Նիդերլանդների Դեն Բոսի և շրջակա բնակավայրերի հայ համայնքը հնարավոր է ունենա իր սեփական աղոթատեղին


  • Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանդի նահանգ է այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը
  • Նախադրյալներ կան, որ այս եկեղեցին Նիդերլանդներում ծառայի որպես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն:

Սուրբ Կատարինա եկեղեցում առաջին անգամ հայ հոգևորականները սուրբ պատարագ են մատուցել

Դեն Բոսի «ՈՒրարտու» հայ համայնքի կյանքում հիշարժան իրադարձություն էր տեղի ունենալու: Ապրիլի 13-ին Հյուսիսային Բրաբանդի մարզ էր այցելել Հայ Առաքելական եկեղեցու Վատիկանի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ Պարսամյանը: Տեր Արմեն քահանա Մելքոնյանի հետ նրանք Դոտրեխտի հայ հավատացյալների հետ շփվելուց հետո այցելեցին Դեն Բոս (կամ` Հերթոգենբոս), որտեղ նախ պետք է հանդիպեին կիրակնօրյա դպրոցի սաներին ու նրանց ծնողներին, իսկ հետո` հաջորդ օրը, տեղի Սուրբ Կատարինե եկեղեցում անմիջական մասնակցություն ունենային Ծաղկազարդի Սուրբ Պատարագի արարողությանը: Նախադրյալներ կան, որ հիշյալ եկեղեցին ընդմիշտ ծառայի տեղի հայ հավատացյալներին: Ամեն ինչի մասին անդրադառնանք հերթականությամբ: Ընդհանրապես արժանին պետք է մատուցել Խաժակ սրբազանին Նիդերլանդների հայ համայնքին այդչափ ուշադրություն դարձնելու համար: Նա եղել է գրեթե բոլոր հայաշատ համայնքներում ու իր խորհուրդներով, կերտիչ խոսքով ու գործով նեցուկ եղել ազգանպաստ գործերի:

Դժվար է ասել` թե Հերթոգենբոսը նախկինում որքանով է առնչություն ունեցել հայ կյանքին: Ներկայիս համայնքը մեկ տասնամյակ էլ չկա ինչ ձևավորվել է: Թարգմանաբար քաղաքի անունը նշանակում է Հերցոգյան անտառ:Քաղաքը գտնվում է Նիդերլանդների կենտրոնական մասերում, տեղանքը ճահճային է` Աա և Դոմել գետերի խառնարանի միջնամասում: Վայրը մի ժամանակ բրաբանտի իշխանների համար անտառ ու որսատեղի է եղել: Դեն Բոսը քաղաքի կարգավիճակ է ստացել 1185 թվականին Բրաբանդի հերցոգ Հենրիխի առաջինի կողմից: Քաղաքը իր ծաղկման գագաթնակետին է հասել XIV-XV դարերում: Ներկայումս Նիդերլանդները Հյուսիսային Բրաբանդի նահանգի (մարզի) վարչական կենտրոնն է, գտնվում է Ամստերդամից 80կմ հարավ-արևելք, ունի 153 հազ. բնակիչ : Զուիդ-Վիլեմսվարտ ջրանցքի նավահանգիստն է : Բնակչությունը 2018 թ. տվյալներով կազմել է 153.000 մարդ: Մարզի 4-րդ խոշոր քաղաքն է` Էյնդհովենից, Թիլբուրգից, Բրեդայից հետո: Երկրի խոշոր տրանսպորտային երկաթուղային հանգույց է, որով իրար են կապվում Նիդերլանդների շատ քաղաքներ:Զբաղեցնում է 91.26 կմ² տարածք: Սակավթիվ հայերին` 90-ական և 2000 թվականներից հետո բազմաթիվ հայաստանաբնակ հայեր են համալրել մարզը: Որպես գաղթօջախի կազմավորման կազմակերպչական աշխատանքներում մեծ ավանդ ունեցավ պրոֆեսոր, երջանկահիշատակ Մարտուն Էլբակյանը, որի ջանքերով ստեղծվեց «Կոմիտաս», ապա «ՈՒրարտու» հայ համայնքը: Նա անձամբ դասավանդում էր իր ստեղծած դպրոցում: Կարճ ժամանակ հետո ճանաչվեց Նիդերլանդների լավագույն ուսման վարպետներից մեկը` արժանանալով թագավորական պարգևի, իսկ Մայր Հայրենիքի կողմից` Մեսրոպ Մաշտոց մեդալի: Թեև անժամանակ մահը ընդհատեց նրա սկսած գործը, այնուհանդերձ կողքը եղած նվիրյալները շարունակեցին նրա սկսած գործը`կազմակերպչական աշխատանքներն իրենց ուսերին վերցնելով: Այժմ համայնքի դպրոցը, որտեղ սովորում են 19 երեխաներ` Մարտուն Էլբակյանի անունով է:

Դեն Բոս մեր այցելության օրը, երբ կիրակնօրյա դպրոցի սաները պատրաստվում էին հայերենի իրենց իմացությամբ հանդես գալ Սրբազանի ու իրենց ծնողների առջև աշխույժ կազմակերպչական աշխատանքների իրարանցման մեջ տեսանք «ՈՒրարտու»-ի վարչության նախագահ Տոնի Պոգոսյանին, փոխնախագահ Մուրադ Մուրադյանին, ակտիվիստներ Լոռի և Գոհար Թիւրպէնտեաններին, դպրոցի տնօրեն տիկին Լոռային, ուսուցչուհիներ տիկին Անժելային, Ջեմմային և մյուսներին, որոնք փութաջանորեն նախապատրաստվում էին դիմավորել Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Արմեն քահանա Մելքոնյանին: Նրանց այցելությունը ոգևորության ու հայրենիին նվիրվելու մեծ տոնի վերածվեց: Այբբենարանին, հայ գրերին ու Մայր Հայաստանին նվիրված երեխաների ելույթներին հաջորդեց` հայկական ժողովրդական մեղեդու ներքո նրանց պարը: Պրուսույց Լուսինեն կարողացել էր պարի լեզվի հմայքով թափանցել երեխաների ներաշխարհը` այս արվեստից մասնիկ հանելով նրանց: Անմասն չմնացին նաև ծնողները` արտասանելով Սահյանից ու Սևակից:

Գաղտնիք չէ, որ սփյուռքի հայ համայնքին միաբան է պահում հայ եկեղեցին ու հայ դպրոցը , որտեղ կարող են կենդանի շփումների միջոցով առավել զորացնել իրենց հավատքը և համայնքային կյանքը:


Հաջորդ օրը` ապրիլի 14-ին, արդեն բազմաթիվ հայեր պետք է ականատեսը լինեին սրբազանի մատուցած պատարագին` Դեն Բոսի Սուրբ Կատարինե եկեղեցում: Ալեքսանդրիացի Կատարինան` ում անունով կոչվում է եկեղեցին, նահատակվել է 307 թ. նոյեմբերի 25-ին, միջնադարյան ամենատարածված սրբերից մեկն է: Նրա կյանքն ու գործը մաքրաբարության չափանիշ է եղել, շտապ օգնել է նրանց, ովքեր դրա կարիքն են ունեցել: Ցավոք այսօր շտապ օգնության կարիք ունի այս եկեղեցին...    Այն վաճառքի էր հանվել ու հիմա վարձակալությամբ է տրվելու հայ համայնքին: Լավ հնարավորություններ են պահպանվում շենքը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար: Նման գաղապարը  նաև սրբազանն է  խրախուսում: Մեր զրույցում նա հավաստեց, որ իր  կապերով, ու ինչու չէ` անձնական միջամտությամբ, կարելին կանի, որ այս կառույցը  հայ հավատացյալներին  ծառայելուց բացի դառնա հայ հոգևոր, կրթական ու մշակութային կենտրոնը` Նիդերլանդներում: Հետաքրքիր պատմություն ունի Հռոմի կաթոլիկ դավանանքին պատկանող այս եկեղեցին: Այն կառուցվել է գոթական ոճով`  1533թվականին: Վերջին դարաշրջաններում մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: 1842թ.ճարտարապետ Jos de Kroon-ի կողմից վերակառուցելուց հետո կոչվել է` Նոր եկեղեցի: Այնուհետև ճարտարապետ Յան Սթույթը  1917թ վերակառուցել է Արեւելյան Եվրոպայում եւ Ռուսաստանում վաղ քրիստոնեական ճարտարապետության վերածնունդը խորհրդանշող Նեո-բյուզանդական ճարտարապետության ոճով, գմբեթը կառուցվել է ժամանակի վերջին շնչով` ունի երկաթբետոնյա կառուցվածք,  ութ անկյուններով հենվում են   ենթակառուցվածքների վրա, որոնց գագաթներին խաչեր են: Այդ պատճառով անվանվել է` Kruiskerk (Խաչվանք):  Գմբեթը եկեղեցու ամենաբարձր մասն է, հարակից սյուներին ներկայացված են  երգչախմբի 8 խոշոր փայտե արձանները, որոնք պատրաստել է Բոսխեի հայտնի քանդակագործ Ջոզ Ջ.Ա. Կուիփերսը (1862):

Վերջին տարիներին շենքն անգործության է մատնվել, 2015թթ կեսերից շենքը կորցրել է իր եկեղեցական գործառույթը և դժվար է ասել, երբ է տեղի ունեցել վերջին եկեղեցական արարողակարգը: Նույնիսկ որոշել են շենքը հարմարեցնել թատերական ներկայացումների, իսկ հիմա էլ վաճառքի են հանել: Յուրահատուկ այս կառույցն ունի Ազգային հուշարձանի կարգավիճակ, որն համարակալված է 21692 թվով: Եկեղեցին դժվարին ժամանակներ էլի է ապրել, երբ Նապոլեոնի արշավանքների ժամանակ ծառայել է ձիարան ու պահեստարան:
Մի քանի օր անընդմեջ ՈՒրարտու հայ համայնքի անդամների ու հոգևոր հովվի  թեթև ձեռքով փութաջանորեն մաքրվել, կարգի են բերվել եկեղեցու ներսը` որոշ առումներով պարագաներն ու դասավորությունները համապատասխանեցվել  են հայ եկեղեցու պահանջներին: Ներքին ձևավորումը ներառում է դեռևս 1841թ-ից պահպանված աթոռները, հին է նաև ամբիոնը: Պահպանվում է երգեհոն տեղադրող եզակի վարպետներից մեկի  Հոհաննես Վոլեբրիխտի (Johannes Vollebregt) 1851թ սեփական ձեռքերով տեղադրած երգեհոնը: Յուրահատուկ են բելգիացի գեղանկարիչ Պիտեր Յոզեֆ Վերհագենի (Pieter Jozef Verhagen-ի 1728-1811) ինը խոշոր գեղանկարները:

Սուրբ Կատարինեի քանդակը ժամացույցի ներքնամասում
Չնայած գարնան համար ոչ բնորոշ ցուրտ եղանակին (+3 ) Դեն Բոսի, Դոտրեխտի և մերձակա այլ շրջանների բնակավայրերից հարյուրավոր հայ հավատացյալներ էին ներկա առաջին անգամ այստեղ տեղի ունեցող հայկական պատարագին: Եկեղեցի մուտք գործելուց առաջ հավատացյալները հոգևոր հայրերի հետ մասնակցեցին եկեղեցու «դռնաբացեքի» արարողությանը: Սրբազան Հայրը հավատացյալների հետ միասին երգեցին «Բաց մեզ Տէր» հոգեթով շարականը, հետո բացվեցին եկեղեցու փակ դռները և հավատացեալները Սրբազան Հոր և Տէր Արմէն քահանայի առաջնորդությամբ ներս մտան` կտրելով մուտքի ժապավենը: Տաճարը տևական դադարից հետո կրկին վերակենդանացավ: Սուրբ Պատարագը իր մեջ ներառեց մի քանի արարողակարգեր` մանուկների օրհնության կարգ, մեղքերի թողություն, դպրության կարգ` որով Հայ Առաքելական Եկեղեցին համալրվեց Աստծո ծառաներով, օրհնանքի խոսք` Գերաշնորհ Խաժակ Պարսամյանի կողմից, բուն Ծաղկազարդը մանուկների օր, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ` որպես Թագավոր, օրհնված ձիթենու և ուռենու ոստերի բաժանում ժողովրդին և հաղորդակցություն: Պատարագն ուղեկցվում էր Արհնեմի երգչախմբի հոգեթով երաժշտական կատարումներով:
Պատարագի ավարտից հետո Սրբազան հայրը զրույց ունեցավ իրեն այցելած Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ին ու իր երախտագիտական խոսքն ասաց հայ համայնքին օգնելու նրա պատրաստակամության համար: Հայրապետական Պատվիրակը  փոխադարձ համագործութեան համար բարձրաստիճան հոգևորականին հրավիրեց Վատիկան:

Այսպիսով պատմական բազմաթիվ անցքերին հաղորդ Դեն Բոսի Սուրբ Կատարինա եկեկեղեցում առաջին` և հույսով ենք էլի բազմաթիվ անգամներ ու ընդմիշտ կհնչեն հայկական պատարագներ, տեղի կունենան ծիսակատարություններ: Հերթականը` ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի  կապակցությամբ և հնարավոր է արդեն Նիդերլանդների  Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պատվավոր ներկայությամբ: Ինչպես սրբազանն է ասում` հավատով, հույսով, որ այն շուտով որպես հայկական եկեղեցի օծվելու ու ընդմիշտ ծառայելու է հավատացյալ մեր ժողովրդին:
Hay Azian
Նիդերլանդական օրագիր

's-Hertogenbosch

13/14 April 2019

Սրբազան Խաժակ Պարսամյանը Դեն Բոսի Կաթոլիկ թեմի եպիսկոպոս Antonius Lambertus Maria Hurkmans-ի հետ

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.