niderlandakan

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի մասին միջոցառում

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Բաքվի հայերի ջարդերի մասին միջոցառում

 Բրյուսել, 6 փետրվար 2020 -  Չորեքշաբթի, փետրվարի 5-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը (Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցություն, Կիպրոս) հյուրընկալել է «Մոռացված փախստականները. ի՞նչ պատահեց Բաքվի հայերի հետ» խորհրդաժողովը: Միջոցառումը համակազմակերպել էին ՀՅԴ Եվրոպայի հայ դատի գրասենյակը և ԵՄ-ում ՀՀ առաքելությունը:

Խորհրդաժողովի բանախոսներն էին Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, իր մարդասիրական գործունեությամբ հայտնի բարոնուհի Քերոլայն Քոքսը, ամերիկահայ գրող, իրավաբան և իրավապաշտպան Աննա Աստվածատուրյան Թուրքոթը և Բրյուսելի բաց համալսարանի դասախոս, թարգմանիչ Դավիթ Բաբաևը: Վերջին երկու բանախոսները վերապրել են Բաքվի հայերի ջարդերը:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, պատգամավորների խորհրդականներ, ուսանողներ, քաղաքացիական հասարակության և ԵՄ-ում մի շարք երկրների առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաքվի հայերի ջարդերը վերապրած Բելգիայի քաղաքացիներ:

Խորհրդաժողովի բացման իր խոսքում Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը ողջունել է ներկաներին՝ մեծապես կարևորելով Բաքվի հայերի ջարդերին նվիրված միջոցառման կազմակերպումը եվրոպական ժողովրդավարության կենտրոնում. «Եվրոպական խորհրդարանը 1990 թվականի իր բանաձևերում միանշանակորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը»,- հիշեցրել է Կարապետեանը:

Եվրոպական խորհրդարանի անդամ Կոստաս Մավրիդեսը հայտարարել է, որ որոշել է հյուրընկալել միջոցառումը նաև այն պատճառով, որ ինքն էլ կիսում է փախստականների ճակատագիրը. մանուկ հասակում իր ընտանիքն էլ ստիպված է եղել փախուստի դիմել՝ 1974 թվականի Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ: Պատգամավորը շեշտել է. «Հիշատակելը վրեժխնդրություն չի նշանակում, բայց միևնույն ժամանակ մոռացության մատնելն էլ աններելի է, քանի որ այն նոր հանցագործությունների է բերում»:

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Ն.Գ. դեսպան Թաթուլ Մարգարյանը հիշեցրել է, որ Ադրբեջանում հայերի կոտորածները հետսառըպատերազմյան Եվրոպայում առաջին զանգվածային սպանություններն ու էթնիկ զտումներն էին:

Իրենց վկայություններում Աստվածատուրյանն ու Բաբաևը ներկայացրել են ողբերգական օրերի իրենց հիշողությունները. «Մենք ամիսներով թաքնվել էինք մեր բնակարանում՝ հուսալով, որ հայերի դեմ բռնությունը կդադարի: Բայց այն չդադարեց: Մենք ամեն ինչ թողեցինք ու փախուստի դիմեցինք: Մի կերպ փրկվեցինք ու կենդանի մնացինք: Մեր հարևաններից ու բարեկամներից շատերը մեզ նման բախտավոր չգտնվեցին»: Բաբաևը շեշտել է, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի համար պարարտ հող էր նախապատրաստված. «Այդ վայրագությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունները, սպանությունները, մարդկանց կենդանի այրելը, չպիտի անպատիժ մնան»:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը շարունակվել է Բաքվում, Սումգայիթում և Արցախում, և այն պետք է ճանաչվի՝ անպատժելիությանը վերջ դնելու համար»:

Բանախոսները նաև նշել են, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում որպես պետական քաղաքականություն շարունակում են համակարգված կերպով հայատյացություն սերմանել և տարածել, որի ականատեսն են եղել նաև Բաքվի ջարդերի զոհերը: Եզրափակելով՝ բանախոսները շեշտել են Եվրոպական միության կարևոր դերը որպես երկխորոսությունը, խաղաղությունը և մարդու իրավունքները խթանող կարևոր «փափուկ ուժ»:

Բանախոսություններին հաջորդել է հարց ու պատասխան, և խորհրդաժողովի մասնակիցները, այդ թվում ադրբեջանցիները, հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել բանախոսներին: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Questions & Contact
Harout Chirinian
Communication and PR Officer 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.