«Երևանյան Հեռանկարները» նոր իրականության միջավայրում

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՖԻՇԱ

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին
Ապրիլի 29-ին ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանական «The Swingles» լեգենդար վոկալ խմբի համերգով կազդարարի հոբելյանական տարվա մեկնարկը:
Հիսուն տարվա պատմություն և հինգ Գրեմմի մրցանակ ունեցող խումբը ձևավորվել է Փարիզում` Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլները» էստրադային երգիչները` աշխատել են Շարլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի հետ, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը: Խմբին համաշխարհային ճանաչում բերեց 1960թ.-ին թողարկած Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: «Սվինգլների» նորարարական և վիրտուոզ երգեցողությանը անմիջապես հիացական արձագանքներ ուղղեցին Էլլա Ֆիցջերալդը, Եհուդի Մենուհինը, այլ մեծանուն երաժիշտներ:

Երևանում խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով, որը հետհայացք է «Սվինգլ»-ի հիսունամյա փառահեղ երաժշտական պատմությանը: Այն ներառում է 60-ականների և 70-ականների երգիչ-երգահանների ստեղծագործություններ, մերօրյա բրիտանական ֆավորիտներ, Բախ, Սայմըն և Գարֆունկել, Բիթլզ և ավելին:

«Սվինգլների» երկացանկը ընգրկում է համաշխարհային դասական, ջազ, էթնիկ, ժամանակակից` բոլոր ազգերի և ժամանակների երաժշտություն: Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ` Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Գերմանիայից:

«Սվինգլը» արդեն կես դար շարունակ ընդլայնում է վոկալ երաժշտության պատկերացումների հորիզոնը։ Նրանք դարձել են բազմամիլիոնանոց լսարանի սիրելիները,հոլիվուդյան և այլ հայտնի ֆիմերի սաունդթրեքերը ձայնագրելու համար: Խումբը համարվում է մոլորակի ակապելա երգեցողության բոլոր ժամանակների չգերազանցված վարպետը:

Մարդկային ձայնով տարբեր երաժշտական գործիքների ձայների վերարտադրումը «Սվինգլների» չգերազանցված կարողությունն է, որը տասնյակ տարիների ընթացքում նմանակվել է բազմաթիվ կատարողների կողմից` ոգեշնչման աղբյուր դառնալով բազմաթիվ կոմպոզիտորների համար:
Լուչիանո Բերիոն իր սենսացիոն «Սինֆոնիայում առաջին անգամ ուսումնասիրեց և բացահայտեց
«Սվինգլների» ձայները նվագախմբային դասակարգմամբ: Խումբը նույն շուքով և մեծագույն արձագանքների ներքո, շարունակում է կատարել այդ ստեղծագործությունը ողջ աշխարհում, որի վերջին կատարումները հնչել են Սան Ֆրանցիսկոյի Դեյվիս համերգասրահում՝ Մայքլ Թիլսոն Թոմասի, Լոնդոնի «Ռոյալ Ֆեստիվալ» համերգասրահում՝ Վլադիմիր Յուրովսկու և Միլանի Լա Սկալայում՝ Ջոն Աքսելրոդի ղեկավարությամբ։
Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Եվրոպա և Ասիա իրենց կանոնավոր շրջագայություններից բացի խումբը յուրաքանչյուր հունվար ամսին Քինգս Փլեյսում հանդես է գալիս իր
«Լոնդոնյան ակապելլա» փառատոնով: Բրիտանական մայրաքաղաքում փառատոնն առաջինն է իր տեսակի մեջ, որը հյուրընկալում է աշխարհի ամենատաղանդավոր վոկալի վարպետներին։

... Շքեղ վերարտադրություններ՝ նուրբ բիթբոքսի և հնչեղ հարմոնիաների ուղեկցությամբ․․․ հերոսական երգեցողություն, որն իսկապես սարսուռ է առաջացնում։ – THE GUARDIAN
Վոկալ և երգչախմբային աշխարհը վերջին 50 տարվա ընթացքում էականորեն փոխվել է․․․ բայց  «Սվինգլս»-ին հաջողվել է պահպանել իր արտառոց նշաձողը` շարունակել բարգավաճել։ – CHICAGO SUN-TIMES

«Սվինգլները» հրաշագեղ ակորդները երգում էին լազերային ճշգրտությամբ... սա տրիումֆ էր – THE DAILY TELEGRAPH
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը անց է կացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Փառատոնի 20-րդ հոբելյանական տարին իրականանում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

«Երևանյան Հեռանկարները» նոր էջ է բացել Հայաստանի երաժշտական կյանքում` երկու տասնյակ տարիների ընթացքում փոխելով իրականությունն ու ստեղծելով նախկինում նմանը չունեցող միջավայր:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.