկական ու մեծահասակների խումբ։  Պարապմունքներն անց են կացվում Akkeroord 10, 3079 ZS Rotterdam հասցեում գտնվող պարի դպրոցում։ Այն, որ խումբը քիչ հայտնի է, և նրա մասին այսօր քիչ է խոսվում` հենց վերջին երկու տարվա կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած սահմանափակումների ու հարուցած խոչընդոտների հետևանքն է։  

«Երջանկացնող փաստ է,-մեր զրույցում հայտնում է Հեղինեն, երբ Նիդերլանդներում ծնված և մեծացած երեխաներն այսօր մեծ սիրով ու հաճույքով  են հաճախում պարապմունքներին, «Յարխուշտա» կամ «Քոչարի» են պարում, հաճույքով ծանոթանում  հայ պարարվեստի մեծերին։ Ոգևորող է, որ նրանք զգում են հայկական մշակույթը, սնվում` ազգային հարուստ աղբյուրից»։

 Հեղինե Ծառուկյանը 10 տարի է ինչ բնակվում է Նիդերլանդներում ,3 երեխաների մայր է, աշխատում է ատամնաբուժարանի ֆինանսներ բաժնում։  Նա պարարվեստին ծանոթացել է վաղ հասակից, չորս տարեկանից հաճախել է պարապմունքների, այնուհետև գիտելիքներ է ստացել  «Տարոն» գեղագիտական կենտրոնում, որից հետո սովորել ու ավարտել է Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտը։

Ամեն ուրբաթ երեկոյան, Ռոտերդամ քաղաքում, Հեղինեն մեծ սիրով է դասավանդում հայկական ժողովրդական պարեր, նա գտնում է, որ պարը հայկական մշակույթի ամենագեղեցիկ ճյուղերից մեկն է, նրա նպատակը երեխաների մոտ սեր արթնացնելն է  դեպի պարարվեստը,  նրանց հետ քայլելը , ուղղորդելը արվեստի  ամենագեղեցիկ ճանապարհներից մեկով, հասու դարձնելը պարի աշխարհի գունեղ ու նուրբ գաղտնիքներին` հայուհու շորոր նազանքին և հայ տղայի խրոխտ կեցվածքին։

«Այն ինչով ես զբաղվում եմ,-մեր զրույցի վերջում ավելացնում է Հեղինեն, մի այլ իմաստ է հաղորդում կյանքիս։  Ես պիտի պարեմ,որ ինձ լիարժեք երջանիկ զգամ։ Պարն իմ տարերքն է, իմ հոգու թռիչքը և ես անսահման երջանիկ եմ, որ ի վերջո ստեղծվեց հնարավորություն Նիդերլանդներում փոխանցել իմ պարային գիտելիքները հայ երեխաներին։ Հպարտ եմ, որ ունեմ 22 երեխաներից բաղկացած երկու,  և չափահասների խումբ։

Ես կարծում եմ, որ մշակույթի ցանկացած ներդրում, երեխայի մեջ սերմանում է գեղեցիկը զգալու և գնահատելու ունակություն։ Իսկ պարը գեղեցկացնում է ո՛չ միայն  մարմինը, այլ նաև  հոգին»։

Հուսով ենք, որ բարի սերմերը լավ պտուղ կտան ու մոտ ապագայում դեռ կլսենք Ռոտերդամի Հեղինե Ծառուկյանի հիմնադրած Heghinedancestudio-ի  պարային խմբերի մասին։

Hay Azian