Մի լուսանկարի պատմություն

Խոսքը երկրի ղեկավարների հետ Զարեհ Օհանեսի ներկայությամբ այս լուսանկարների մասին է:

Զարեհ Օհանեսը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
Զարեհ Օհանեսը Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ

Զարեհ Օհանեսը բժիշկ-հոգեբույժ է: Մասնագիտական կրթություն ձեռք է բերել Հայաստանում: Սիրիահայ պատանու հայրենասիրության ու ուսումնառության տենչը նրան Սիրիայի Ալ Հասակայից Հայաստան է բերում, որտեղ էլ ընդունվում, ապա և ավարտում է բժշկական ինստիտուտը: Հետո դժվարին ու պատերազմական ժամանակներ պետք է սկսվեին:

Այդ տարիներից շատ ժամանակ է անցել: Զարեհը բնակության է հաստատվել Նիդերլանդներում և անմիջապես ներգրավվել Ամստերդամի հայկական կառույցներում: Եղել է «Արարատ» մշակութային միության վարչության անդամ, այնուհետև տեղի հայկական Եկեղեցու վարչության անդամը, ապա ատենապետը։

Աշխատում է իր` բժիշկ-հոգեբույժի  մասնագիտությամբ, ամուսնացել է մի գեղեցկուհի հայուհու` Սաթինեի հետ: ՈՒնեն հրաշք երեք զավակներ` Սևակ, Րաֆֆի, Մարիամ հայահունչ անուններով:  Զարեհն ու Սաթինեն նրանց դաստիարակում են հայկական ոգով ու ավանդույթներով: Պուրմերենդում` Ամստերդամից ոչ հեռու, որտեղ բնակվում են նրանք, մի քանի տարի է հիմնել են «Կիլիկիա» հայկական մշակութային միությունը, այստեղ էլ ծավլում են իրենց հայանպաստ գործունեությունը: 

Ամուսիններ Սաթինե և Զարեհ Օհանեսները

Օհանեսի ընտանիքի այս անգամ  Հայաստան մեկնելու առիթն այլ էր: Զարեհի ուսանողական ընկերները բուհն ավարտելուց 25 տարի անց պարզապես ցանկացել էին համակուրսեցիներով հանդիպել   նոր Հայաստանում , կիսվել ուսանողական տարիների հուշերն ու Հայաստանում ստեղծված նոր  իրադրության տպավորությունները: Հոկտեմբերյան այցի ժամանակը համընկավ ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին, ինչպես նաև մի շարք  անցկացվող միջոցառումների:

-Այս անգամ ես տեսա այլ Հայաստան, որտեղ մարդիկ բառացի իրենց ղեկավարի կողքին են,-ինձ հետ զրույցում ասաց Զարեհ Օհանեսը:- Սիրո ու հանդուրժողականության այս մթնոլորտը միայն դրական լիցքեր է հաղորդում բոլորիս ու ավելի ոգևորում հետագա գործունեության համար:

Զարեհը և Սաթինեն իրենց զվակների` Մարիամի,Սևակի և Րաֆֆու հետ Հայաստանի մայրաքաղաքում:

Հանդիպումը և լուսանկարը  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ սրտաբուխ ու անմիջական ստացվեց: Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 16-ին այցելել էր Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին, որը նվիրված էր Երևանի 2800-ամյակին: Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել սիրիահայերի աշխատանքներին և հետաքրքրվել նրանց գործունեությամբ Զարեհը մոտեցել է նրան և ջերմ խոսքեր փոխանակել: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սիրիահայերի խնդիրներն ու բիզնես գործունեության համար ապահովել առավելագուն բարենպաստ պայմաններ: Ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված են եղել 50-ից ավելի սիրիահայերի  ներկայացրած արտադրանքը:

Զարեհ Օհանեսը հիշում է, թե ինչպես դեռ 2 տարի առաջ` նույն ամսին Նիդերլանդներում «Կիլիկիա» մշակութային իրենց միությունը հանդես եկավ Հալեպահայությանն օգնելու կոչով` կազմակերպելով դրամահավաք: 

-Հիմա արդեն առարկայական Հայաստան պետությունն է մեր սիրիահայ եղբայրներին օգնում ու նրանց կողքին է, և դա դեռ սկիզբն է,-ասում է Զարեհը:

Զարեհի Օհանեսը (աջից)և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:

Նույն օրը Զարեհի հետ լուսանկարվել է սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:  Նոր, նոր մի քանի օր առաջ են նրանք ստացել սփյուռքի նախարարության կողմից Նիդերլանդներ ուղարկված արևմտահայերեն լեզվով դասագրքերը, որով էլ  պետք է ուսուցանվեն  «Կիլիկիա» միության դպրոց հաճախող երեխաները: Զարեհն ափսոսում է, որ այդ պահին չի հասցրել  իր շնորհակալությունը փոխանցել նախարարին` դասագրքերի ժամանակին արված առաքման համար: 

Մյուս լուսանկարը Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախագահներ Արմեն Սարգսյանի և Բակո Սահակյանի հետ նույնքան անսպասելի ու հետաքրքիր է ստացվել:

- Ոչ մի անգամ չէր ստացվել Հայաստան այցելելուն զուգահեռ Արցախ էլ այցելել,-պատմում է Զարեհը.-այս անգամ երեխաներիս էլ խոսք էի տվել պատեհ առիթն ի նպաստ օգտագործել : Ի բարեբախտություն ընկերներիս հետ եղանք Արցախում:

Նա հյուրանոցի պատուհանից նկատում է, որ մեր երկու հանրապետությունների նախագահները զբոսնում, զրուցում են:

-Ասես մի բնական ու անկեղծ ուժ ինձ դուրս հանեց սենյակից և արդեն մեկ րոպեից ես ողջունում էի մեր նախագահներին: Ընկերներիցս մեկն էլ այդ պահը լուսանկարեց,-հիշում է Զարեհը և ավելացնում:-Ահա այսպես ազատ ու անկաշկանդ պետք է զգա  յուրաքանչյուր հայ  քաղաքացի ու ջերմ զգացմունքով կանգնի իր ղեկավարի կողքին: Քանզի հպարտ ու վստահ է, որ նրանք ծառայում են իրենց ժողովրդին ու հայրենիքին:  Սա հպարտության յուրահատուկ զգացում է: Հուսանք` հարատև:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.