niderlandakan

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի այցը Հայաստան

Հունվարի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ: Հանդիպման սկզբում Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի՝ Հայաստանում ներկայացուցչություն հիմնելու որոշման համար:

Ողջունելով իր գործընկերոջը՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Սա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի առաջին այցն է Հայաստան: Մենք ականատեսն ենք մեր երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի արձանագրմանը: Ունենք շատ լավ երկկողմ օրակարգ, որը ներառում է տարբեր ոլորտներ, մենք առևտրի ու տնտեսական ոլորտներում, քաղաքական երկխոսության առումով արձանագրել ենք լավ ցուցանիշներ: Այս այցը կոչված է ակտիվացնելու մեր երկխոսությունը. ակնկալվում է բարձր մակարդակի այցերի շարունակականություն: 

Մենք պատրաստակամ ենք ձևավորելու հարթակ մեր հասարակությունների, ժողովուրդների միջև տարբեր բնագավառներում սերտ համագործակցության համար, ինչպիսիք են՝ առևտրի, տնտեսության, մշակույթի, գիտության ոլորտները: 

Լինելով գրեթե երկու տարվա կառավարություն՝ մենք խիստ հետևողական ենք՝ շարունակելու բարեփոխումների գործընթացն ընտրությունների ընթացքում մեր հասարակությունից ստացած լայն մանդատի հիման վրա: Մեր ջանքերը ստանում են նաև միջազգային աջակցություն, ունենք ուժեղ հանձնառություն, լուրջ տրամադրվածություն՝ շարունակելու այս ուղղությամբ համագործակցությունը նաև մեր գործընկերների հետ: 

Ձեր այցը տեղի է ունենում այնպիսի ժամանակահատվածում, երբ ականատես ենք հետաքրքիր զարգացումների տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես հանդիսանալու է մեր այսօրվա օրակարգի մաս: Ջերմորեն ողջունում եմ Ձեզ և ակնկալում եմ արդյունավետ քննարկում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Նիդերլանդների ԱԳ նախարար Ստեֆ Բլոկն ընդգծեց. «Ինձ համար սա մեծ պատիվ է, և ուրախ եմ լինել Նիդերլանդների առաջին ԱԳ նախարարը, ով այցելում է Հայաստան: Մենք խիստ հետաքրքրված ենք այստեղ տեղի ունեցող զարգացումներով և շատ ենք կարևորում այն առաջընթացը, որին ականատես ենք եղել այս տարիներ ընթացքում»: 

Արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով վերջինիս հետագա ամրապնդման ուղղությամբ քայլերի կարևորությունը, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման միջոցով:

Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում արտգործնախարարներն ուղենշեցին առկա մեծ ներուժի լիարժեք կիրառման համար ձեռնարկվելիք քայլերը՝ որպես հեռանկարային ուղղություններ, ի թիվս այլոց, առանձնացնելով խելացի կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության,  գյուղատնտեսության, բանկային ոլորտները:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ երկուստեք արժևորվեց  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացի խթանման և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի համար՝ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնային նշանակությունը: 

Իր նիդերլանդացի գործընկերոջը ներկայացնելով ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործընթացը՝ նախարար Մնացականյանը կարևորեց այդ օրակարգի առաջմղման ուղղությամբ միջազգային և տարածաշրջանային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը Ստեֆ Բլոկին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները և հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները։

Հանդիպման ավարտին Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով

Այցի օրն առավոտյան  Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: 

 Նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը դիմավորողների  և ուղեկցողների թվում էր  Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան  Բալայանը:


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.