Մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական ուխտագնացությունը

Saturday, 6 July 2019


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությունը, որին մասնակցում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից ժամանած շուրջ 250 եկեղեցասեր երիտասարդ:
ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, մասնակիցների անունից ողջունելով և իր որդիական սերն ու խոնարհումը բերելով Վեհափառ Հորը, նշեց,որ աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդները ուխտավորաբար եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Հայոց Հովվապետի օրհնությունն իրենց ուխտի ճանապարհը սկսելուց առաջ:
Երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` նշելով. «Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը համախմբում է աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներն և համայնքային երիտասարդական կառույցներին, մեկտեղում հայ երիտասարդության ներուժը նրա զարգացման, ազգային և հոգևոր արժեքների պահպանման նվիրական գործում: Ուրախալի է, որ 21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ տարեցտարի ավելի ու ավելի է ընդլայնում իր գործունեության ասպարեզը, նպատակային ուղղվածությունը»:
Վեհափառ Հորն ու մասնակիցներին ողջունեց նաև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը` նշելով, որ ներկայի մեջ երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են և այսօր եկել են վերամկրտվելու Սուրբ Էջմիածնի խորհրդի մեջ, որը հայության ինքնության արմատն է. «Ուխտագնացության այս օրերը յուրաքանչյուրի համար պիտի դառնան հիշարժան, հոգին լցնող, հոգին զորացնող ուխտավորության օրեր: Եկել ենք, Վեհափառ Տեր, հայցելու և խնդրելու ձեր հայրական օրհնությունները, որպեսզի մեր երիտասարդները այս պահից սկսած, Սուրբ էջմիածնի խորհրդի մեջ վերամկրտելով իրենց հոգևոր կյանքը»:
Իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով երիտասարդներին` Վեհափառ Հայրն ուրախությամբ փաստեց, որ նման ուխտագնացությունները լավագույն հնարավորություն են Հայրենիքի ու Մայր Եկեղեցու հետ կապն առավել ամրապնդելու, Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության ճանապարհին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց նաև, որ դեպի Սուրբ էջմիածին և Արցախ ուխտագնացության կազմակերպումն ամենևին պատահական չէ:  «Սուրբ էջմիածնում է, որ մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը և պահել հավատարմությունը բոլոր ժամանակներում  դեպի մեր Տերը, դեպի մեր Երկնավոր Հայրը:  Այդ ուխտով մեր հայրերը կերտեցին մեր մշակույթը, մեր փառապանծ պատմությունն ու հաղթանակները: Հայրենիքից հարկադրված հեռանալով՝ նրանք ամենուր հաստատեցին մեր համայնքները՝ Հայոց Սփյուռքը, որը դարձավ հայրենիքի անքակտելի ու անբաժան մասը և շարունակեց ապրել իր հայացքը ուղղած դեպի Սուրբ Էջմիածին:
Սուրբ Էջմիածնից դուք ուղևորվելու եք դեպի Արցախ, ինչը նույնպես պատահական չէ: Այս տարի լրանում է Արցախի թեմի հաստատման 30-ամյակը: Երեսուն տարի առաջ էր, որ երանաշնորհ Վազգեն Ա. Կաթողիկոսը հռչակեց Արցախի թեմը: Այն օրերին, երբ մեր ժողովուրդը ոտքի էր ելել արցախյան ազատագրական պայքարի, երբ նաև ձեզ պես երիտասարդ հայորդիք մեկնում էին Արցախ` իրենց կյանքով պաշտպանելու արցախաբնակ մեր զավակների ազատ ու անկախ ապրելու իրավունքը, և այս իմաստով նույնպես Արցախն այն սրբազան տարածքն է, որտեղ դուք լիարժեքորեն և կատարյալ կերպով հնարավորություն կունենաք ձեր ուխտագնացությունն աստվածահաճո դարձնելու համար», – նշեց Վեհափառ Հայրը:
Հանդիպման ավարտին ի հիշատակ գեղեցիկ ուխտագնացության
Հայր Թովման երիտասարդների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հովնան սրբազանին նվիրեց ՀԵՀԵՄ անվանական շապիկներ:
Հավաքի առաջին օրը սկիզբ դրվեց նաև «20 տարի Վեհափառի հետ» ՀԵՀԵՄ երիտասարդական ծրագրի մեկնարկը: Մասնակիցները ծանոթացան Մայր Աթոռի նորակառույց շինությունների և վերջին 20 տարիների ընթացքում իրականացված աշխատանքների հետ:
Քառօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները կայցելեն Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն հոգևոր և պետական ավագանու հետ, կքննարկեն քույր թեմերի համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ տարածաշրջանային և միջտարածաշրջանային, ինչպես նաև համաերիտասարդական նոր ու կազմակերպված միջոցառումների նախագծմանը առնչվող հարցեր:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման մամլո դիվան

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.