niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Բյուրակն Իշխանյանի նիդերլանդական հուշերը-10/ Բոլոր հնարավոր տարբերակները

-10-
Բոլոր հնարավոր տարբերակները
Սկիզբն այստեղ՝ 1/ 2/ 3/ 4/ 5/ 6/ 7/ 8/ 9
Չեմ ուզում մոռանալ Ամստերդամում անցկացրած այդ հիանալի ամիսը: Ուզում եմ հիշել բոլոր վայրկյանները, զգացողությունները, փորձությունները: Եվ որպես այդ ամենի անբաժանելի մասնիկ ուզում եմ պատմել իմ սովորական աշխատանքային օրվա մասին:
Ես կարթնանամ առավոտյան 6:10-7:10 ընկած ժամանակահատվածում: Կոնկրետ ժամը կախված է նրանից, թե երբ են ինձ կանչել հիվանդանոց: Իսկ դա կարող է խիստ տարբեր լինել (օրինակ՝ 8:10 կամ 8:25): Սովորաբար աչքերս բացում եմ զարթուցչի առաջին զնգոցից, բայց երբեմն մի քանի վայրկյան անց եմ արթնանում: Իսկ դա կախված է քնիս խորությունից: Ոտքի կկանգնեմ ու մի քանի վայրկյան շշմած շուրջս կնայեմ: Հետո կսթափվեմ, կմտնեմ ցնցուղի տակ, կհագնվեմ, անկողինս կհավաքեմ, այսինքն՝ մատրասս պատին կհենեմ, բարձս աթոռին կդնեմ: Դառը թեյ կխմեմ որևէ քաղցրավենիքով: Նորմալ նախաճաշել չեմ կարողանում. սիրտս խառնում է: Տանտերս կարող է դեռ քնած լինել կամ արդեն արթնացած: Ու նա կշրջի տնով մեկ՝ մենակ տրուսիկով:
Կգնամ կանգառ: Ավտոբուսը կամ միանգամից կգա, կամ ստիպված կլինեմ սպասել ամենաշատը 14 րոպե: Այդ ընթացքում գիրքս կբացեմ, կկարդամ: Ավտոբուսով տասը րոպեում կհասնեմ Կենտրոնական կայարան, տրամվայ կնստեմ: Կես ժամ տևող ճանապարհի ընթացքում կամ կքնեմ ու կարթնանամ իմ իջնելու տեղից երկու-երեք կանգառ առաջ, կամ գիրք կկարդամ, կամ պարզապես կմտածեմ: Ու միայն մի անգամ այնպես էի քնել, որ աչքերս բացեցի, երբ տրամվայը հասել էր վերջին կանգառին, բոլորն իջել էին, նույնիսկ վարորդը:
-1 հարկից կմտնեմ հիվանդանոց, նոր խալաթս կստանամ, կգնամ հանդերձարան, իրերս կտեղավորեմ պահարանիս մեջ, կվերցնեմ միայն ինձ անհրաժեշտը (հեռախոս, բլոկնոտ, գրիչ, ֆոնէնդոսկոպ, պահարանիս բանալին, օրակարգիս թուղթը և անպայման badge-ս): Կվազեմ առաջին հարկ, կքայլեմ դեպի պոլիկլինիկա: Օրվա առաջին կեսը մի բժշկի հետ հիվանդ ընդունելով կանցկացնեմ: Եթե շուտ վերջացնեմ, կվազեմ գրադարան, ինտերնետ կմտնեմ:
Կեսօրին կքայլեմ դեպի ճաշարան: Կվերցնեմ իմ մշտական աղցանն ու սուպը, բայց երբեմն ուրիշ բան կփորձեմ ու կփոշմանեմ: Կնստեմ մի անկյունում, ինչպես միշտ՝ մենակ, ինչպես միշտ՝ լուռ, ինչպես միշտ՝ արագ: Հետո կգնամ ծրագրիս երկրորդ մասին՝ մեկ այլ, երբեմն՝ նույն բժշկի մոտ:
Կվերջացնեմ ժամը չորսի կողմերը, երբեմն՝ շատ ավելի շուտ կամ շատ ավելի ուշ: Մի անգամ մինչև ժամը վեցը պրոֆեսոր Լիպսը պահեց, որովհետև ինձ հետաքրքրող հիվանդ կար ստացիոնարում:
Ուրախացած կվազեմ -1 հարկ, իրերս կվերցնեմ, խալաթս կեղտոտ շորերի մեջ կուղարկեմ, և կանաչ լույս կվառվի, որ ընդունել է: Դուրս կգամ, կնստեմ տրամվայ: Կամ կեսից կիջնեմ, կթափառեմ, որոշ խանութներ կմտնեմ, իսկ վերջին օրերին՝ թանգարան թանգարանի հետևից կմտնեմ, ինչպես միշտ՝ մենակ: Երբեմն էլ մորաքրոջս կայցելեմ, միասին կընթրենք: Իսկ եթե հոգնած լինեմ, տուն կգնամ այնպես, ինչպես եկել էի: Տրանսպորտի մեջ կամ կկարդամ, կամ ոչ, բայց երբեք չեմ քնի:
Թե տուն գամ, որևէ բան կուտեմ, հետո կնստեմ կոմպի մոտ, կխոսեմ զանազան մարդկանց հետ, մեյլեր կգրեմ: Գուցե գիրք կարդամ կամ գրեմ: Եթե նույնիսկ ահավոր հոգնած լինեմ, չեմ պառկի. միայն երկու անգամ եմ ցերեկը քնել՝ առաջին երկու օրերին:
Ու միշտ-միշտ գիշերը ժամանակին կքնեմ: Կարթնանամ մոծակների տզզոցից ու խայթոցի քորից, կամ նրանք կորոշեն ինձ հանգիստ թողնել: Զանազան ու տարօրինակ երազներ կտեսնեմ, բայց հաճախ նաև զզվելի անքնություն կունենամ, որի պատճառով հաջորդ օրը ստիպված կլինեմ մի քանի անգամ սուրճ խմել:
Իսկ եթե ուրբաթ լինի, կուրախանամ. շաբաթ-կիրակին տոն է:

Շարունակելի...


____________________________
Բյուրակն Իշխանյանը ծնվել է 1986 թ․ Մոսկվայում։ Մեծացել է Երևանում՝ լրագրողների ընտանիքում։ Սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտացել է հոգեբուժության մեջ։ ՈՒսումնառության պրակտիկան անցկացրել է Հոլանդիայում, ապա 2011-ին Էրազմուս մունդուս կրթաթոշակային ծրագրով մեկնել է Եվրոպա՝ կլինիկական լեզվաբանություն մասնագիտությամբ սովորելու։ Ավարտելուց հետո աշխատել  է Նուբարաշենի հոգեբուժարանում և դասավանդել մանկավարժական համալսարանում, կարճ ժամանակ անց մեկնել է Դանիա՝ Կոպենհագենի համալսարանում հոգեբանություն և նյարդալեզվաբանություն մասնագիտությամբ ասպիրանտուրայում սովորելու։
Ներկայումս բնակվում է Դանիայի մայրաքաղաքում։ Մասնագիտական գործունեությունից բացի նաև գրում է պատմվածքներ, զբաղվում բլոգերությամբ և կատարում թարգմանություններ։
Tags: Այցելություններ տպավորություններ, Հենց այնպես, Հետաքրքիր է, Նիդերլանդական օրագիր
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments