«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միությունը նոր ղեկավար կազմ ունեցավ

Արդեն 14 տարի է ինչ Նիդերլանդներում  գործում է հայկական  «Գլաձոր» ուսանողական երիտասարդական կազմակերպությունը: Պարտադիր ամեն տարի կազմակերպության ղեկավարության նոր կազմ է ընտրվում: Անցնող  տարիները  եղել են ուսանողական  միության կայացման ու նոր ձեռքբերումների ժամանակաշրջան:  Սա լավագույն  հնարավորություն է ստեղծում, որպեսզի հայ  ուսանողները համախմբվեն մեկ հարկի  ներքո, ի մի
բերեն իրենց գաղափարները, մտահաղացումները ու նոր ասելիքով   նպաստեն միության կայացմանը: Օրերս 14-րդ  անգամ «Գլաձոր» միության ուսանողները հավաքվեցին նոր` ղեկավար  կազմ ընտրելու համար: Ամիսների երկարատև քննարկումներից հետո և նախկին 13-րդ խորհրդի կազմի մասնակցությամբ ձևավորվեց 14-րդ խորհրդի նորընտիր կազմը: Այն այսպիսին է`

  • Նախագահ (Voorzitter)` Անի Չուկասյան
  • Փոխնախագահ` Արսինե Մարկոսյան
  • Գանձապահ (Penningmeester)` Աշխեն Բակլաչյան
  • Ներքին համակարգող (Interne coördinator)` Արման Ավակյան
  • Արտաքին համակարգող` Ռուբինա Սարգիսյան
  • Քարտուղար` Վերոնիկա Հակոբյան

Նոյեմբերի 15-ին ՈՒտրեխտի սրահներից մեկում ( Vredenburgkade 11, 3511 WC Utrecht, Nederland) տեղի կունենա «Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության նոր  ղեկավար կազմի հանդիպումն ու ծանոթությունը միության  բոլոր անդամների հետ: Ինչ խոսք,  հաճելի կլինի Նիդերլանդներում սովորող շատ հայ ուսանողների մասնակցությունը: Սա հրաշալի առիթ է  միմյանց  մոտիկից  շփվելու  և ծանոթանալու համար, նաև հիանալի հեռանկարներ է բացում երկխոսության ու  նոր նախագծերի իրականացման առումով:  Նոր կազմում նախագահ ընտրված Անի Չուկասյանը մեկ տարի է, որ  «Գլաձորի» անդամ է, ու  բացատրում է` թե ինչու է իրեն տեսնում կազմակերպության ղեկավար կազմում:  «Գլաձորի» ֆեյսբուքյան էջում Անին ներկայանալով հետևյալն է գրել.  «Թե ինչու՞ եմ ուզում  նախագահ դառնալ, պայմանավորված է նախկին խորհրդի անդամներով ու անցած տարվա անմոռանալի իրադարձություններով, անշուշտ նաև մարդկանցով, ովքեր հնարավորն  են անում  «Գլաձորի» կայացման գործում: Մտնելով «Գլաձորից» ներս ու մասնակից  լինելով  իրադարձություններին` ավելի մոտեցա իմ ազգային  մշակույթին, պատմությանը և ժողովրդին: Որպես նախագահ ՝  կցանկանամ նույն փորձը կիսել «Գլաձոր» ժամանող բոլոր նոր անդամների ու անծանոթների հետ: «Գլաձորը» մարդկանց միավորում ու համախմբում է ՝ անկախ բնակության վայրից: Այստեղ նոր ընկերներ ես ձեռք բերում ու կերտում գեղեցիկ հիշողություններ, այստեղ այնքան շատ բան կարելի է սովորել կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով: «Գլաձորը» եզակի ուսանողական կառույց է և ես հպարտ եմ, որ նրա մի մասնիկն եմ...
Հաջորդ տարի հույս ունեմ, որ մենք կարող ենք ընդլայնել այն հարթակը, որը ստեղծվել է տարբեր հայ երիտասարդների համար, որպեսզի նրանք կարողանան ավելի հաճախակի հաղորդակցվել,  զվարճանալ, ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, ավելին իմանալ մեր մշակույթի մասին, ավելի շատ վայելել երաժշտությունը, ծանոթանալ պատմությանը, ի վերջո  Նիդերլանդներում ստեղծել  մեր փոքրիկ Հայաստանը` հայրենիքի հետ մեր ընդհատված կապը ամբողջացնելու  համար...»:

Արդեն նախանշվում են նոր միջոցառումների կազմակերպչական աշխատանքները` Գլաձորցիները դեկտեմբերին ծրագրել են այցելել Բրյուսել: Առջևում բազմաթիվ անելիքներ կան, սպասվում են նոր անակնկալներ,  հետաքրքիր ու  բազմազան մշակույթային և կրթական  ծրագրեր, հավաքներ,  հավաքույթներ ու տոնակատարություններ։
«Նիդերլանդական օրագրը» շնորհավորում և  բարի  երթ է ասում «Գլաձորի» 2019/2020 թվականների  նորակազմ խորհրդին ու ողջ նիդերլանդահայ ուսանողությանը:
ՆԻԴ. ՕՐԱԳԻՐ

«Գլաձոր» ուսանողական երիտասարդական միության էջերը
ֆեյսբուքյան էջ
Կայք էջ

https://www.facebook.com/asvgladzor/
https://gladzor.nl/

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.