Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Նիդերլանդներում հանդիպել է նաև տեղի հայազգի բժիշկներին

Լուսանկարում՝ Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնած հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ (աջից):

    23 հուլիսի,2018 ԱՄՍՏԵՐԴԱՄ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով աշխատանքային այցով եղել է Ամստերդամում, մասնակցել Է «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և ուղեկցող հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականության վերաբերյալ նախարարական երկխոսություն» թեմայով միջազգային նախարարական համաժողովին՝ ներկայացրել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և դրա հետ համակցված հիվանդությունների հակազդման պայքարի արդյունքների վերաբերյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում Հայաստանի փորձը, անելիքներն ու ձեռքբերումները:  նա նաև ժամանակ է գտել հանդիպել  տեղի հայ բժիշկների մի խմբի (այդ մասին քիչ հետո): 

 Հիշյալ սեմինարին մասնակցել են նաև տարածաշրջանի 9 երկրի նախարարներ և փոխնախարարներ: Նրանք ներկայացրել են իրենց երկրների փորձն ու խնդիրները: Հստակեցվել է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի գործողությունների հետագա քայլերն ու դրանց ֆինանսավորման մեխանիզմները:  Հայ նախարարը կարևորել է երկխոսության անցկացումը այն իրավիճակում, երբ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի աճ: Արսեն թորոսյանի հավաստմամբ Հայաստանում իրավիճակը վերջին 5 տարվա ընթացքում կայուն է եղել:

ՀՀ առողջապահության կայքի փոխանցմամբ՝ Արսեն Թորոսյանն առանձին հանդիպում է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբի հետ։ Համատեղ քննարկվել են ընթացակարգային մի շարք ծրագրեր, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։ Համագործակցությունը կլինի շարունակական:Օգտակար քննարկումները  կշարունակվեն ԱՀԿ երևանյան գրասենյակի միջոցով, ինչպես նաև առաջիկայում Հռոմում կայանալիք ԱՀԿ նախարարական համաժողովի անցկացման ժամանակ: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը սիրով է ընդունել նախարար Ա. Թորոսյանի Հայաստան հրավիրելու առաջարկը:

Այժմ նախարարի ու նիդերլանդահայ բժիշկների հանդիպման մանրամասների  մասին:

 Հանդիպումը Հայաստանի նորանշանակ առողջապահության նախարարի հետ տեղի է ունեցել Հայկական բժիշկների AMIC խմբի նախաձեռնությամբ : Նիդերլանդահայ բժիշկներով ու բուժաշխատողներով համալրված AMIC-ի նպատակն է՝ փորձել խթանել աշխարհում առողջապահության ոլորտի հայ մասնագետների կարողությունները, ստեղծել նրանց միջեւ հաղորդակցության ու համագործակցության հնարավորություններ: Բնականաբար, նաև կապ հաստատել Մայր Հայրենիքի առողջապահության ոլորտի աշխատողների հետ, փոխանակել փորձն ու կիսվել գաղափարներով: 

 Այս կապակցությամբ նախարարի ու խմբի անդամների միջև տեղի ունեցավ անկաշկանդ ու անկեղծ քննարկում՝ նիդերլանդահայ բժիշկների խմբի հնարավոր ներգրավվածությունը հայաստանյան առողջապահական համակարգի փոփոխություններին մասնակցելու համար:    Ինչպես «Նիդերլանդական օրագրին» փոխանցեց Նիդերլանդների Թագավորությունում երիտասարդ ու շնորհալի նիդերլանդահայ բժիշկ Գոռ Խաչիկյանը՝ շատ օգտակար ու արդյունավետ հանդիպում է տեղի ունեցել:  Նիդերլանդահայ բժիշկները` նախ տպավորված են, որ նախարարը սուղ ժամանակն օգտագործել է իրենց հետ հանդիպում ունենալու համար: Նա ծանոթացել ու լսել է խմբի անդամներին, որոնք պատմել են իրենց ոլորտների գործունեության փորձի մասին: Ապա նախարար Արսեն Թորոսյանն է անդրադարձ կատարել, մատնանշել՝ թե ինչ վիճակում են գտնվում հիվանդանոցներն ու առողջապահության ողջ համակարգը: 

Նախարարը հավաստիացրել է, որ կարճ ժամանակամիջոցում ամեն բան անելու են համակարգը առողջացնելու, ոտքի կանգնացնելու համար: Իրենց հերթին հոլանդահայ բժիշկները հավաստիացրել են, որ կանեն իրենցից կախված քայլերը՝ օգնելու և նպաստելու ոլորտի զարգացմանը: Մասնավորապես Գոռ Խաչիկյանը, ով շտապ, առաջին օգնության բժիշկ է, պատրաստակամություն է հայտնել լինել Հայաստանում ու իր ասպարեզի փորձն ու կարողությունները փոխանցել հայ մասնագետներին: Խաչիկյանը կարևորել է առողջապահական ճկուն, աշխատող համակարգ ստեղծելու խնդիրը: Այնպիսի համակարգ, որ անկախ իրավիճակից դիմակայի մարտահրավերներին ու անխափան աշխատի:

Նախարարը վերհաստատել է, որ սփյուռքի մասնագետների յուրաքանչյուր նախաձեռնություն արժանանալու է թե' իր, և թե նոր կառավարության ուշադրությանը: 

«Կարող եմ փաստել, որ սփյուռքի մեր հայրենակիցների` փոփոխություններին անմիջականորեն մասնակցելու պատրաստակամությունը շատ մեծ է, և մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ պատրաստակամությունը նյութականացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։ 

 

Էդգար Վահանյան 

Hay Azian

«Նիդ.օրագրի» թղթակիցներ

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.