Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և այնտեղ տեղի ունեցած միջոցառումների մասին


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաջին հայկական աղոթատեղին չէր Ալմելոյի հայերի համար։ Մինչ եկեղեցու կառուցումը տեղի հայերը 1992 թվականից աղոթքների էին մասնակցում և պատարագներ մատուցում մի հին դպրոցում, որ ձևափոխել, օծել և դարձրել էին եկեղեցի:
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնադրել են Ալմելոյի հայերը, որոնք իրենց ընտանիքներով հաստատվել են Ալմելոյում 1966 թվականից ։ Եկեղեցու շինարարությունն ու հիմնարկեքը սկսել են 2003 թվականի մայիսից և ավարտին հասցրել ու օծել 2003 թվականի նոյեմբերի 29-ին` ձեռամբ Տեր Գյուտ Արքեպիսկոպոս Նագաշյանի, Հոգևոր հովվությամբ`Տեր Խաչատուր Ավագ քհնյ. Ֆրանգյանի:
Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր ճարտարապետությամբ նման է հայ ավանդական եկեղեցիներին ։ Եկեղեցուն կից կառուցված է նաև Գալուստ Գյուլբեկյանի անունը կրող միջոցառումների սրահ: Եկեղեցու բակում կա Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված երկու հուշարձան, առաջինը հիմնադրվել է 2003 թվականին 1 խաչքարով, երկրորդը՝ 2014 թվականին, Հայաստանից բերված 16 խաչքարերով:

Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշհամալիրի մուտքի հուշաքարը
2003 թ. նոյեմբերի 29-ից ցայսօր Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին իր տանիքի ներքո է հավաքում օտար հողում ապրող իր զավակներին: Ալմելոյում և շրջակայքում այսօր ապրում են շուրջ 6000 հայեր։

Սույն թվականի հունվարի 4-7-ը Ալմելո այցելեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում՝ Հռոմի Սուրբ Աթոռում Հայաստանյաց եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը: Այդ մասին ջերմորեն արձագանքեց սփյուռքի հայ մամուլը:

Լուսանկարում` ձախից Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը

Գերաշնորհի այցն ընթացավ հագեցած օրակարգով և օգտակար հանդիպումներով:
Հունվարի 4-ին Խաժակ Սրբազանը հանդիպում ունեցավ Ալմելոյի եկեղեցական խորհրդի և Հոլանդիայի տարբեր քաղաքներում գործող հայ եկեղեցական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը տեղեկացավ տարբեր համայնքներում ծավալվող գործունեությունների, ձեռքբերումների, հաջողությունների, ծրագրերի ու մարտահրավերների մասին և հույս հայտնեց, որ առաջիկայում առավել կազմակերպված և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել մեր եկեղեցու դեմ ծառացած դժվարություններն ու նորանոր հաջողություններ կգրանցենք եկեղեցական մեր կյանքում` ի փառս մեր ժողովրդի, մեր պետության և Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցու:
Հունվարի 4-ի երեկոյան Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Գալուստ Գյուլբեկյան սրահում Սրբազան Հորը ողջունեցին և բարի գալուստի խոսքեր ասացին Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Ծխական Խորհրդի ատենապետը և Հոգևոր հովիվը (Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյան, ատենապետ՝ Օնիկ Գելիջի), որից անմիջապես հետո եկեղեցու  «Սբ. Մեսրոպ Մաշտոցի» անվան կիրակնօրյա դպրոցի սաները բեմադրեցին Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան հանդեսը (տնօրեն՝ Սվետլանա Անդրեսյան): Իրենց գեղեցիկ երգեցողությամբ երեկոն առավել գեղեցկացրին եկեղեցու «Գեղարդ» երգչախումբը (խմբավար՝ Նելլի Արմենյան): Միջոցառմանը ներկա էր նաև եկեղեցու հովանու ներքո գործող «Զարթոնք» պարային համույթը, որի սաները կատարեցին հայկական գեղեցիկ պարերի շարան (պարուսույց՝ Լիլիթ Եղիազարյան): Միջոցառումը ավարտվեց հաճելի և համեղ ճաշկերույթով,որին ներկա էին վերոնշյալ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև սարկավագաց ու դպրաց դասերը, եկեղեցու կամավորների խումբը և Հայոց Ցեղասպանության Հուշարձանի պահպանման կոմիտեի անդամները: Երեկոյի սիրո սեղանի համեղ ուտեստները պատրաստել էր եկեղեցու Տիկնանց միությունը: Երեկոյի ավարտին Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին և հորդորեց շարունակել միասնական ջանքերով առաջ տանել հայապահպանության և եկեղեցաշինության նվիրական գործը:
Հունվար 5-ին Սրբազան Հայրը Ալմելոյի Ծխական Խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջիի ուղեկցությամբ այցելեց և իր օրհնությունը տվեց Ալմելոյում առաջինը հաստատված հայ ընտանիքներից ոմանց:

Լուսանկարում` Ալմելոյի Ծխական Խորհրդի ատենապետ Օնիկ Գելիջին (աջից առաջինը) Գերաշնորհ տերերի և հոգևոր հովիվ  Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանի հետ:

Պատարագին ներկա էր և իր խոսքն ասաց Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանը

Հունվարի 5-ին ժամը 17:00-ին Սրբազան Հայրը մասնակցեց Սբ. Ծննդյան Ճրագալույցի Սբ. Պատարագին, որին ներկա էր նաև Նիդերլանդներում ասորի  ուղղափառ եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Պողիկարպոս Արքեպիսկոպոսը: Պատարագը մատուցեց Ալմելոյի Հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանը: Պատարագին ներկա էր նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանը: Պատարագին ներկա էին հարյուրավոր հայ հավատացյալներ, որը մեծ ուրախություն պատճառեց Սրբազան Հորը:
Նույն օրը երեկոյան՝ պատարագից հետո Խաժակ Սրբազանը հանդիպում և ճաշկերույթ ունեցավ Ալմելոյի եկեղեցական խորհրդի ներկա և նախկին անդամների, Գերաշնորհ Պողիկարպոս Արքեպիսկոպոսի, ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանի, Տեր Խաչատուր Ավագ քհնյ. Ֆրանգյանի, Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանի և Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը և զարգացմանը նպաստած տասնյակ հայորդիների հետ:
Հունվար 6-ին Սրբազան Հայրը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տօնին Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ալմելոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում : Որպես առընթերական Գերաշնորհ Սրբազան Հորը սպասավորեց Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մաշտոց քհնյ. Բաղդասարյանը: Հավարտ պատարագի Սրբազան Հայրը կատարեց նաև Ջրօրհնյաց արարողություն: Երկու օրերի Սուրբ Պատարագներին Տիրոջ Սուրբ Ծննդյան Ավետիսին հաղորդ եղան շուրջ 3 հազար հավատացյալ հայորդիներ:

Ալմելոյում տեղի ունեցող միջոցառումներին արձագանքեց սփյուռքի մամուլը: Մի ամբող էջ լուսաբանմանբ հանդես եկավ «Պայքար» շաբաթաթերթը, որն ի դեպ համագործակցում է «Նիդերլանդական օրագրի» հետ:
Մեծ էր եկեղեցու հավատացյալների ուրախությունն ու ոգևորությունը Գերաշնորհ Խաժակ Սրբազանի հետ անմիջական շփման, Հայրական սիրո և ուշադրության շնորհիվ:
Պատարագից հետո Սուրբ Ծննդյան ճաշկերույթը կայացավ եկեղեցուց դուրս, Սրբազան Հոր, Հայաստանի մեծարգո դեսպանի և եկեղեցու կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ՝ տոնական մթնոլորտում:
Հունվարի 6-ի երեկոյան Սրբազան Հայրը իր օրհնությունն ու Տիրոջ Սբ. Ծննդյան Ավետիսը փոխանցեց Հ.Մ.Ը.Մ. և Հ.Բ.Ը.Մ. միությունների կազմակերպած տօնական խրախճանքին ներկա հայորդիներին:
Սրբազան Հոր քառօրյա այցելությունն ավարտվեց հունվար 7-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեռելոցի հոգեհանգստյան կարգից հետո։
Սա ընդամենը Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և այնտեղ տեղի ունեցած միջոցառումների տարվա առաջին ամսվա մի քանի օրերի մասին էր: Ալմելոյի հայ համայնքի 2019 թվականի գործունեության մեկնարկը տրված է:

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՆԴՐԵՍՅԱՆ
«Հոլլանդ-Արմենիա» բարեգործական միության հիմնադիր նախագահ, թարգմանչուհի, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի տնօրեն

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Վատիկանում՝ Հռոմի Սուրբ Աթոռում Հայաստանյաց եկեղեցու ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի սաների և ուսուսչական կազմի հետ:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.