Ադրբեջանական ցինիզմ

Վահրամ Աթանեսյան
ՀԱՅ ՁԱՅՆ

Ժամանակին ադրբեջանական մամուլի հրապարակումներն արժանանում էին հակադարձման: Վերջին տարիներին մենք գրեթե ուշադրություն չենք դարձնում, թե ի՞նչ են գրում Բաքվի լրատվամիջոցները և ադրբեջանական կողմի հարձակումները հիմնականում մնում են անպատասխան: Ստացվում է այնպես, որ եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ օտար ընկալումը հիմնականում այն էր, որ գերազանցապես հայերով բնակեցված մարզը, Ստալինի կամայական որոշմամբ, տրվել է Ադրբեջանին, որտեղ հայկական արժեքները հետեւողականորեն ոչնչացվել են, բռնաճնշվել են մարդկանց ազգային իրավունքները, ապա վերջին շրջանում նաեւ արտերկրի հեղինակներն են սկսել գրել ԼՂ-ում «ադրբեջանցիների էթնիկ զտումների եւ տարածքների օկուպացման» մասին:

Քարոզչա-տեղեկատվական մրցակցությունը վերաճել է դաժան պատերազմի, որտեղ հաջողության հասնելու համար ադրբեջանական կողմը ոչինչ եւ ոչ ոքի չի խնայում: Բաքվում բաց չեն թողել Սիլվա Կապուտիկյանի հոբելյանի առիթը եւ նրան հրապարակումների մի ամբողջ շարք են նվիրել: Ադրբեջանցի հեղինակները նրան անվանել են Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանից օտարելու դավադիր ծրագրի հեղինակներից մեկը»:

Բաքվում հիշել են, որ անցյալ դարի կեսերին Սիլվա Կապուտիկյանն այցելել է Արցախ, հանդիպել ընթերցողների հետ, գրել Արցախին նվիրված բանաստեղծություններ: Արխիվներից պեղել-հանել են Ադրբեջանի ԳԱ նախագահին ուղղած Սիլվա Կապուտիկյանի նամակը, որտեղ բանաստեղծուհին բարձրացրել է Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների անմիխիթար վիճակի հետ կապված հարցեր: Եւ, իհարկե, վերհիշել են, որ Սիլվա Կապուտիկյանը ղարաբաղյան շարժման օրերին Մոսկվայում հանդիպել է ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին, եւ վերջինս, իբրև թե, նրան խոստացել է «Ղարաբաղը տալ հայերին»:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քարոզչությունը՝ գաղտնիք չէ: Բաքվում ճգնում են Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայացնել որպես «Ադրբեջանի դեմ ագրեսիա, որն սկսվել է տեղեկատվական արշավի ձեւով, ապա վերաճել ռազմական օկուպացիայի»: Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ հրապարակումներից մեկի հեղինակը Սիլվա Կապուտիկյանին, հայ մտավորականությանը մեղադրում է... Սումգայիթ կազմակերպելու մեջ:

Իրականություն է, սակայն, որ Ստեփանակերտում խաղաղ ցույցերի հաջորդ օրն իսկ Աղդամում բազմահազարանոց ամբոխի առջեւ ելույթ է ունեցել Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Բախտիյար Վահաբզադեն եւ ընթերցել հայերիս ուղղված իր բանաստեղծությունը, որտեղ այսպիսի տողեր կային.

-Քանի՞ անգամ եմ աչքերդ հանել

Հողիս վրա աչք դնելու համար...

Այս կոչի ազդեցությամբ էլ ամբոխը շարժվել է դեպի Ասկերան՝ ճանապարհին ավերելով հայկական Խրամորթ եւ Խանապատ գյուղերը: Այս կոչ-բանաստեղծությունն է մշտապես հնչել Բաքվի ցույցերի ժամանակ, եւ հենց ադրբեջանցի բանաստեղծ Խալիլ Ռզան է Բաքվում առաջինը հրապարակային հնչեցրել «մահ հայերին» կոչը:

Մինչ այդ, կարգախոսը Սումգայիթում հնչեցրել է մեկ այլ բանաստեղծ՝ Խըդըր Ալովլուն: Սրանք հայտնի փաստեր են, Խալիլ Ռզան որպես 1990թ. Բաքվի հունվարյան ջարդարարության կազմակերպիչ, նույնիսկ կարճաժամկետ ձերբակալության է ենթարկվել: Հայտնի է, վերջապես, որ ադրբեջանական ողջ մտավորականությունը, գրական կազմակերպությունը երես է թեքել Աքրամ Այլիսլիից, նրան որակել «դավաճան հայ»:

Միջնադարյան այդ ինկվիզիցիայի առիթն Այլիսլիի «Քարե երազներ» վեպն է՝ Բաքվի եւ Ագուլիսի հայկական ջարդերի նկարագրությամբ:

Մենք կարող ենք, պարտավոր ենք գտնել այլ բազմաթիվ փաստեր եւ այդ ամենը ներկայացնել միջազգային հանրությանը: Այլապես ադրբեջանական ցինիզմը կարող է ունենալ հետեւորդներ:
https://haydzayn.com/am/page/adrbejanakan-cinizm
https://www.nidoragir.com/2019/02/blog-post_7.html

202Охват (люди)

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.