ԵՐԲ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 75-ամյակը, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԵՍԵԼ

Կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը` տարեմուտի
մասին իր ունեցած խոհերով

ԵՍ ՉԳԻՏԵՄ
Տարին անցավ, ես չգիտեմ
Ցավը տարա՞վ , թե մնաց
Տարին անցավ, բայց հաստատ է՝
Տխուր հուշեր շատ մնաց...
31.12.1991. Երեւան

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՀԵՐ
Տարին անցավ.
Չգիտեմ ինչից սկսեմ: Անցավ փոփոխակի տրամադրություններով, ուրախ եւ ոչ հաճելի դեպքերով, (հասկանում եմ՝ կյանք է, իր դրական ու բացասական երեւութներով,այլապես միապաղաղությունը կարող է եւ բթացման պատճառ դառնալ)...
Այս`արդեն անցնող տարին, մեր ընտանիքի համար հոբելյանական էր՝ փոքր թոռս, Ալենը, դարձավ 10, մեծ թոռս՝ Նուբարը, 25 տարեկան, նրա հայրը (տղաս) Արմենը՝ 50, դուստրս՝  Լուսինեն՝ 45, տիկինս՝ 70 (աչքիս ոնց որ երկու  35 լինի...), դե ես էլ՝  Նուբար Ասլանյանս 75 տարեկան, որով էլ թակեցի ծերության դուռը՝ «Հե՜ յ ,ո՞վ կա այնտեղ»...
Տարին նշանավոր էր Հանրապետական կուսակցության տապալումով, (թեև նրա առանձին անդամներ ջանքեր թափեցին այն կենդանացնելու համար:  Իմ կարծիքով այս կուսակցության մանևրումները վտանգավոր էր  ժողվրդավարության  համար: Իմ կարծիքով Փաշինյանը պիտի հենց առաջին օրերից կոշտ դիրքորոշում հանդես  բերեր այս  կուսակցության նկատմամբ: Ինչեւէ, հաղթեց ժողովուրդը` իր հույսերով, հույզերով ու սպասելիքներով: Անտարակույս, հետո բողոքավորներ  էլ  կլինեին, դա բնական է՝  յուրաքանչյուր փոփոխություն չէ, որ արդարացնում է  բոլորի սպասելիքները: Հարցը նրանում է`ԱՐԴՈ՞Ք բոլորիս ցանկությունները (զանազան ու բազմաշերտ)միանգամից պիտի իրականանային: Կարծում եմ վերջին 20-25 տարիների հիշողության  պակաս չկա, խայտառակ տարիներ, որ նսեմանալով սպասել ենք դրական տեղաշարժերի...
Հիմա չե՛նք ուզում սպասել, էլ չեմ ասում,կատարված ադմինիստրատիվ փոփոխություններն էլ սվիններով ենք դիմավորում: Միթե՞ վատ է,որ Շվեցարիան ունի 8թե 9 նախարար,կամ Ուրուգվայի Նախագահը բժշկի մոտ ընդհանուր հերթի է սպասում...դրանք խելք չունե՞ն... ԻՆՉԵՎ Է,հուսով եմ առանց իմ հուշելու էլ ամեն բան կկարգավորվի, համենայնդեպս՝ ՈՒԶՈՒ՜Մ    ԵՄ...


ՀԻՄԱ՝ ԱՆՁՆԱԿԱՆ
Որպեսզի խոհերիս մեջ ազնիվ լինեմ՝ տխուր եմ:  Մասնագիտության նկատառումներից ելնելով կպատմեմ  իմ մասին: Այս տարի Իսրայելում իմ  մասնակցությամբ եղան երեք տարբեր կատարումներ: Հետաքրքրական է, որ  նույնքան անգամ էլ  Իսրայելի տարբեր  ուսումնական հաստատություններում ուսանողները պետական քննություններին իրենց կամքով ընտրել ու կատարել են իմ  ստեղծագործությունները: Բռավո, նրանք բոլորն էլ ստացել են ամենաբարձր՝ 100 նիշը: Այդ մասին ես շատ ուշ տեղեկացա, այն  հաճելի անակնկալ ու լավ գնահատական էր: Շնորհակալ եմ Իսրայել  պետությանը՝  նաև նրա  համար, որ գնահատելով արվեստը` կազմակերպել է իմ ծննդյան հոբելյանական 60,70 եւ 75 ամյակների  միջոցառումները....
Անկեղծ եմ ասում` երազում էի , որ 75 ամյակս  ավելի շատ տոնվեր ոչ թե միայն Իսրայելում, այլ Հայաստանում, քանզի հայ հանդիսատեսին ասելիք  ունեի: Միայն չասեք մեծամտություն է` «Թան էլ չէ,փռթած մածուն», կամ թե` «էլ ինչ կուզեիր», կամ էլ` «սոված հավը երազում գարի է տեսնում»...Ինչ կուզեք ասեք,մարդ եմ, իրավունք ունեմ, մանավանդ, փառք Աստծու   ներկայանալու ԲԱՆ կար Հայաստանի ժողովրդին: Այն, ինչ կատարվեց հիասթափության թեմայից է: Ինձ անտեսեցին թե Կոմպոզիտորների Միությունը(ԿՄ),թե Մշակույթի նախարարությունը , եւ թե ՀԱՖՆ-ը: Ասեմ ավելին,  զավակներս ինձ անակնկալ մատուցելու համար դիմել էին ՀԱՖՆ-ի (Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախումբ) տնօրինությանը (առանց իմ գիտության) խնդրելով  իրենց  ծախսերով վճարել ու կազմակերպել հոբելյանական համերգը: ՈՒ ի՞նչ...Մերժեցին: Շատ ժամանակ մշակութային  միջոցառումներ  չեն կայանում ֆինանսական նկատառումներից ելնելով: Ի՞նչ անուն տալ այս  դեպքում...
Կար ժամանակ, երբ որոշ իշխանավորների կողմից, ես կասեի դիտավորյալ, ցավեցնելու համար Հայաստանից մեկնողների հասցեին  շրջանառում էր  ԼՔԵԼ բառը, նպատակը՝ Սեպ խրել արտագաղթողների (Սփյուռքի)եւ «հայաստանցիների» միջեւ: Ցավոք,մեծ մասի մոտ հասկացողություն չկա զանազանելու «ապրել» եւ «բնակվել» բառերը ու  խորանալ դրա նշանակության մեջ: Պետք է օղ լինի այդպիսիների ականջին, որ մարդ կարող է բնակվել անապատում, բայց  ԱՊՐԵԼ Հայաստանով, եւ ճիշտ հակառակը՝  ԲՆԱԿՎԵԼ Հայաստանում, բայց ՉԱՊՐԵԼ նրանով: Հավատացնում եմ,  իմը՝ առաջին դեպքն է,որը սակայն(կարծում եմ)չի ընդունվում կամ  գիտակցվում պետական մարմինների կողմից(այ,էստեղ էլ ես կասեմ՝  ՀԱԼԱԼ ԼԻՆԻ ՁԵԶ): Մի խոսքով ինձ «տշեցին», Հայաստանում հոբելյանական համերգ չկայացավ, ոչ մի խոսք, ցերեկույթ, երեկույթ  75 ամյակիս մասին:
ՈՉ ՄԻ: (Նար Դոսի ասած «նրանք վերեւն էին,ես՝ ներքեւը»)...
Այնուհանդերձ ամեն  բան այնպես չավարտվեց, ինչպես նախատեսել էին:  Տերը նկատեց այս բոլորը եւ ինձ մխիթարելու համար կազմակերպեց իմ երեք ստեղծագործությունների կատարումը, ԸՆԴ ՈՐՈՒՄ, երաժիշտները,որոնց ես ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ընտրել էին իմ ստեղծագործություններն ԸՍՏ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅԱՆ: Արդ,շնորհակալ եմ նրանց՝ Գ.Աճեմյանի անվան պատանի ջութակահարների համույթին (գեղ.ղեկավար Աննա Աճեմյան)կատարեցին մորս նվիրված «ԷԼԵԳԻԱ»ն, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի(ոչ ՀԱՖՆ) փայտյա փողային կվինտետի երաժիշտներին՝ կատարեցին հեղինակածս «ՍԱՐԵՐՈՒՄ» Սյուիտը, եւ Օպերայի,բալետի նվագախմբի պղնձյա փողային կվինտետին՝ կատարեցին երկու մասից բաղկացած «ԶԱՐԹՈՆՔ» ստեղծագործությունս: Ի դեպ,թե պատանի ջութակահարների, եւ թե պղնձյա փողային կվինտետի կատարումը նվիրել էին 75 ամյակիս.... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Շնորհակալ եմ նաեւ Հայֆայի քաղաքապետարանին,որ արդեն երրորդ տարեթիվն է,որ նշում է հոբելյանական համերգով(60,70,75),իսկ ամենագլխավորը այն հաճելի անակնկալն էր,որ Տերը պարգեւեց ինձ՝ Իսրայելի մշակույթի նախարարությունը պատվիրեց ինձ գրելու Տրոմբոնի եւ նվագախմբի համար նոր(թիվ 2)կոնցերտը(Առաջին կոնցերտը կատարվել է 2014թվին,Երեւանում,Իսրայելի մենակատարի եւ դիր. Էդ. Թոփչյանի կատարմամբ):Թիվ 2 Կոնցերտի պրեմիերան կկայանա 24 եւ 25 փետրվար, 2019-ին,Հայֆայի Սիմֆոնիկի եւ նույն մենակատար տրոմբոնիստի կատարմամբ: Հրավիրում եմ:

ԱՄՓՈՓՈՒՄ
Ահա այսպիսին էր տարին:
Շնորհավորում եմ Հայաստանում ինձ չհիշող գերատեսչությունների Նոր տարին` ցանկանալով ամենայն բարիք,  լավ իմացեք՝ չնայած իմ հանդեպ ձեր անտարբերության, այստեղ,Իսրայելում,ԲԱՆԵՐ կան,որոնք անմիջականորեն կապված են Հայաստանի եւ նրա միջազգային հեղինակության հետ,ԲԱՆԵՐ,որ դուք, պարոնայք ինձ անտեսողներ,չեք կարող անել,իսկ ես անում եմ,ոչ ձեզ համար,այլ Հայաստանի, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ...
Լավ մնաք....

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ
(Նիդ.օրագրի համար)
Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ
25.12.18 Հայֆա,Իսրայել

Երևան 2014թ.Տրոմբոնի 1-ին կոնցերտի կատարումից հետո:

Կորեայում կայացած փառատոնում Ն.Ասլանյանի
«Բերքի տոն» կանտատիցհետո (կատարող,Լեհաստանի
ռադիոյի երգչախումբ 2009թ)

Լեհ հանրահայտ կոմպոզիտոր Քշիշտոֆ
Պենդերեցկին (տատը հայ է) Նուբար Ասլանյանի հետ
Թել Ավիվում`կայացած համերգի ժամանակ (2010թ  )

Նուբար Ասլանյանը և Էդվարդ Թոփչյանը
(06.11.17թ)`ՔԱՌԱՁԱՅՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՒ
ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՎԾ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»
Պոեմի կատարումից հետո:

Նուբար Ասլանյանը Իսրայելի հանրահայտ Ֆիլհարմոնիկ
նվագախմբի առաջին շեփորահար Ռամ Օրենի հետ` Կոնցերտինի
կատարումից հետո, Թել Ավիվ, պետական թանգարանի
սրահում (2013թ):Ի դեպ նույն Ռամ Օրենը 2015-ին եՐԵՒԱՆՈՒՄ,ՀԱՖՆ-ի
հետ նվագեց ցեղասպանությանը նվիրված Ն.Ասլանյանի «Սիփանա քաջեր»
կոնցերտ պոեմը:

Ն. Ասլանյանը և Տիգրան Մանսուրյանը` 4-րդ լարային կվարտետի
կատարումից հետո (2015թ.)

2015թ. Երեւան,ֆիլհարմոնիկ դահլիճ: Ն.Ասլանյանը տիկնոջ հետ:
Քիչ հետո կատարվելու է ցեղասպանությանը նվիրված «Սիփանա քաջեր»
կոնցերտ պոեմը:

Նուբար Ասլանյանը ընտանիքի հետ (2013թ) Տիկնոջ, որդու,
դուստրի` նրանց ամուսինների և երեք թոռների հետ:

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆԸ Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ է: Ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում 1943 թվականին: Ավարտել է Երևանի (Հայաստան) Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝  Գրիգոր Եղիազարյանի (1973թ) ղեկավարությամբ: Ւսրայելում է` 1994 թվականից:  Ստեղծագործում է երաժշտության տարբեր ժանրերում՝ մենանվագ, վոկալ (երգչախմբային), կամերային, փողային և սիմֆոնիկ նվագախմբերի միջոցով: Մոռացված չէ նաեւ երաժշտությունը մանուկների համար: Ն. Ասլանյանին բնորոշ է նաև «ծրագրային» երաժշտությունը: Այն հետևանքն է մեզ շրջապատող իրադարձությունների և երևույթների.օրինակ՝«Նա գնաց» -երգ Իցխակ Ռաբինի հիշատակին(1995), Սոնատ մենանվագ թավջութակի համար «ԷՆՏԵԲԲԵ-20» Յոնի Նետանիյահուի հիշատակին (1996),«ԴԻՄՈՒՄ»՝ մենանվագ Ալտի համար,նվիրված լիբանանյան երկրորդ պատերազի անմեղ զոհերի հիշատակին(2006), ԿԱՆՏԱՏ «a cappella» խառը երգչախմբի համար «ԲԵՐՔԻ ՏՈՆ» (1982), նո.2 ԼԱՐԱ ՅԻՆ ՔԱՌՅԱԿ (1971-2001) նվիրված ծնողների՝ Աբրահամ եւ Եսթեր Ասլանյանների հիշատակին, ԿՈՆՑԵՐՏԻՆ Շեփորի և Լարային նվագախմբի համար (1977) նվիրված որդուն՝ Արմեն Ասլանյանին (առաջին կատարող) , «ՔԱՅԼԵՐԳ –ՊՈԵՄ» Փող. Նվագախմբի համար նվիրված տեռորի դեմ մարտնչողներին(2000),«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»՝ գրված(1990)խառը երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար,նվիրված արցախյան ազատամարտիկներին, եւ այլն.... Երբեմն կոմպոզիտորը իր ծրագրային ստեղծագործություններում օգտագործում է ժողովրդական երգեր-մեղեդիներ, որոնց բնույթը , խորությունն ու բովանդակությունը համընկնում են գրված ստեղծագործության հետ՝«ակտուալ» են : Եվ այս ներդիր մեղեդիների մշակումները ներդաշնակ են 20-րդ դարի երաժշտական ոգուն: Համոզիչ օրինակներ՝ Նո.3 Լարային ՔԱՌՅԱԿԸ(1996),«ՀԱՅԱՍՏԱՆ 1988-19993» և Դաշնամուրի ՍՈՆԱՏԸ (1993)-որոնք արձագանքն են 1988թվի աղետալի երկրաշարժի և հետ «վերակառուցման»( perestroika) ժամանակաշրջանի: Կամ էլ ՍՈՆԱՏԸ Ֆլեյտայի եւ Հոբոյի համար «Քելե լաօ, քելե էրթանք մըր էրկիր» նվիրված Շառլ Ազնավուրին եւ Քըրք Քըրքորյանին(1977),«ՍԱՐԵՐՈւՄ» Սյուիտը՝ Փայտյա փողայինների եւ դաշնամուրի համար (2001),նվիրված Իսրայելում Հայաստանի Պատվո Հյուպատոս պ-րն Ցոլակ Մոմջյանին ,նաեւ Քայլերգ-Պոեմ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» փող. Նվագախմբի համար (1965)-նվիրված 1915 թվին Թուրքիայում Հայերի Ցեղասպանության Զոհերի Հիշատակին,«ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»Փողի եւ նվագախմբի համար գրված Կոնցերտ պոեմը նվիրված Ցեղասպանության 90 ամյակին,փայտյա փողային քառյակի համար գրված«Պոեմ Էլեգիա» Հրանտ Դինքի հիշատակին(2007)... Նուբար Ասլանյանին բոլորից շատ հոգեհարազատ են կոմպոզիտորներ ԲԵԹՀՈՎԵՆԸ, ՄԱԼԵՐԸ, ՇՈՍՏԱԿՈՎԻՉԸ եւ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ: Ն. Ասլանյանը բնակվում է իր ընտանիքով Հայֆայում, « SEPTIMA» երաժշտական ընկերության ակտիվիստ է եւ նպաստում է իսրայելյան երաժշտության առաջընթացին: Նրա ստեղծագործությունները հնչել են՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավսլավիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Շվեդիայում, Շվեցարիայում, Հարավ.Կորեայում(ACL 9) Գերմանիայում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններում, Իսրայելում, Հայաստանում եւ այլն:
Նրա մասին տեղեկություններ կարելի է գտնել այցելելով Իսրայելի կոմպոզիտորների միության կայք
http://www.israelcomposers.org/Members.aspx?lang=English&letter=A&id=126

Բացի երաժշտական կյանքից, Նուբար Ասլանյանը նաև Իսրայելի հայ  համայնքի ակտիվ անդամ է, և հաճախ է մասնակցում ներհամայնքային աշխատանքներին, նպաստում ազգանպաստ ձեռնարկներին:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.