niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Որտեղ է ձեր հավատքը

Բաց նամակ

Յարգելի Պարոն Պալեան,
Անշուշտ վաղուց պատասխանած պիտի լինեի, բայց նկատի ունենալով Ձեր նամակում արծարծվածի կարևորությունը, ստիպված ուշացրի պատասխանս՝ առավել մտածված գրելու համար...
Չէ՛, չեղավ: Սրտո՛վս պիտի գրեմ:
Սիրելի՛ Յակոբ,
Ներողամի՛տ եղիր պատասխանիս ուշացման համար: Ճիշտն ասած, օրական մեծաթիվ էլ-նամակներ եմ ստանում. կարևորներին՝ նույն, առավելագույնը հաջորդ օրն եմ պատասխանում: Խոսքս անգլերեն կամ ֆրանսերեն նամակներին է վերաբերում, իսկ հայերեն նամակները մնո՜ւմ են, մնո՜ւմ, աստիճանաբար իջնում էլ-նամակացանկի հորիզոնականով՝ տեղի տալով իրենց վրա հանդիսավոր բազմող անգլերեն ու ֆրանսերեն արդեն անկարևոր նամակներին... Այսպես հարյուրավոր անկարևոր նամակների շարքում հայտնված կարևոր նամակդ աչքիցս հեռու, բայց մտքիցս դուրս չէր եկել:
Հիշում եմ իննսունական թվականներին, երբ այսպէս ասած «spell check» տեխնոլոգիան եկել էր լրացնելու ուղղագրութեան պահանջները թվային տիրույթում, դու շեշտում էիր այդ նույն հնարավորության կարևորությունը նաև արևմտահայերենի համար: Իսկ ես ի՞նչ մեղքս թաքցնեմ, դպրոցական տարիներիս, ուղղագրությունը քննություններիս միջի սև կատուն էր, այնպես որ՝ առաջադրանքդ գրավել էր ուշադրությունս: Ահա այդ սև կատվի պատճառով էլ՝ ստացած հայերեն նամակներս իջնու՜մ, նստում են էլ-նամակատուփիս հատակին: Յուրաքանչյուր բառի համար բառարան բացելու ստիպվածությունը պատճառ է դառնում, որ մայրենի՝ հարազատ լեզվովս գրելը, տաժանակիր տանջանքի վերածվի:
Եթե մոռանայինք քերականությունն ու հոլովումները և կենտրոնանայինք պարզապես ուղղագրության վրա, հարցն ինքնին շատ հեշտությամբ կլուծվեր: Բավական կլիներ հայերեն բառերի ցանկ կազմել և ներարկել «Word»-ի մեջ: Մի ժամանակ համակարգչիս մեջ արձանագրում էի յուրաքանչյուր սրբագրածս բառը, սակայն օրերից մի օր համակարգիչը խնդիր ունեցավ ու տարիների ընթացքում կուտակածս բառերը, աշխատանքիս հետ միասին, անվերադարձ կորան: Մենք կարիք ունենք, որ մեկը բառապաշարի ամբողջական ցանկը վերցնի և բանակցի «Մայքրոսոֆթ»-ի և «Գուգլ»-ի հետ, որպեսզի վերջիններս պարզապես ներառեն արևմտահայերենը իրենց հարյուրավոր լեզուների ցանկի մեջ: Սակայն ո՞վ. ո՞վ է մեր տերն ու տիրականը՝ մեր պահապանը: Բասկերեն, բրետոներեն, հոներեն, Տյուհերեն, Օրիերեն և այլ լսված ու չլսված լեզուներն ունեն իրենց ուղղագրական սրբագրիչները, սակայն մենք՝ մեր գլխի ճարը չկարողացանք տեսնել:
˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
Մի քանի տարի առաջ, նախարար տիկին Հակոբյանի հետ հանդիպման շրջանակում համեստորեն մատնանշեցի, որ արևմտահայերին ուղղված եռամսյա նամակը ավելի հասանելի կլիներ, եթե գրված լիներ արևմտահայերեն՝ մեսրոպյան ուղղագրությամբ, և որ վստահաբար, Երևանում գտնվող սիրիահայերից շատերը սիրահոժար օգտակար կլինեին այդ հարցում: Խոսքիս վրա, տիկին Հակոբյանը կանչեց պարոն Ասլանյանին և ասաց. « Խնդրում եմ գրանցես Պարոն Շնորհօքեանի առաջարկն ու գործադրես»: Դժբախտաբար, պարոն Ասլանյանը մեր տեսակցությունից քիչ ժամանակ անց տեղափոխվեց այլ պաշտոնի, և առաջարկս ջուրն ընկավ:
Երկու տարի առաջ, Վեհափառ Հոր հետ հանդիպման ժամանակ հարց տվի, թե ո՞վ էր մեր արևմտահայերենի հարցով պատասխանատուն, թե ո՞վ կարող է ի պաշտոնե բանակցել «Միքրոսոֆթ»-ի և «Գուգլ»-ի հետ, թե բասկերեն, բրետոներեն, հոներեն, Տյուհերեն, Օրիերեն և այլ ուրիշ լսված ու չլսված լեզուներդ ունեն իրենց ուղղագրական սրբագրիչը . . .: Վեհափառ Հայրը, ուշադրություն արժանացնելով ակնարկիս բացատրեց, որ նոր են կորցրել կաթոկիկոսարանի հայագիտության պատասխանատուին՝ ավելացնելով, թե նոր անձի նշանակելուց հետո, կքննարկեն առաջարկս:
Նախորդ ամսին, Երևանում, հանդիպեցի պարոն Փանոսեանին, որն ի վերջո ինձ Ավետեց, թե՝ Կյուլպէնկեան հաստատությունը ձեռնարկել է արևմտահայերենի էլեկտրոնային ուղղագրական սրբագրիչի ծրագրի իրականացումը՝ ներառելով քերականությունն ու հոլովումները։
˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
Անցյալ շաբաթ Պատրիսիայի քեռորդին ՝ Ժոնասն էր գրել, հայտնելով, թե օգոսոտոս 13- 21-ին Հայաստան պիտի գնա ընկերոջ՝ Գասպարի հետ: Երկուսն էլ հորով-մորով ֆրանսիացի են. ինչո՞ւ Հայաստան: Հայաստանի մասին Ժոնասի ամբողջ գիտելիքը իր զարմիկներն են՝ երեք զավակներս:
Հա՛, չմոռանամ, որդուդ՝ Աքսելին, բարևներս փոխանցիր. իր հետ կապս կորցրել եմ: Տղայիս, Յովանի վրա, ինքն էլ «ամակ» ունի, թե՛ որպես իր պրոֆեսոր և թե՛ որպես հայ: Յովանը երակների մասնագետ վիրաբույժ դարձավ: Իր խումբը Ֆրանսիայի 43 հիվանդանոցների մեջ լավագույն արդյունքներն է գրանցել: Անցյալ ամիս Բեյրութ էր հրավիրված: Մենակ չթողեցի: Հետը գնացի: Ինքն էլ ինձ ընկերակցեց Բեյրութի հանդիպումներիս: Շահանը շատ տպավորված էր Յովանի մաքուր հայերենով ու փայլուն մտքերով:.
Սևակը դեղագործ դարձավ: Ամեն օր աշխատանքից հետո մինչև կեսգիշեր կամավոր ծառայում է թմրամոլների մի հատուկ կենտրոնում: Պատրիսիան մտահոգ է, որ մոտոցիկլով է գնում գալիս: Նշանավոր «Moto Guzzi»-ով, որի վրա փակցրել է ներքևում տեղադրածս իր գծագրած հետաքրքիր «սթիքերը»: Է՜հ, ներենք իրեն ուղղագրական սխալի համար. պտուղը ծառից հեռու չի ընկնում:
Գայանեն արդեն քսանչորս տարեկան է. չինագիտություն է ուսանում: Վեց տարի անդադար պնդում էր, որ իրեն ընկերակցեմ Երուսաղեմ՝ ուխտագնացության: Անցյալ տարի, Զատիկին, գնացինք: Մեկ շաբաթում, Բեթղեհեմից Գողգոթա և Գողգոթայից Համբարձման լեռ, եկեղեցի չթողեց, որ ինձ չտաներ։ Գլխածածկ, բոլոր Ս. Պատարագներին ներկա եղավ՝ ամեն անգամ մինչև վերջ մնալով: Ես էլ հայրական պարտականությունից անդին, համարեցի, որ բողոքականիս հարգանքի տուրքից մաս տվի մեր Մայր՝ Սուրբ եկեղեցւոյն: Ուխտագնացության ավարտին, Գայանեն մի խաչ դաջել տվեց իր թևին:

Պատրիսիան շարունակում է դասավանդել: Եթե մեկը հարց տար, թե ո՞վ է մեր տան հայը, անտարակույս կմատնանշեի Պատրիսիային. և այդ հակառակ այն բանի, որ հայկական արյուն չունի: Ինքն էր, որ մեր զավակներին հայկական դպրոց արձանագրեց, պայքարում էր, որ դպրոցը՝ Սամուէլ Մուրատը, չփակվեր . . . Զավակներիս, Դպրոցասեր վարժարանն ավարտելուց հետո, ինքն էր, որ խնդրեց պարոն Ադամեանին, այս անգամ անձնական պարապմունքներով շարունակելու հայերեն լեզվի ու գրականության դասերը՝ մինչև նրանք բակալավրիատ կհասնեին: Ի՞նչն է բնորոշում հայ լինելը: Արյո՞ւնը, թե հոգին: Հայկական գեներով արևմտյան Թուրքիայի ոմն թո՞ւրքն է հայը, թե՞ աղվանական ծագումով ոմն հայը:
˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
Պատմական Հայաստանը, լինելով լեռնային երկիր, պայմանավորել է մեր իշխանների իրարից հեռու և մեկուսացած լինելը: Մեր այսօրվա իշխաններն էլ, թեև ապրում են Լոս Անջելեսի ու Փարիզի նման տափարակ քաղաքներում և հաղորդակցության դարում՝ բայց և այնպես, իբրև արժանավոր ժառանգորդներ իրենց հայրերի, տերն են նույն կեցվածքի:
Մեր սիրելի կուսակցության ներկայացուցիչը համահայկական, համախմբող, համակարգող նախաձեռնության ուղղությամբ իր քաջալերանքն ու զորակցումը հայտարարելուց հետո, ասաց. «...սակայն մրցակցությունն էլ մրցունակություն է ստեղծում»:
Խորագետ հերթապահն իրավունքն ունի այդ կարծիքի, բայց ժամանակները փոխվում են. այսօր «Macy՛s»-ը ահավոր ընթացքով շուկայի բաժին է կորցնում, իսկ «Amazon»-ը շուկայի առյուծի բաժնին է տիրանում: Kodak հիմնարկը քսան տարի առաջ 175 հազար աշխատավոր ուներ, իսկ այսօր պարզապես գոյություն չունի: Թվայնացումը հիմնովին փոխեց տնտեսության ու տնտեսավարման կանոնները։ Նույնկերպ փոխվում է նաև ընկերային կազմակերպությունների հանդեպ մարդկանց վերաբերմունքը:
Այսօր Արևմուտքի ժողովուրդները ձեռք են քաշում մրցակցային, պայքարող կառույցներից: Չե՛ն ուզում: Նրանք ձգտում են նպաստել ընկերային և մարդասիրական նպատակներ հետապնդող ու կառուցողական ոգով օժտված կազմակերպություններին: Այս ո՛չ կուսակցության մեղքն է, ո՛չ էլ հատուկ է հայությանը: Տե՛ս, ինչ եղավ Ֆրանսիայի ընկերավարական և հանրապետական կուսակցություններին. փուլ եկան:

Երուսաղեմ այցելությանս իսկապես տպավորված էի հրեա բնակչության մշակութային բազմազանությամբ, նրանց հագուկապի տեսակների ճոխությամբ: Տղամարդիկ՝ մեծ մորթե գլխարկներով, հագած լայն, սև վերարկուներ, ուրիշները՝ տափակ գլխարկներով, սև համազգեստով, գոտիներից կախված փուլունքներով, այլերը քաղաքացիական հագուստներով՝ կիպայով կամ առանց կիպայի: Գլխածածկ կանայք՝ կեղծամով, կամ առանց, որոշները շպարով և կարճ շրջազգեստով: Այս ողջ բազմազանությամբ հանդերձ, նրանք ունեն մեկ համակարգ՝ AIPAC, Ամերիկայի հրեական հանրային գործերի հանձնաժողովը։ Իսկ մենք ունենք երկու հանձնաժողով՝ երկու մրցակցող և հակասող հաստատություններ:
Բազմազանությունը հարստություն է, բայց համակարգումը՝ էական արժեք:
˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜ ˜
Ժոնասը Հայաստան պիտի գնա ընկերոջ՝ Գասպարի հետ. ինչո՞ւ չգնա: Գնում է այցելելու այս բարձր մշակույթի տեր երկիրը, իր պատկերացումով մի հրաշք երկիր, այնպես, ինչպես Ճապոնիա կայցելեր: Որպես հայ իր ճանաչած երեք զարմիկները, երեք հրաշք երիտասարդներ, բարոյական և մարդկային արժեքների տեր հպարտ հայեր են:
Մի՞թե Հայաստանը հրաշք երկիր չէ:
«Մենք» որքանո՞վ ենք հպարտ մեր ժառանգությամբ և մեր հայրենիքով:
«Մենք» կարո՞ղ ենք տեսլական ու տենչ փոխանցել նոր սերունդներին, որ նրանք ձգտեն հայ լինել, լինեն հպա՛րտ հայեր:
«Մենք» եմ ասում՝ ակնարկելով ինձնից, քեզնից, մեր զավակներից անդին, ամեն ոք-ին ու ամենքին:

Այսօր մեր կրթական հիմնարկները տեսլականը չկարևորելով, նախևառաջ առօրյա նյութական հարցերը լուծելու ետևից են ընկած: Հասկանում եմ. եթե տանիքից ջուրը տունդ է լցվում կամ ամսավճար չունես, ինչպե՛ս մտածես տեսլականի մասին:
Դիմացներս պատերազմն է սակայն պարզված: Քառօրյա պատերազմից ավելի ահավոր, ավելի դաժան մի պատերազմ:
Ահա արևի տակ դրված ձյան պես հալչում ենք: Բավական է նայեմ զավակներիս դասընկերներին, որ մեծամասնությամբ դասալիք հայեր են: Նրանք Ֆրանսիայի նոր սերնդի հայերի մեկուկես տոկոսն են կազմում և դեռ բարեբախտություն են ունեցել հայկական դպրոց հաճախելու:.
Այս պատերազմը պիտի դիմագրավենք խա՞ռն, անկա՞րգ թե՞ համախմբված: Իբրև մե՛կ ազգ՝ երկու լեզվաճյուղերով, պիտի ունենա՞նք սակայն մե՛կ ուղղագրություն: Ո՞վ պիտի որոշի: Ճիշտ չէ՞ր լինի հաստատել արմատականը՝ Մեսրոպեան ուղղագրութիւնը՝ այսպիսով ապահովելով նաև արևմտահայերենի անվտանգությունը: Ո՞վ պիտի որոշի. քաղաքական գործիչնե՞րը, թե՞ տեսիլքի տեր մտավորականները:
Թեոդոր Հերցլլի «Հրեական պետությունը» (The Jewish State - 1896) աշխատության մէջ անգլերենը նախատեսված էր որպես ապագա պետության պաշտոնական լեզու: Այդ նույն ժամանակաշրջանում իդիշը ամենաշատ գործածվող խոսակցական լեզուն էր, իսկ եբրայերենը մեռած լեզու էր հրեաների համար: Եվ ահա Էլիեզար Բեն-Եհուդա անունով մեկը, որ եբրայերենը վերակենդանացնելու տեսլականով էր ապրում, գրեց արդի եբրայերեն լեզվի օրենքներն ու քերականությունը, այն սովորեցրեց որդուն. նրանք եղան վերածնվող նոր եբրայերենի առաջին կենդանի կրողները: Հարյուրամյակներ շարունակ չլինելով կենդանի հաղորդակցման լեզու, եբրայերենը մեկ մարդու հավատի ու հետևողական աշխատանքի շնորհիվ դարձավ կենդանի ու վերելք ապրող լեզու։
Գիտեմ, այս օրինակը հաճելի չի թվա շատերին: Թէոդոր Հերցլից և նույնիսկ ֆրանսիական հեղափոխությունից առաջ, մենք ունեցել ենք Շահամիր Շահամիրյան, որ 1772 թվին հրատարակեց «Որոգայթ Փառաց» գիրքը՝ ժողովրդավարական պետության սահմանադրության մի հրաշալի օրինակ: Մենք ունեցել ենք Մխիթար Սեբաստացի, որի տված կայծը երեք դար շարունակ ճառագեց ազգի մեջ:
Ցեղասպանությունը մեկուկես միլիոն հայերի կյանքեր խլելուց անդին, խլեց և զրկեց մեզ մեր առաջնորդներից: Այսօր սակայն մենք ունենք արժեքավոր տաղանդների մի սերունդ, և մեր միակ խնդիրը պիտի լինի համախմբել նրանց, ովքեր տեսլական ունեն և կարող են մշակել համապատասխան ռազմավարություն:
Թող մեր իշխանները իջնեն իրենց լեռներից, հանդես բերեն համագործակցելու իմաստություն:
Թող մեր «Յեղափոխական» և «Բարեգործական» կոչումներով պահանջատեր Սփյուռքի երկու բևեռները, հատուածականից ավելի բարձր դասեն ազգային շահերն ու համագործակցեն։
Թող նրանք ունենան մեկը մյուսի դաշտի նորատունկ բույսը գեթ փոքր սուրճի գավաթի ջրով ոռոգելու մեծությունը:
Թող «Համահայկականը» գեղեցիկ բառ լինելուց անդին, թափանցի նրանց հոգիների խորքը:
Վերմակն իրար վրայից քաշելու ժամանակ չունենք այլևս: Մեր տակից անկողինն է սահում, ուր որ է կջարդվի:
Այսօր մեր կրթական ու այլ ազգային հիմնարկները առանց տեսլականի ու գաղափարի փորձում են միայն նյութական հարցեր լուծել: Այնինչ առաջնորդություն ունենալն է նյութական հարցերը լուծելու բանալին:
«Մի՛ այսուհետեւ հոգայցէք վասն վաղուի՝ զի վաղիւն վասն ի՛ւր հոգասցի. Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի՛ ձեզ» (Մատթեոս 6։34):
Պատերազմը պիտի դիմագրավենք` խա՞ռն, անկա՞րգ, թե՞ համախմբված:
Պիտի ունենա՞նք առաջնորդություն, որ համախմբի, որ տեսիլք ու տենչ փոխանցի նոր սերունդներին, որ նրանք ձգտեն լինե՛լ հայ, լինեն հպա՛րտ հայեր:
Հերցլը մի տեղում նշել է, թե տեսլական ունեցողը հաճախ ուտոպիստ է ընկալվում: Իրականում այդ ընկալումը կախված է արժևորող անձի տեսիլքի կամ հավատի մակարդակից:
Ունե՞ս հավատ:
Պատրա՞ստ ես կառուցողական պատասխանատվություն ստանձնել:
Պատրա՞ստ ես պայքարել անհաղթահարելի թվացող քարացած «ջրաղացների» դեմ:
Երկար գրեցի: Ժամանակն էլ ուշ է:
Առայժմ:
Դեռ էլի՛ կգրեմ:
Հավատդ մի՛ կորցրու: Հավա՛տդ չկորցնես:

Յովէլ Շնորհօքեան
Փարիզ
Օգոստոս 2017
Tags: Այլ, Նամականի
Subscribe

Recent Posts from This Journal

  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments