Զարեհ Սինանյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար և հանդիպել Նիկոլ Փաշինյանին

Սփյուռք-Հայաստան կամուրջը շաղկապելու է  Հայաստանի Հանրապետության վարչապետի լիազոր հանձնակատարը

Համաձայն կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի, հանձնակատարի գրասենյակի նպատակն է աջակցել վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովմանը եւ սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականությանը: Այս աշխատանքների շրջանակներում իրականացվող գործառույթները սահմանում է վարչապետը:


Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Զարեհ Սինանյանին նշանակելով սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից:

Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են։ Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։

1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։

Զարեհ Սինանյանը 1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը։ 2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ։

Ամուսնացած է։ Կնոջ՝ Լորիի հետ ունեն 4 երեխա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից:
«Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ սփյուռքն անցյալ տարի լիարժեք, 100 տոկոսանոց մասնակիցն էր Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության: Նաև իմ մի քանի այցերի արդյունքում եկա այն համոզման, որ մենք Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք, և այն դարձնենք ավելի արդյունավետ, որի հիմնական նպատակադրումը պետք է լինի Սփյուռքի առավել մեծ ներգրավվածությունը Հայաստանում, Հայաստանի տնտեսական կյանքում, Հայաստանի հանրային կյանքում, Հայաստանի քաղաքական կյանքում, Արցախում և ընդհանրապես, մեր հայկական նոր օրակարգի ձևավորման և այդ օրակարգի իրագործման աշխատանքներում:
Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից և վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է: Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երևանում, մինչև 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին և որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք: Իհարկե և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում Դուք անծանոթ մարդ չեք, և կարծում եմ լավ հնարավորություն կա, որ նոր ժամանակներում մեր առաջ դրված նոր խնդիրները լուծենք: Մաղթում եմ Ձեզ հաջողություն, այսօրվանից արդեն անցնում եք Ձեր պարտականությունների կատարմանը, բոլորիս հաջողություն եմ մաղթում: Հույս ունեմ՝ ժամանակը կապացուցի, որ նաև Ձեր օգնությամբ այս կառուցվածքային փոփոխությունը, որ մենք ձեռնարկեցինք, իսկապես արդյունավետ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին, Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և ավելացրել. «Պարտավորված եմ զգում և մեծ պատիվ եմ համարում այս աշխատանքը ստանձնելը, նաև մեծ պարտականություն, քանի որ ինչպես Դուք նշեցիք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հարաբերությունները հսկայական ներուժ ունեն: Մեր խաղաղ, թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում բացվել են Հայաստանի և Սփյուռքի միջև իրական, իմաստալից, խորը համագործակցության դռները, որի արդյունքները կարող են պարզապես անբնութագրելիորեն լավ լինել և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի համար:
Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել, բառիս լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատևման, ուժեղացման երաշխավորն է: Այնտեղ էլ շատ խնդիրներ կան, և ես չեմ կասկածում, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է նեցուկ կանգնել իր հայրենակիցներին Սփյուռքում, ինչպես որ Սփյուռքի մեր հայրենակիցներն են պատրաստ աջակցելու Հայաստանի Հանրապետությանը, Արցախին: Շնորհակալության վստահության համար, անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ վստահությունն արդարացնեմ»:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր:

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.