niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Մուզմուզ հանցագործը կարող է թաքնված լինել նաև բարեկիրթ եվրոպացու արտաքինում




ՄԻ ՔԻՉ ԷԼ ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ



Ծեծված ճշմարտություն է. «Գեղ չկա, որ շուն չեղնի»: Ուստի առանձին դեպքերի կամ առանձին հատկանիշների վրա պետք չէ ընդհանրացումներ անել ու ազգեր պիտակավորել: Ու առհասարակ հաճախ է ասվում, որ հայերը, օրինակ, հոլանդացիներին զիջում են մի շարք հատկություններով` կարգապահ չեն, ծույլ են, անկազմակերպ են, կաշառքի մեխանիզմների մեջ են ընդգրկված, ծառայողական կեղծիքներ են անում և այլն, և այլն: Ընդհանուր առմամբ սա ճիշտ է: Բայց ուզում եմ մի դեպք պատմել: Որ պարզ դառնա, որ մուզմուզ հանցագործը կարող է թաքնված լինել նաև բարեկիրթ եվրոպացու արտաքինի տակ:

Ծովինարս երբ հոլանդական դպրոց ընդունվեց, հոլանդերեն համարյա չգիտեր: Որովհետև մենք հոգացել էինք, որ նա ՆԱԽ անթերիորեն յուրացնի իր մայրենի լեզուն` հայերենը: Դպրոցի ուսուցիչները իրենց պահում էին խիստ անպրոֆեսիոնալ. այն առումով, որ մեզ հորդորում էին Ծովինարի հետ տանը հոլանդերեն խոսել: Դա, իհարկե, ներողություն արտահայտությանս, էշշություն է: Երեխան ազատ կարող է երկլեզու լինել. ու տունը միակ տեղն է, որտեղ նա սիստեմատիկորեն հայերեն է գործածում, մնացած բոլոր տեղերում միայն հոլանդերեն է, ու այդ պայմաններում ամեն նորմալ երեխա առանց դժվարության դրսում յուրացնում է տեղի լեզուն (հոլանդերենը), իսկ տանը պահում է իր մայրենին:

Ինչևէ: Սա չի տվյալ դեպքում էականը: Առաջին երկու տարին այստեղի դպրոցները ավելի շատ մանկապարտեզի են նման: Հիմնականում խաղում են: Դա բնական է, քանի որ 4 տարեկանից են հաճախում դպրոց: Ծովինարը շաբաթը երկու անգամ որոշակի դասաժամերի գնում էր մի ուրիշ դասասենյակ, ու մի ուսուցչուհի նրա հետ հոլանդերեն էր պարապում: Փողով, իհարկե: Դա մենք չէինք վճարում, այլ սոցիալը: Մենք հստակ գիտեինք, թե որ օրերին ու ժամերին էին այդ դասերը:

Մի օր փողի հաշիվը եկավ, ու աչքերս թռան ճակատիս: Մի աստղաբաշխական գումար էր: Ուսուցչուհին իր պարապած դասերից մի 4-5 անգամ շատ էր գրել: Ոչ թե մի քիչ ավել, այլ 4-5 ԱՆԳԱՄ ԱՎԵԼ... Ես ապշել էի: Գնացի Ծովինարի գլխավոր ուսուցչուհու մոտ: Հարմարության համար սրան անվանեմ յուֆ(րաու) M.: Սրան հարցրի` Ծովինարը շաբաթը քանի՞ անգամ և ո՞ր օրերին ու ժամերին է գնում էս մասնավոր պարապողի մոտ (սրան էլ անվանենք յուֆ Ճ): Յուֆ M-ն բանից բեխաբար էր, ուստի ճիշտը ասաց` շաբաթը երկու ժամ, այսինչ օրերին ու ժամերին: Ես ցույց տվեցի իմ մոտի տվյալները. լրիվ ճիշտ էին: Գնացի յուֆ Ճ-ի մոտ ու ասի` էս ի՞նչ հաշիվ է: Սկսեց կմկմալ, թե` չէ, երկու ժամ չի եղել, շատ է եղել: Ցույց տվեցի իմ տվյալներն ու ասացի, որ յուֆ M-ն էլ լրիվ նույնն է ասում: Ու ասացի, որ Ծովինարն էլ մեզ հստակ ասել է այդ ժամերը: Այսինքն` բոլոր երեքիս տվյալները լրիվ ներդաշնակ էին: Իսկ յուֆ Ճ-ի թվերը հեքիաթային էին:

Որ շատ նեղեցի (որովհետև զզվում եմ նման կեղծիքներից, ուստի խիստ էի զայրացել), մեկ էլ ի՞նչ ասի, որ լավ լինի: Ասում է.
– Դե լավ, ինչի՞ եք այդպես վրդովվել, ախր սոցիալն է մուծելու, չէ՞, Դուք հո չե՞ք մուծելու...

Ֆազերս գցեցին... Բայց մինչև գցելը շշմել էի, իհարկե. ուրեմն, այս ստոր երևույթը ազգություն չի ճանաչում, մարդն ամեն տեղ էլ մնում է մարդ: Ու տվյալ դեպքում` մուզմուզ, տակնահան, խիստ բարեկիրթ արտաքինի տակ թաքնված... Էն էլ` ուսուցչուհու...

Ես մտածեցի. Լավ, հոլանդացիք բարեկիրթ ժողովուրդ են, էս մեկը երևի թյուրիմացություն է: Հիմա կգնանք Ծովինարի ուսուցչուհու` յուֆ. M-ի մոտ, ու նա կհաստատի իր կես ժամ առաջվա ասածը: Իսկ նա ինձ նայեց իր պաղած աչքերով, իսկույն հասկացավ իրադրությունն ու կտրուկ փոխեց իր ասածը... Ու ինձ էդպես քաշեց, էն էլ ինչ ձևի... Ես ահավոր ջղայնացել էի... Ինչքան հնարավոր է առանց կատաղությունս ցույց տալու ես ասացի այն ամենը, ինչ մտածում եմ քաղաքակիրթ դիմակի տակ թաքնված նրանց ճղճիմ էությունների մասին:

Բայց դե, իհարկե, ոչինչ էլ չփոխվեց, քանի որ միակ ապացույցս յուֆ M-ն էր լինելու, բայց նա էլ «մոռացավ, որ հոլանդացի է, ոչ թե անքաղաքակիրթ ասիացի» : Յուֆ Ճ-ն պահպանեց իր բարեկիրթ համբավն ու ստացավ ամբողջ կեղծ գումարը: Չգիտեմ նա գիշերները ոնց է քնում, բայց ինձ տեսնելով ամեն անգամ լայն ու հրեշտակային ժպիտով բարևում է: Դա ապշեցուցիչ աներեսություն է, եթե հաշվի առնենք այն, որ ես չեմ էլ նայում նրա կողմը: Իսկ յուֆ M-ն հաստատ պինդ է քնում. երկու մետրանոց մի պինդ ու չոր կին է` կարճ մազերով ու ֆաշիստ տղամարդու արտաքինով: Բայց մեկ է, հանդիպելիս նա էլ չի շիտակ նայում դեմքիս...

Ի դեպ` դպրոցն ավարտելիս Ծովինարը, լինելով միակ ոչ հոլանդացին իրենց դասարանում, հոլանդերենի քննության մեջ ցույց տվեց երկրորդ արդյունքը:

(Հրաչ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից)

Tags: Հենց այնպես, Հետաքրքիր է, Նիդ.օրագրի ֆեյսբուքյան էջ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments