niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-8/ (անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

-8-
(անվերնագիր ու փակագծերի մեջ կամ լուցկիներով աղջիկը)

Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7

Երբ այս հատվածը գրում էի, չգիտեի՝ հրապարակելու՞ եմ արդյոք, թե՞ ոչ, բայց որովհետև արդեն գրեթե երկու տարի է անցել, այլևս թուլությունս թաքցնելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Ի դեպ, վերնագիրն էլ նոր խմբագրեցի: Սա էլ կարդացեք, իսկ հաջորդն իմ սիրած գլուխներից է:

- Այս հարցն ինձ անհանգստացնում է,- հանկարծ ասաց բժիշկ Էյկհոֆը,- դու միայնակ չե՞ս զգում Ամստերդամում:

- Դե… Կարծում եմ՝ չէ,- պատասխանեցի:

- Ընկերներ ունե՞ս:

- Հա, տարբեր երկրներից ուսանողներ կան, որոնց հետ շփվում եմ:

Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ վերջին անգամ նրանց հավաքույթին ութ օր առաջ էի գնացել, այն էլ մի ժամ մնալուց հետո տուն էի վերադարձել: Նա չգիտեր, որ ընդամենը նախորդ օրը գրադարանում պատահաբար Բրունոյին տեսա, որն ինձ տեղեկացրեց, որ երեկոյան գնալու են թեյ խմելու: Ես խոստացել էի, որ կգնամ, բայց որովհետև սարսափելի հոգնած էի (հիվանդանոցում սովորականից երկար էի մնացել), որոշել էի տնից դուրս չգալ ու հանգստանալ: Սակայն ոչ ոք չէր հիշել ինձ, որովհետև ոչ մի զանգ, ոչ մի SMS չեկավ, որ ճշտեր. միանալու՞ եմ նրանց: Հասկացա, որ այստեղ ես եմ իմ գլխի տերը: Եվ ես միայնակ չէի:

Ու չգիտես ինչու ներսից ծակոց զգացի. այլևս չէի կարող տանը մնալ: Գիրքս վերցրի, որ գնամ մոտակա կանալի մոտ, կարդամ:

Երբ դուրս եկա, զգացի, որ ցուրտ է: Փորձեցի արևոտ կողմն ընտրել, սակայն ահավոր քամոտ էր, իսկ ժակետս բավարար չափով չէր տաքացնում: Ու հանկարծ տեսա դեպի Կենտրոնական կայարան գնացող 43 համարի ավտոբուսը:

Ճանապարհին սովորականի պես գիրք էի կարդում: Ուզում էի այդ օրն ավարտել Փոլ Օսթերի “The Brooklyn Follies” –ը, որ հաջորդ օրը Ռոտերդամ գնալու ճանապարհին ուրիշ գիրք բացեմ:

Ես քայլեցի դեպի Կենտրոնական կայարանի հետևը: Չգիտեմ՝ ասել եմ, թե չէ. այդ տեղն առաջին օրերին Աննան ինձ ցույց տվեց, և ես գնում էի, երբ մենակ էի լինում, իսկ ավելի ճիշտ՝ հոգնած չէի լինում, որովհետև միշտ էի մենակ, բայց միշտ այնտեղ չէի:

Ջուր, բադեր, թեթև քամի, հանգստություն… Մի քանի էջ կարդացի ու նորից մրսեցի: Վեր կացա, որ ավելի հարմար տեղ գտնեմ: Կենտրոնական կայարանի միջով անցնելիս մտքիս մեջ “Գրքանմանի” հերթական, բայց երևակայական գլուխ էր ստեղծվում: Դա մի տեսակ տխուր թվաց. ասես մենակությունս սփոփելու վերջին… չէ, ի՞նչ վերջին… միա’կ հնարավորությունը լիներ: Ու աչքերս լցվեցին:

Իսկ Կենտրոնական կայարանի դիմաց բազմություն էր հավաքված: Այնտեղ մարդիկ միշտ շատ են, բայց սովորաբար շտապում են. չեն ուզում ավտոբուս, տրամվայ կամ գնացք բաց թողնել: Բայց այս անգամ մարդիկ մի տեղում կուտակված էին: Երբ մոտեցա, նկատեցի, որ քրիստոնյաներ են, Ավետարան են քարոզում: Ինձ մի թերթիկ տվեցին, որի պարունակությունն առանց կարդալու էլ ինձ քաջ ծանոթ էր: Իսկ մի տղա բարձրաձայն ու սպառնալից տոնով Աստվածաշունչ էր կարդում: Եվ ես չկարողացա արցունքներս զսպել՝ սգալով սեփական միայնությունս: Կողքս կանգնած քրիստոնյաները երևի մտածեցին, որ ապաշխարողի արցունքներ են: Իսկ ես կարծեցի, թե դա առիթ է նրանց հետ ծանոթանալու, շփվելու, այլևս միայնակ չզգալու համար: Մի պահ նույնիսկ մտքովս անցավ՝ դեպի Ռոտերդամ ճամփորդությունս հետաձգել:

Աչքերս սրբեցի ու գլուխս բարձրացրի: Նայեցի բորբոքված կարդացող տղային, հետո՝ թղթեր բաժանող աղջկան, վերջում՝ նրանց թիմի մնացած անդամներին հատ առ հատ, մեկ առ մեկ: Կոնտակտ չկար. նրանք այնտեղ չէին, նրանք չէին տեսնում ինձ: Խոսվում էր օդի մեջ, թերթիկներն օդին էին հանձնում: Ու՞մ էր պետք նրանց աշխատանքը, երբ մի քրիստոնյա իրենց աչքի առաջ իրենց է փնտրում, բայց նրանք տեղում չեն: Ու՞մ են պետք այն նորածին քրիստոնյաները, որոնք այս թերթիկները կարդալով հավատքի եկան, բայց հինգ րոպե անց ներկա կգտնվեն կրիշնայականների հավաքին:

Ներկայացումը վերջացավ: Փողոցն անցա, հենվեցի մետաղյա բազրիքին ու սկսեցի գրել այս պատմությունը… Եվ ես միայնությունից ժպտում էի տրամվայում կողքս նստած կնոջը, հեծանիվ քշող աղջկան, այս փոքրիկին, որի տիկնիկն իմ կողքն է նստել: Ու ստանում եմ պատասխան ջերմ կրակները. գուցե օրվա համար հերիքի: Լուցկի ծախող աղջկան հիշեցի:

Շարունակելի...


____________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
Tags: Այցելություններ տպավորություններ, Հենց այնպես, Հետաքրքիր է, Նիդերլանդական օրագիր
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments