Վերապատրաստման դասընթացներ Ալմելոյում


«Սփյուռքի նախարարության աջակցությամբ կազմակերպված դասընթացները՝ կանաչ լույս սփյուռքահայ ուսուցիչների համար». Թամարա Թովմասյան

ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտիհայագիտական և սոցիալ–մշակութայինառարկաների բաժնի մասնագետներԹամարա Թովմասյանն ու Արման Մալոյանը սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից գործուղվել էին Նիդերլանդների Ալմելոյի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովանու ներքո գործող «ՍուրբՄեսրոպ Մաշտոց» և Ամստերդամի Սուրբ հոգի եկեղեցու «Սուրբ Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա դպրոցներ՝ ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ անցկացնելու:Վերապատրաստման և մշտադիտարկման արդյունքները «Հայերն այսօր»-ը ամփոփել է Թամարա Թովմասյանի հետ:

– Տիկի՛ն Թովմասյան, ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Ալմելոյի և Ամստերդամի հայկական համայնքներից: Վերապատրաստման դասընթացները ծառայեցի՞ն իրենց բուն նպատակին:

-Նշեմ, որ ես հայոց լեզվի և գրականության վերապատրաստումներ էի անցկացնում ուսուցիչների, իսկ Արման Մալոյանը հայոց պատմության և հայոց եկեղեցու պատմության՝ դասախոսություններ էր կարդում ինչպես ուսուցիչների, այնպես էլ համայնքի անդամների համար: Ընտրվել էին  այն առարկաները, որոնք  սփյուռքի հայկական  մեկօրյա դպրոցներում են դասավանդվում՝ հայերեն և հայրենագիտություն, ինչպես նաև հայոց եկեղեցու պատմություն, որոնք նպաստում են ազգային ինքնության պահպանմանը:Մեկ ամիս տևած դասընթացները՝ արդյունավետ էին, քանի որ իրականացվեցին այն ակնկալիքները, ինչը նախատեսված էր մեր կողմից նախօրոք կազմված ծրագրով; Շատ հետաքրքիր, միաժամանակ պարտավորեցնող էր աշխատանքը, քանի որ գործ ունեինք սփյուռքի ուսուցիչների հետ: Թեև դասավանդման ծրագիրը նախապես պատրաստ էր, սակայն տեղում՝ ուսումնական կարիքները գնահատելուց հետո միայն, ամեն ինչ հստակեցրինք և կողմնորոշվեցինք՝ հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները:Ես հիմնականում նոր մեթոդաբանությամբ հագեցած վերապատրաստման դասեր էի անցկացնում, որոնք հարստացրին ուսուցիչների գիտելիքները ինչպես մասնագիտական, այնպես էլ մեթոդական առումով: Որպես դիտարկում՝ նշեմ, որ դպրոցներում օրակարգային հարց է մնում դասագրքերի խնդիրը, առարկայական ծրագրերով և նոր մեթոդիկայով ուղղորդված ուսուցումը:Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ անցկացված դասընթացները դասավանդման նոր մեթոդիկայով զինեցին, համախմբեցին և ոգևորեցին ուսուցիչներին, քանի որ նրանք նոր եռանդով ու նվիրվածությամբ սկսեցին աշխատել: Այդ ընթացքում օր օրի ավելանում էին աշակերտների թիվը, ինչը էլ ուրախացնող հանգամանք էր:

– Եվ ի՞նչ պարզվեց մեկամսյա վերապատրաստման արդյունքում:

-Մեկամսյա վերապատրաստման ընթացքում պարզվեց, որ Ալմելոյի  և Ամստերդամի մեկօրյա դպրոցներում ուսուցման և ուսումնառության գործընթացը բարվոք վիճակում էր գտնվում: Ալմելոյի դպրոցում դասավանդում էին 14 ուսուցիչներ, ովքեր  տիրապետում էին ուսուցման ավանդական մեթոդներին,  հմուտ էին իրենց գործում:  Սակայն նոր մեթոդաբանությամբ ինտերակտիվ վերապատրաստման արդյունքում ուսուցիչներն ավելի ակտիվացան, դասերն սկսեցին  վարել հետաքրքիր, սովորողներն ակտիվ էին, փորձում էին  ինքնուրույն սովորել  ու միմյանց սովորեցնել, զարգացան նրանց  սովորելու կարողությունները, հմտությունները և հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:Ալմելոյի դպրոցում գործում էր տարիքային 5 և մեկական հոլանդախոս փոքրերի ու մեծահասակների խումբ՝ 112 սովորող, որոնք ուզում էին հայերեն գրել և կարդալ սովորել, չնայած նրանցից շատերի  ծնողները հայերենին ընդհանրապես չէին տիրապետում:Այդ ընթացքում մեր կողմից կատարվել են դասալսումներ, քննարկումներ, խորհրդատվություններ, անցկացվել են բաց դասեր՝ արդի մեթոդների գործնական կիրառմամբ:

– Ալմելոյում և Ամստերդամում ի՞նչ խմբերի հետ էիք աշխատում:– Ալմելոյի դպրոցն ուներ աշակերտների հինգ տարիքային խումբ, որոնցում սովորում էին և՛ արևելահայեր, և՛ արևմտահայեր: Քանի որ խմբերում առկա էին գրական երկու լեզվով խոսող սաներ, ուստի միևնույն դասին պարտադիր երկու ուսուցիչ էր աշխատում նրանց հետ՝ արևելահայերենին և արևմտահայերենին տիրապետող ուսուցիչները: Այդ մոտեցումը շատ օգտակար էր: Հայերենի երկու ճյուղին տիրապետող մասնագետները համախոհ էին, այս առումով որևէ դժգոհություն չնկատեցի: Ունեին նաև հոլանդախոս մեծահասակների և փոքրերի ևս մեկական խումբ, որոնք նոր էին ուսումնասիրում հայերենը:Վերապատրաստումները հագեցված էին մեթոդական նորարարական գործընթացներին համահունչ դասերով, քննարկումներով, որի արդյունքում գործնականի ու տեսականի հետաքրքիր համադրությամբ գոհացուցիչ արդյունք ունեցանք:Դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը, քաղաքի հայ համայնքի նախագահ Օնիկ Գելեջին և եկեղեցու երիտասարդ ու հայրենասեր քահանա տեր Մաշտոցը հոգացել էին մեր՝ այնտեղ գտնվելու և դասերն արդյունավետ կազմակերպելու բոլոր կարիքները:Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են նաև համայնքի տարբեր անդամներ, և այն ուսուցիչները, ովքեր նախկինում աշխատել էին դպրոցում: Մեծահասակների խմբում ընդգրկված էին մինչև 60 տարեկան համայնքի անդամներ: Այս խումբը արդեն նախորդ ուստարում  սովորել էր գրել-կարդալ, և կրկին եկել էին դասերի՝ ավելի խոր գիտելիքներ ստանալու: Նրանց խմբի հետ մեր կողմից իրականացվեցին հայագիտական դասախոսություններ  և այլ  նպատակաուղղված աշխատանքներ:Ի դեպ, բոլոր ուսուցիչները մեծ սիրով էին մասնակցում դասերին: Մենք զարմացած էինք նրանց հայրենասիրական մղումներից, քանի որ նրանք իրենց աշխատանքից դուրս, երբեմն՝ ուրիշ քաղաքներից, գալիս էին դպրոց և աշխատում էին անվճար:Մեկ օր էլ աշխատեցի  Ալմելոյի հայկական դպրոցի աշակերտների համար: Նկատեցի, որ նրանք հայերեն սովորում են միայն դպրոցում: Ցավալի է, որ ընտանիքում ծնողները ո´չ միշտ են օգնում իրենց երեխաներին՝ ամրապնդել այն, ինչ սովորել են դպրոցում (պատճառը կամ հայերեն չիմանալն էր, կամ զբաղվածությունը): Վերջինս էլ պատճառ է դառնում, որ նրանք կամաց-կամաց հեռանան իրենց արմատներից: Կարծում եմ՝ ծնողներն այս հարցում պետք է սրտացավ լինեն: Առհասարակ, մեր ուշադրության կենտրոնում հոլանդերեն խոսող այն երեխաներն էին, որոնք թեև ծնվել էին Հոլանդիայում, սակայն որոշել էին հայերեն գրել և կարդալ սովորել՝ արմատներին վերադառնալու նպատակով:Իսկ Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցում շենքային պայմանները լավ էին, սակայն համապատասպան ծրագրերի ու դասագրքերի խնդիր կար, որը կարծում եմ՝ ժամանակի ընթացքում լուծում կստանա:Դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը բազմաթիվ մտահղացումներ ուներ, որոնց լուծումը քայլ առ քայլ իրականացնում էր՝ օգտագործելով տեղի հայ համայնքի բարեհաճությունից:Մի քանի խմբում դասալսումներ կատարեցինք, քննարկումներ և մեթոդական օգնություն տվեցինք, ապա ուսուցիչների համար մեկօրյա վերապատրաստում  և դասախոսություն անցկացնելուց հետո, կրկին վերադարձանք Ալմելո:

– Բացի վերապատրաստման դասընթացներից, այլ նախաձեռնություններով հանդես եկա՞ք:– Մեր, դպրոցի տնօրենի և ուսուցիչների ջանքերով Ալմելոյում կազմակերպվեց երկու միջոցառում՝  նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին: Այս միջոցառումների կազմակերպման գործում Արման Մալոյանն էր հատկապես ծանրաբեռնված:Պետք է ասել, որ անուրանալի է Ալմելոյի հայկական եկեղեցու հոգևորականների տեր Մաշտոցի, տեր Արմենի ջանքերը՝ համայնքային կյանքը ծաղկուն պահելու և տեղի հայերին եկեղեցու շուրջ համախմբելու  ուղղությամբ:Իսկ հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու գործում մեծ դերակատարում ունեն դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանը և ուսուցիչները, ովքեր այնքա՜ն մեծ  նվիրումով ու հոգատարությամբ էին  աշխատում, որ գնահատանքի են արժանի:

–Տիկի՛ն Թովմասյան, համագործակցության հետագա զարգացում սպասվու՞մ է, քննարկումներ
եղե՞լ են այս ուղղությամբ:– Այո՛: Ալմելոյի համայնքի նախագահ Օնիկ Գելեջիի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք` երկու տարին մեկ այդպիսի վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ: Միգուցե այդ ժամանակ դպրոցի շենքն  արդեն կառուցված կլինի, (այսօր դասերն անցկացնում են եկեղեցում), և մենք կկարողանանք նոր, ավելի հարմարավետ պայմաններում հանդիպումներ կազմակերպել և զինել ուսուցիչներին նորվի դասավանդման կարողություններով և հմտություններով:Ամփոփելով՝ ասեմ, որ առաջիկա վերապատրաստումների ընթացքում սփյուռքի և ԿԳ նախարարությունների նպատակը պետք է լինի ավելի շատ գործիմաց և արհեստավարժ մասնագետներ գործուղել, տեղերում գնահատել կարիքը և համապատասխան առաջարկների հիման վրա լուծումներ տալ օրեցօր արմատներից հեռացող մեր հայրենակիցներին հայեցի կրթելու ու դաստիարակելու գործում:

Զրուցեց Գևորգ  Չիչյանը

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.