niderlandakan

ԱՄՆ Սենատը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Չնայած Թրամփի վարչակազմի դիմակայությանն ու Թուրքիայի պարբերական սպառնալիքներին` ԱՄՆ Սենատը հինգշաբթի օրը միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` շրջադարձային փոփոխություն մտցնելով ամերիկյան քաղաքական ուղեգծում:Բանաձևն ընդգծում է`ԱՄՆ քաղաքականությունն է որպես ցեղասպանություն ոգեկոչել մեկուկես միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին: Այն նաև բացառում է ԱՄՆ մասնակցությունը թուրքական կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև աջակցում Հայոց ցեղասպանության մասին գիտելիքների տարածմանը հանրակրթական հաստատություններում։«Ավելի քան հարյուր տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո` ԱՄՆ Սենատը ի վերջո կանգնեց ճշմարտության կողքին», - քվեարկությունից հետո հայտարարեց բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը, ով ընտրության առաջին օրից` ավելի քան տասը տարի, պայքարում է հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:«Ես տարբեր առիթներով այս ամբիոնից խոսել եմ Հայոց ցեղասպանության մասին: Հայազգի եկեղեցական Գրիգորիս Պալաքյանն արձանագրել էր այդ օրերի գողգոթան ու գրել. - «Անկարան ու շրջակա քաղաքները վերածվել էին սպանդանոցի, մարդկանց սպանում էին կացիններով, մանգաղներով ու բահերով, հայերին մաս-մաս էին անում, երեխաներին ժայռերից ցած նետում` մայրերի աչքի առջև... ամենուր աննկարագրելի սարսափ էր»: Եվ նույնիսկ թվացյալ տեղահանության ժամանակ հայերին պարտադրվող պայմանները հուշում էին ` Թուրքիայի վերջնական նպատակն էր բնաջնջել հայ ժողովրդին»:Մեջբերելով մի շարք այլ ականատեսների, այդ թվում` այդ օրերին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները, Մենենդեսը հայտարարեց․ - «Երախտապարտ եմ, որ այս փաստաթուղթն ընդունվեց այն ժամանակ, երբ մեր կողքին դեռ Ցեղասպանությունը վերապրած մարդիկ կան...»: 65-ամյա սենատորը, սակայն, չկարողացավ միտքն ավարտին հասցնել. արցունքները խեղդեցին կոկորդը:«Ճշմարտության այս հաղթանակին մենք ստիպված էինք երկար սպասել», - իր հերթին փաստեց բանաձևի համահեղինակ, հանրապետական Թեդ Քրուզը, հիշեցնելով` մինչ այդ հանրապետական երեք սենատորներ մեկը մյուսի ետևից արգելափակում էին նույն այդ փաստաթղթի ընդունումը` Սպիտակ տան խնդրանքով:«Ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհը լռեց, երբ հայ ժողովուրդը տառապանքների էր ենթարկվում ու կոտորվում, և նույնիսկ այսօր շատերն են անտեղյակ կատարվածից: Բայց մենք երբևէ չպետք է լռության մատնենք այդ վայրագությունները, մենք պարտավոր ենք բարձրաձայնել ճշմարտությունը: Այս բանաձևը փաստում է` ԱՄՆ քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչմամբ և հիշատակմամբ», - հայտարարեց Քրուզը:Ավելի վաղ` անցած հոկտեմբերին էլ Կոնգրեսի ստորին պալատը` Ներկայացուցիչների տունն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը ձայների գերակշռող մեծամասնությամբ` 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Այդ բանաձևի հեղինակ, հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը շտապել է ողջունել Սենատի որոշումը. - «Կոնգրեսն այժմ միասնական է Ցեղասպանության մասին ճշմարտությունը բարձրաձայնելու հարցում, և ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը ևս մեզ միանա»:Սենատի և Ներկայացուցիչների տան բանաձևերը միմյանցից անկախ են, օրենքի ուժ չունեն և, ըստ ընթացակարգի, չեն պահանջում ԱՄՆ նախագահի ստորագրությունը։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միաժամանակ փաստում է` այդ քվեարկություններով ԱՄՆ օրենսդիր իշխանությունն ամբողջովին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Լոբբիստական կառույցն արձանագրում է` Ամերիկայի դեսպանները աշխատանքի անցնելուց առաջ պարտավոր են ստանալ Սենատի հավանությունը, ինչը նշանակում է, որ «այսուհետ բոլոր թեկնածուները պետք է հետևեն Կոնգրեսի պաշտոնական քաղաքականությանը, այլապես վտանգի տակ կդնեն իրենց հեղինակությունն ու աշխատանքը»։Անկարայի արձագանքը չի ուշացել. արտգործնախարար Չավուշօղլուն Սենատի որոշումը «քաղաքական ներկայացում» է որակել, ու պնդել․ - «Պատմությունը քաղաքական նկրտումներին ծառայեցնողներն ու առերեսվել չցանկացողները վախկոտներ են»։«Սենատի վերջին քայլերը վտանգի տակ են դնում մեր երկկողմ հարաբերությունների ապագան», - իր հերթին Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահական նստավայրի խոսնակ Ֆահրեթդին Ալթունը, հավելելով․ - «Պատմության մեջ այս բանաձևերը կմնան որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների կողմից Թուրքիայի դեմ ձեռնարկված անպատասխանատու և անօգուտ քայլեր, որոնք տևական վնաս են հասցնելու երկու ժողովուրդներին»:Պաշտոնական Երևանը ողջունել է վաշինգտոնյան քվեարկությունը. «Հիրավի՝ պատմական իրադարձություն», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ շնորհակալություն է հայտնել սենատորներին, ընդգծելով` «թիվ 150 բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը»:Ամերիկյան լրատվամիջոցները փաստում են, որ պատմական այս քվեարկությունը տեղի ունեցավ թուրք-ամերիկյան սրված հարաբերությունների ֆոնին. ընդամենը մեկ օր առաջ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել մի օրինագծի, որը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու և Սիրիայի հյուսիս ներխուժելու համար:







ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռ/կ

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.