Ճի՞շտ է լուծարել սփյուռքի նախարարությունը

Նիդերլանդահայերը կողմ են կառույցի պահպանմանը և նորացմանը

Հայաստանյան մամուլից տեղեկանում ենք, որ կառավարության համակարգում առաջիկայում տեղի են ունենալու  լուրջ փոփոխություններ` 17 նախարարություններից մնալու է 12-ը։  Խոսքը նաև սփյուռքի նախարարության լուծարմանն է վերաբերվում, որն ստեղծվել է 2008թ. հոկտեմբերի 1-ից և փաստացի գործում է  տասը տարի։  Սա շատ բարդ ու ոչ խրթին հարց է:  Նախարարությունը լավ թե  վատ  աշխատանք է կատարել, դրվել է հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հիմքերը, լավ տեղեկատվական ու աշխատանքները համակարգելու բազա է ստեղծվել, արտասահմանյան բազմաթիվ հայկական կառույցներ ինտեգրվել ու նախարարության  միջոցով կապվել են ինչպես մեկը մյուսի, այնպես էլ մայր հայրենիքի  հետ: Հիմա եկել է այդ կապերն ավելի խորացնելու ու նորովի գործելու ժամանակը,  ուստի  վաղաժամկետ է այս նախարարության լուծարումը: Հարկ չկա այս դաշտը  վերափորձարկելը` փնտրտուքների ու վերաձևությունների մեջ մտնելը: Չասենք` թե քանի միլիոն  հայություն  կա դրսում և ով, եթե ոչ հավաքական մի գերատեսչություն  պետք է ներկայացնի uպասարկի նրանց:
Այս առնչությամբ ահա թե ինչպիսի կարծիքներ հայտնեցին նիդերլանդահայ համայնքի որոշ գործիչներ.

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ.  Հայաստանի Առևտրի և Արդյունաբերական պալատի գործարար կանանց միության ներկայացուցիչ, Հոլլանդ-Արմենիա բարեգործական միության հիմնադիր նախագահ, թարգմանչուհի, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն.

«Հասկանում ենք, որ երկրում  այնքան շատ կարիքներ կան, որ նոր կառավարությունը ստիպված է գնալու կադրային կրճատումների: Վատ չէր լինի, որ  նախարարությունը պահպաներ իր անունն ու գոյությունը, բայց թեկուզ  փոքրաթիվ թիմով  հասներ  արմատական փոփոխությունների, գործեր կենսունակ ու նպատակասլաց:

ՎԱՀԱՆ ԱՎԱԳՅԱՆ. Ամստերդամի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախագահ:

«Չեմ կարծում, որ  պետք է փակել. ուղղակի արժե ձևաչափային փոփոխություններ կատարել` վերափոխել այլ կառույցի/ծառայության, որի առջև  հստակ կենտրոնացված ու նպատակասլաց խնդիրներ ու պահանջներ դրվեն կատարելու: Գործող ֆորմատում գերակշիռ է  անորոշի ու ձևականի բախկացուցիչը` նախարարությունը դարձնելով ավանդական հրչակագրերի պարբերական հրապարակման  մարմին,  առանց որևէ լուրջ նվաճումների: Մեր երկրում տեղի ունեցած հեղափոխական փոփոխություններից հետո համարում եմ, որ Հայաստանի հասարակական կյանքի մեջ այդպիսի կառույցը պիտի առաջին հերթին կենտրոնանա սփյուռքի ներկայացուցիչերի, առավելապե’ս երիտասարդության ակտիվ ներգրավման վրա, որ  «մեկ երկիր` մեկ ազգ» հասկացությունը դառնա համահայկական մի հայեցակարգ:

ՄԱՐՈ ԿԱՐՅԱՆ. Դեն Բոս քաղաքի Կոմիտաս հայ համայնքի ղեկավար.

«Կողմ եմ նախարարության պահպանմանը և արմատական բարեփոխումներին: Կուզեի յուրաքանչյուր հայ համայնք տեղում իր ներկայացուցիչն ունենար ու հաշվետու լիներ կառույցին»:

ԼԵՎՈՆ ՍԱՐԳԻՍ.  Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու  ծխական խորհրդի և «Անի» Հայ Համայնքի  ատենապետ.

«Սփյուռքի նախարարությունը լուծարելը ծայրահեղ քայլ է, այլ բան է նախարարության կառուցվացքը վերազինելը և նրան համայնքների թիկունքում կանգնած տեսնելը: Սա լուրջ  կառույց է, որ միշտ բարոյական ու նյութական առումներով աջակից է եղել սփյուռքին ու հայրենիքին: Ընդհակառակը` լուծման կարոտ շատ հարցեր կան, որ պետք է համատեղ մշակվեին, առաջ քաշվեին  ու օրակարգային դառնային»:

ՍՎԵՏԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «Միացյալ հայերը հոլանդիայում» միության նախագահ, Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների հարթակի հիմնադիր, Նայմեխենի ՎԱՆ հայկական դպրոցի տնօրեն.

«Համամիտ լինելով նոր կառավարության բարեփոխումների ծրագրերին, այնուհանդերձ կուզեի, որ սփյուռքի նախարարությունը պահպանվեր: Հրաշալի հուշեր կան: Մի քանի նախարարություններ ունեն սփյուռքին վերաբերվող բաժիններ, կարելի է դրանք միացնել ու արդիականացնել սփյուռքի նախարարության աշխատանքը: Հակառակ պարագայում, մի քանի նախարարությունների հետ դժվար  կլինի կենտրոնացնել ու համատեղել ջանքերը»:

ՄԱԹՈ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և Հաագայի ԱԲՈՎՅԱՆ մշակութային միության նախագահ.

«Իմ կարծիքով, նախարարությունների կազմը և ձևաչափը որոշում է տվյալ երկրի կառավարությունը, ելնելով կառավարության կազմի արդյունավետությունից։ Նիդերլանդներում ամեն մի կառավարություն կատարում է նախարարությունների նոր վերակազմավորում։ Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարությանը, հապա դա կարող է լինել ԱԳՆ-ի կազմում որպես գերատեսչություն կամ մի այլ ստատուսով։ Վերջիվերջո սփյուռքի հետ կապը պահպանվում է ՀՀ դեսպանությունների միջոցով և ՀՀ դեսպանները անմիջական կապի մեջ են տվյալ երկների հայկական կառույցների և հայերի հետ։ Սփյուռքի նախարարությունը համատեղելով ԱԳՆ-ի կազմում չի խանգարելու համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ և կրճատելու է կառավարության ծախսերը, ինչը ներկա իշխանությունների առաջնային նպատակներից է»։

Կարծիքներից ակնառու է, որ սփյուռքին կենտրոնական կառույցն անհրաժեշտ է:  Թե ինչ ձևաչափով այն կգործի` դա  կառավարության որոշելիքն է:Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ չէր խրախուսվում արտասահմանի հետ ունեցած ներանձնային  ու պետական կապերը` Խորհրդային Հայաստանը, կառավարությանը կից ունեցել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե: ՈՒնեցել ենք արտասահմանի հայությանն սպասարկող ռադիոհաղորդումներ, գործել է  «Հայրենիքի ձայն» թերթը: Ինֆորմացիոն այս լրատվամիջոցները  սփյուռքահայ ընթերցողին հաղորդակից են դարձրել Հայաստանի տնտեսական և մշակութային նվաճումներին, լուսաբանել են  պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Հիմա ավելի, քան արդիական ու ստրատեգիական նշանակություն ունի ուժեղ սփյուռքի կենտրոնացված գերատեսչություն ունենալը:  Սա ավելի շատ  պետք է լինի գաղափարական, քարոզչական կառույց, նպաստի հայապահպանության  հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը, հայկական դպրոցների օժանդակմանը: Այժմ այլ մարտահրավերներ են նետված, սփյուռքն ավելի է ստվարացել, մեծացել է նրանց համախմբման խնդիրը, Հայոց Ցեղասպանության ճանաչման, թուրքական ժխտողականության ու ադրբեջանական քարոզչամեքենայի դեմ պայքարում պետք է հանդես բերենք կենտրոնացված մոտեցում  ու դիրքորոշում,  բռունցքվենք ու գործենք միասնական  ճակատով:

Իհարկե, մենք վստահում ենք կառավարության բարեփոխումներին և վերջնական որոշումը նրանցն է, այնուհանդերձ սա լուրջ, շատ լուրջ հարց է, որ  պետք է դրվի կշեռքի նժարին:

«Նիդերլանդական օրագիր»

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.