ՄԻՍԱԿ ՄԱՆՈՒՇՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՆԱՄԱԿՆ ԻՐ ԿՆՈՋԸ

«21 փետրվարի 1944 թ. Ֆորտ Մոն-Վալերյեն
#Manouchian_75
Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս
Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:

Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:

Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:

Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:

Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:

Քիչ հետո ես իմ 23 ընկերների հետ կմեռնեմ քաջությամբ և հոգու անդորրությամբ մի մարդու, որի խիղճը շատ հանգիստ է , որովհետև ես անձամբ ոչ ոքի վնաս չեմ հասցրել և եթե արել եմ, ես այդ արել եմ առանց ատելության: Այսօր արևոտ օր է, արևին և իմ այնքան սիրած գեղեցիկ բնությանը նայելով է, որ մնաք բարով կասեմ կյանքին և ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի կին և իմ շատ սիրելի բարեկամներ: Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ վնաս են հասցրել կամ ցանկացել են ինձ վնաս հասցնել, բացառությամբ նրան, որ մեզ դավաճանեց իր կաշին փրկելու համար, և նրանց, որոնք մեզ ծախեցին: Ուժգին համբուրում եմ քեզ, ինչպես նաև քրոջդ և բոլոր բարեկամներին, որոնք ճանաչում են ինձ հեռվից կամ մոտից, կրծքիս սեղմում եմ բոլորիդ: Սնաք բարով: Քո բարեկամ , քո ընկեր, քո ամուսին`

Մանուշյան Միշել (ջանիկդ):
--------------

Միսաք Գևորգի Մանուշյան, ծ. սեպտեմբերի 1, 1906թ, Օսմանյան կայսրություն - հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մանուշյանը եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների: Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում: Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից 1944թ. փետրվարի 21-ին, ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

Մելինե Մանուշյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում (Օսմանյան կայսրություն) և մահացել է 1989թ դեկտեմբերի 6-ին Փարիզում, ֆրանսահայ գործիչ, Դիմադրության մասնակից Միսաք Մանուշյանի կինը։
Հայոց Ցեղասպանության ժամանակ զրկվում է ծնողներից, մանկությունը անցկացնում որբանոցներում։ Մինչև 1926 թվականն ապրել է Մարսելում, 1934 թվականին ծանոթանում է ապագա ամուսնու հետ։ Մոտ հարաբերությունների մեջ է եղել Շառլ Ազնավուրի ընտանիքի հետ։

Միսաք Մանուշյանի՝ կնոջն ուղարկած վերջին նամակի բնօրինակը պահվում է Կոնգրեսի գրադարանում, Վաշինգտոն։ Լուի Արագոնը, ոգեշնչված Մանուշյանի վերջին նամակից՝ ուղղված կնոջը, գրել է «Տողեր՝ հիշատակի համար» (Strophes pour se souvenir) բանաստեղծությունը.

Նա այլևս երբեք չամուսնացավ և երեխա չունեցավ։ 1954 թվականին Մելինե Մանուշյանը գրում է ամուսնուն նվիրված հուշեր, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմ 1985 թվականին:

Մանուշյանի նամակի բնօրինակը
Մանուշյանի նամակի բնօրինակը

 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.