?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Էլ. փոստ` info@faon.nl


Մամլո հաղորդագրություն
Նիդերլանդների քաղաքական դրիքորոշումը Սաֆարովի գործի վերաբերյալ
Ըստ նախարար Ռոզենթալի` սպանության փառաբանումը դատապարտելի է
• Նիդերլանդների պատգամավորների նամակը Հայաստանի խորհրդարանին



Հաագա, 14 հոկտեմբերի 2012 – Սաֆարովի հարցը վերջին ժամանակաշրջանում տարբեր առիթներով քննարկվել է հոլանդական քաղաքական շրջաններում: Հայաստանի խորհրդարանի պատգամավորներին նեցուկ կանգնելու նպատակով, առաջիկա երկուշաբթի, 15 հոկտեմբերի 2012, Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր պարոն Վան Դեյկը Հայաստանի խորհրդարանի նախագահին կներկայացնի մի նամակ, որն ստորագրել են Նիդերլանդների խորհրդարանի մի քանի պատգամավոր:   

Ս.թ. հոկտեմբերի 10-ին Նիդերլանդների խորհրդարանում կայացած մի բանակցության ժամանակ Նիդերլանդների արտգործնախարար պարոն Ռոզենթալը հայտնեց իր տեսակետը Սաֆարովի ազատ արձակման, զինվորական աստիճանի բարձրացման և հերոսացման վերաբերյալ: Պատասխանելով Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր պարոն Վոորդեվինդի հարցին, որը պահանջեց դատապարտել գործերի նման ընթացքը, նախարարը պատասխանեց. «սպանության փառաբանումը դատապարտելի է»: Նախարարն իր քննադատական նկատողությանն ավելացրեց. «ամեն մարդ գիտե` ինչ հանցանք է գործել»: Ռոզենթալի բնորոշմամբ հարցը շատ բարդ է, հատկապես ինչ վերաբերում է Հունգարիային: Քննարկման ժամանակ Վոորդեվինդը նախարարից պահանջեց այս գործընթացի ավելի հստակ դատապարտում: Զարմանալի է սակայն, որ այստեղ նախարարը նույնիսկ անդրադարձավ Հունգարիայի խնդրանքին (Եվրոմիության արտգործնախարարների հանդիպման ժամանակ), ըստ որի այս խնդիրը պետք է մեծ զգուշությամբ քննարկել և փորձել չխառնվել այս գործին:

Ռոզենթալի պատասխանը Հոլանդահայ Ֆեդերացիայի նամակին և խորհրդարանի գրավոր հարցերին
«Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր պարոն Վոորդեվինդի գրավոր հարցերի պատասխանում նախարարը նախապես նշել էր, որ Սաֆարովին «ներում շնորհելու, նրա աստիճանի բարձրացման և հերոսացման իրադարձությունները» ունեն «բացասական ազդեցություն տարածաշրջանի կայունության վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի վրա»:

Իր պատասխաններում նախարարը նշում է, որ Նիդերլանդները ամենաբարձր մակարդակով, այն է` փոխվարչապետ և տնտեսական հարցերով նախարար պարոն Վերհագենի միջոցով կոչ է արել Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտության հարցում: Այսպիսով նա բացահայտորեն հայտնել է Նիդերլանդների մտահոգությունը Սաֆարովի համաներման հետևանքով առաջացած աճող լարվածության վերաբերյալ: Վերհագենը կատարել է այս հայտարարությունը վերջերս հոլանդական առևտրական պատվիրակության հետ Բաքու կատարած այցի ժամանակ: Նույնպես խորհրդարանում քննարկումների ժամանակ նախարարը հիշեցրեց այս հայտարարության մասին:

Ի պատասխան Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նամակին, Նիդերլանդների արտգործնախարարությունը նշում է, որ Նիդերլանդների կառավարությունը գարշանքով է դիտում կատարված սպանություն և մտահոգություն է հայտնում համաներման և դրա հետևանքների վերաբերյալ, հատկապես Սաֆարովին ներում շնորհելու հետևանքով առաջացած աճող լարվածության կապակցությամբ:  Այստեղ ևս մատնանշվում է փոխվարչապետ Վերհագենի հայտարարությունը և Եվրամիության շրջանակում կատարված լայնածավալ քննարկումը, ներառյալ Հունգարիայի դերը այս հարցում: Նամակում նշված է, որ Հոլանդիան հետևելով գերագույն հանձնակատար Էշթոնին, «շարունակելու է հետևել այս գործին»:

Նիդերլանդների խորհրդարանի քայլը
Խորհրդարանի տարբեր քաղաքական խմբակցությունների պատգամավորները, որոնք խորհրդարանի արտաքին գործերի հանձնախմբի անդամներն են, որոշել են իրենց աջակցությունը բերել Հայաստանին Սաֆարովի հարցում: Նրանք Հայաստանի խորհրդարանին են հղել մի նամակ, որի մեջ դատապարտվում է Ադրբեջանի արարաքը Սաֆարովի գործում և պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը: Առաջիկա երկուշաբթի, հոկտեմբերի 15-ին, Հայաստանում այդ նամակը հայկական խորհրդարանի նախագահին կներկայացնի Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր պարոն Վան Դեյկը:

Ինչպես հայտնի է, ադրբեջանցի զինվորական Սաֆարովը Հունգարիայում դատապարտված էր ցմահ ազատազրկման հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանելու համար: Նրանք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի զորակայանում անգլերենի դասընթացների էին մասնակցում: Մի քանի շաբաթ առաջ Հունգարիայի կառավարությունը համաձայնվեց Սաֆարովին արտահանձնել Բաքվին` երկու կողմերի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Սաֆարովին Բաքվում ընդունեցին, որպես հերոս, անմիջապես ներման արժանացրին և մայորի կոչում շնորհեցին: Գրեթե բոլոր միջազգային կազմակերպություններն Ադրբեջանի արարքը բնութագրել են որպես միջազգային չափանիշների խախտում: