Նիդերլանդների հայ ուսուցիչները քննարկում են կրթական ծրագրեր

Դեռ տարեսկզբին  Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած հայկական մշակութային և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաքի  ժամանակ ի թիվս այլ հարցերի, շոշափվեց նաև Նիդերլանդների  հայկական կիրակնօրյա դպրոցներում ուսուցողական աշխատանքի գործընթացը միասնական ու  համատեղ հարթակով  կազմակերպելու  խնդիրների ու պահանջների մասին, այն  մշակելու,  ընդգրկելու նոր համապարփակ կրթական, միասնական ծրագրում:

 Այդ ժամանակ  Ամստերդամի Սբ.Գրիգոր Նարեկացի հիմնադրամի վարչության ներկայացուցիչները առաջարկեցին կազմակերպել կլոր սեղան, այս  հարցերը քննարկելու համար` հնարավորություն տալով Նիդերլանդներում գործող մեկօրյա դպրոցների բոլոր հետաքրքրված ուսուցիչներին ու մանկավարժներին իրենց մտքերն ու մտահոգությունները փոխանակելու գործնական և ընկերական շրջապատում: Որպես հանդիպման հարթակ  էլ առաջարկվեց Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահը: Առաջարկը պատրաստակամությամբ ընդունվեց հանդիպմանը ներկա Հոլանդահայ համայնքների ներկայացուցիչների կողմից:Հանդիպում կազմակերպելու առաջարկին արձագանքեցին Նիդերլանդների գրեթե բոլոր հայկական դպրոցները:

Եվ ահա Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու սրահում,  օրերս  տեղի  ունեցավ  մանկավարժ-գործընկերների սպասված հանդիպումը, որին  մասնակցելու  էին եկել Ալմելոից, Հաագայից, Էյնդհովենից, Նայմեխենից, Դեն Բոսից, Դորդրեխտից: Ավելի, քան վեց ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին գործնական, աշխատանքային  փորձի փոխանակման, ուսուցողական  ծրագրերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակումն անցավ ջերմ ու  ընկերական, անկաշկանդ մթնոլորտում: Երկրի  տարբեր վայրերից ժամանած հայ ուսուցիչների միմյանց աշխատանքային  փորձին ծանոթանալն ու ներանձնային շփումները, նաև փորձառու  ուսուցիչների  հետ մտքերի փոխանակումը` նոր  ու  բովանդակալից քննարկումների  հիմք հանդիսացան: Ցավոտ հարց է, որ սփյուռքի դպրոցները չունեն միասնական ուսուցման համապարփակ ծրագիր ու լավ է, որ մեր ուսուցիչները ինքնուրույն կարողանում են ելք որոնել:

Հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել երկու աշխատանքային խումբ՝ Նիդերլանդներում արդեն մի քանի տարի գործող մեկօրյա հայկական դպրոցների համագործակցության զգալի լայնացված հարթակի ներքո: Աշխատախմբերը կմշակեն Հայոց լեզվի դասավանդման երկփուլային միասնական ծրագիր, այն աստիճանաբար կփորձարկվի դպոցներում: Մանկավարժները գիտակցում են  որ այս գործընթացը  ժամանակատար է ու  շատ ջանք կպահանջվի , ուստի տրամադրված են համբերությամբ ու հաստատակամությամբ` հույսով, որ  այն հաջողությամբ է պսակվելու: Որոշվեց նաև նման հանդիպումներ կազմակերպել պարբերաբար, առնվազն տարին մեկ անգամ:



Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.