niderlandakan

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԸՆԿԵՐՈՋ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Պերճ Ասատուրյան
01.01.1985-01.01.2020

Նոր Տարին մեզ համար ավետվեց մահվան ցնցող գույժով:
ՈՒժերի ծաղկման  շրջանում անժամանակ ու հանկարծահաս մահը մեզանից խլեց բարեշնորհ Պերճ սարկավագ Ասատուրյանին: Նա ապրեց ուղիղ 35 իմաստալից ու  իր  կյանքը Աստծուն ու ժողովրդին նվիրաբերած երկրային տարիներ:
Պերճ Ասատուրյանը ծնվել է 1985թ հունվարի 1-ին Սիրիայի Կամիշլի քաղաքում:  12 տարեկանում ուսանել է Անթիլիասի դպրեվանքում. Այնտեղ էլ ձեռնադրվել է  ավագ Սարկավագ ։ Կրելով իր մեջ Աստծո սերն  ու փափագը իր ժողովրդին այն փոխանցելու` ծառայեց Իրանի Էսֆահան Առաջնորդարանում` որպես դպրապետ։ 2012 թվականից նա մշտական բնակություն հաստատեց Հոլանդիայում:   Սիրով ծառայեց հայաշատ Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում: 2014 թվականին տեղափոխվեց Մաստրիխտ` Սուրբ Կարապետ Եկեղեցու ավագ սարկավագն էր, ուր և մինչև կյանքի վերջ իր  նվիրական ծառայությունը կատարեց:   Նրա Աստվածահաճո օրինակելի  վարքը  շատերի սրտերը  շահեց: Բանիմաց ու խելացի էր, ընկերասեր ու  մարդամոտ: Շատերի հիշողության մեջ թարմ է, երբ  նա դուդուկահար Արթուր Պետրոսյան հետ  պատմության մեջ առաջին անգամ` Նիդերլանդներում Սուրբ  Սերվատիուսի անունը կրող բազմադարյան տաճարում մեղրածոր դուդուկի նվագակցությամբ հանդես եկավ  հայ հնագույն երգի կատարումով: Պերճ Ասատուրյանը սրտով ու  հոգու անկեղծ մղումով դա արեց: Կոմիտասի ՔԵԼԵ, ՔԵԼԵՆ  էր, որն անհնար է մոռանալ: 

Սա հարգանքի նրա վերջին խունկն  էր մեծն Կոմիտասին` վերջին ուխտը Սուրբ Սերվատիուսի նվիրական աճյունի մոտ.
Քելե՛, քելե՛, քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ,

Սիրավոր լորիկ,
Վիրավոր լորիկ,
Լորիկ,
Սևավոր լորիկ,
Լորիկ ջան:

Քելե՛, քելե՛, քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

Քելե՛, քելե՛, բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:

Քելե՛, քելե՛, ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,

Քելե՛, քելե՛, աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:

Դուդուկի ելևԷջներն ու Պերճի երգը տարածվեցին հազարամյա բազիլիկ եկեղեցու սրահում,  Սուրբ Սերվատիուսի դամբարանում, որի դռները առաջին անգամ բացվեցին հայ կատարողների առջև: Այսօր Պերճի երգը հասավ Աստծուն ու կարծես նրա մասին են: Հոգուդ լույս ու պայծառություն` Աստծո սպասավոր: Հանգչիր խաղաղությամբ սիրելի  բարեկամ, ընկեր, հոգևորական ու լավ մարդ:  Քո հիշատակը միշտ  վառ կմնա մեր սրտերում:


Մաստրիխտի ՍԲ.Կարապետ եկեղեցւո ծխական խորհուրդ
Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնք
Նիդ.Օրագիր

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.