Թումանյանը, Կոմիտասը և Սահակ Ամատունին


Թումանյանական ու կոմիտասյան տարի -150

Թումանյանական ու կոմիտասյան տարի է լինելու 2019թվականը: Շատերը գիտեն, որ մեծն ու անմահ Կոմիտասի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյարներն են: Քչերն են սակայն ճանաչում նրաց ժամանակակցին ու համախոհին` Վարդապետ Սահակ Ամատունուն, ում դին հանգչում է հանրահայտ Օշական գյուղում: Հունվարի 22-ին արդեն իսկ լրացել է հմուտ մանկավարժի ու բանասերի` Սահակ Ամատունու ծննդյան 163-րդ ամյակը:
Երկու մեծերի Թումանյանի և Կոմիտասի հետ անմիջական ջերմ հարաբերություններ է ունեցել Սահակ Ամատունին: Եթե Թումանյանի հետ հայտնի է նրանց անկեղծ ու ջերմ շնչով գրված նամակները, գրական հարցերի շուրջ քննարկումները, ապա Կոմիտասին անձամբ է դասավանդել Սահակ Ամատունին: Ապագա մեծ երգահանը 1885-86թթ նստել է Սահակ Ամատունու դասարանում: Կոմիտասի հետագա ծավալած գործունեությունը` Սահակ Վարդապետի թողած գործի անմիջական աշխատանքի շարունակությունն է եղել:Մեծն Հովհաննես Թումանյանի ուշադրությունից չի վրիպել Սահակ Ամատունու նոր աշխատությունը: 1912թ. հունիսի 28-ի նամակում ահա թե ինչպես է նա արձագանքել.
«Բարձրապատիվ Սահակ հայր սուրբ, ինձ են հասել Ձեր ուղարկած «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» գիրքը և Ձեր խնդակցությունը իմ ազատվելու առթիվ: Լիասիրտ շնորհակալ եմ Ձեր բարեկամական ազնիվ զգացմունքի համար և շատ եմ ուրախանում, տեսնելով Ձեր նորանոր գեղեցիկ գրական աշխատությունները, անհամբեր սպասում եմ «Բառ ու բանին»: Էջմիածինը որքան կարևոր լինի իր վարչական նշանակությամբ, ավելի սիրելի է դառնալու երբ գրական ու գիտական գործերը ճոխանան ու հաճախանան նրա պարիսպների մեջ, և ինձ համար էդ տեսակի գործերն ու գործիչները միշտ մնալու են ավելի թանկ ու սիրելի, քան ամեն տեսակի պաշտոնյաներ: Ցանկանալով հաջողություն առողջություն ջերմ բարևներով մնամ միշտ Ձեր բարեկամը Հովհ.Թումանյան»:

Առավել բարձր գնահատական է տվել ամենայն հայոց բանաստեղծը 1912 թ Սահակ Ամատունու հրապարակած «Հայոց բառ ու բան» աշխատությանը, Թումանյանը գրել է. «Սահակ հայր սուրբ, ստացել եմ Ձեր «Բառ ու բան» գեղեցիկ աշխատությունը և շնորհակալ եմ, որքան իբրև մի բարեկամ՝ հազար անգամ ավելի իբրև գրական մարդ: Առանց էդ տեսակ աշխատանքների անկարելի է ստեղծել մեր գրական լեզուն: Նոր կյանքի ու նոր ազդեցությունների պատճառով շատ արագ կերպով կորչում են էդ ամեն բառ ու բաները, և ով նրանց փրկի կորուստից ու մահից, նրանց հետ միասին կանմահացնի իրեն: Դուք սրանով անմահացնում եք ձեզ...»:
Ավելի վաղ Թումանյանը իր ԱՐԵՎԵԼՔԻՑ ԱՐԵՎՄՈՒՏՔ հոդվածում այս գրքի մասին հետևյալն է հայտնել.Սահակ վարդապետ Ամատունին արդեն տպագրում է (Ղուկասյան ֆոնդի հաշվով) իր «Բառ ու բան» խոշոր աշխատությունը, որի մեջ հավաքված են մեր կենդանի բարբառներից ու գրականությունից այն բոլոր ոճերն ու բառերը, որ չկան Հայկազյան բառարանում։Ավելի ուշ` եղեռնի տարիներին Թումանյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Սահակ Ամատունու հետ, այլ նաև հասարակական գործիչ Գրիգոր Վարդանյանի (հետագայում ՀՕԿ-ի նախագահ), Վարդգես Ահարոնյանի, Էջմիածնի դիվանապետ, Փախստականներին օգնող կենտրոնական կոմիտեի Էջմիածնի ներկայացուցիչ Բագրատ վարդապետ Վարդազարյանի, Թումանյանի՝ Ներսիսյան դպրոցի դասընկերներից, Էջմիածնի միաբաններից Արսեն Ղլտճյանի, Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի, միաբաններ Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի, Աշոտ Աթանասյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց հետ։Սահակ Ամատունու մասին` Ամատունիներին նվիրված նախագծի շրջանակներում, բացառիկ ու հետաքրքիր նյութ է հրապարակել ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐԸ: Այն խորհուրդ կտայինք ընթերցել
https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.