Իլհան Աշկինի իրական պատկերը
Սկիզբը` «Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»
24.02.2020/Hay Azian/ Նիդ.օրագիր
Պարզվում է, որ ամբաստանյալ ազգայնամոլ Իլհան Աշկինի գործունեությունից բավական դժգոհ է Նիդերլանդներում գործող «Եվրոպայի Ադրբեջանի բարեկամներ» կազմակերպությունը` հանձինս նախագահ Էլման Մուստաֆազադեի, ով նաև իր հավաստմամբ` Եվրոպայում առաջինը գրանցված «Xudafərin» ադրբեջանալեզու կայքի գլխավոր խմբագիրն է:

Հենց այս, նաև հունվարի 31-ին իր մահկանացուն կնքած «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության բավական հայտնի լրագրող Միրզա Խազարի կայքում նա բացահայտում է ադրբեջանական սփյուռքի աշկինյան գործունեությունը:
Մուստաֆազադեն 2000թվականից բնակվելով Հոլանդիայում, ըստերևույթին շատ լավ է ճանաչում Աշկինին, այլապես նման խոհանոցային մանրամասներ չէր հրամցնի իր ընթերցողին` «Թեյարան, վարսավիրանոց, թե՞ թուրք-ադրբեջանական մշակութային միություն», հռետորական այսպիսի հարցով է սկսում նա հոդվածը, ապա շարունակում, որ Եվրոպայում երկար տարիներ (30) արժանապատիվ գոյատևող այս կառույցն արդեն 10 տարուց ավելի գտնվում է ոչ երանելի, ազգայնամոլ Աշկինի ղեկավարության ներքո, ով «հետևողականորեն վերահսկում և ոչնչացնում է» այն:
Եվրոպայում նրան ասում են «աչքածակ», «շահամոլ» Իլհան (“Paragoz İlhan”), լավ թեյ, սուրճ պատրաստողի ու փող հավաքողի, համարում ունի, նույնիսկ շատերը գիտեն, որ նա գնչու է :

Ցեղասպանության զոհերին նվիրված հայկական հուշհամալիրներն ու Խոջալուի հուշաքարը
Հայտնի է, որ Աշկինը Հաագայի գերեզմանոցներից մեկում, Խոջալուին նվիրված մի հուշաքար է տեղադրել: Երբ լրանում է Խոջալուի մարտերի տարելիցը, նա օր ու գիշեր, փութաջանորեն իր հայրենակիցներին աղերսում, խնդրում, համոզում է, որ այդ օրը` անկախ եղանակից, քամուց ու փոթորիկից, ներկա լինեն ու հարգեն «նահատակների» հիշատակը: Ճիշտն ասած մեզ անհասկանալի է քարին նկարված պատկերը` կինը երկու ձեռքով, ասես ծանրամարտիկը, երեխային հանել է գլխից վեր ու կարծես... ուզում է վերից վար նետել:

Դրա իմաստը չի հասկանում նաև Մուստաֆազադեն: Ահա այս հուշաքարի մասին ինչ է գրել նա. «Երբ խոսքը Խոջալուի հուշաքարին է վերաբերվում, ըստ էության, այն ուղիղ համեմատական է մեր սփյուռքի ողբալի վիճակին: Գերեզմանոցում Իլհան Աշկինը թողել է փորագրած փոքրիկ գլուխ ՝ « Խոջալույում մահացածների հիշատակին» մակագրությամբ»: Մուստաֆազադեն փորձում է հասկանալ` «Արդյո՞ք այդ մարդիկ մահացել են, միգուցե՞ սպանվել են, թե` ի վերջո ձիուց են ընկել ու մահացել: Ինչո՞ւ են խուսափել Խոջալուի ցեղասպանություն արտահայտությունից...»: Ո՞ւմ են ծառայում այդ մարդիկ, գուցե հայերին` հարց է տվել նա ու շարունակել: Այո, Հազարավոր մարդիկ են ներգրավվել, 100.000-ից ավել Եվրո է հավաքվել` մինչ «Խոջալուի հուշարձան» կոչվածի վրա այսքան փոքր գլուխ է նկարվել` հեգնում է Մուստաֆազադեն ու շարունակում, մինչդեռ այսօր հայերը Նիդերլանդներում ունեն Հայոց Ցեղասպանության 3-րդ հուշհամալիրը: Որպես համոզիչ օրինակ «Խուդաֆերինի» իր կայքում նա Ալմելոյի հուշհամալիրի 2 խոսուն լուսանկարների կողքին տեղադրել է Խոջալուին նվիրված խղճուկ շիրմաքարի պատկերը ու մեզ համար նոր բացահայտում անում:

Մի քանի անգամ թուրք-ադրբաջանական մշակութային միության շենքի կոտրած ապակիները` եթե ոչ Աշկինի, ապա նրա նախաձեռնությամբ արված քայլ է: Աշկինը ներքին լսարանին դա հրամցնում է «հայերի ձեռքի գործ»: Նոր ապակիների տեղադրումը, որ Նիդերլանդներում շատ հաճախ հոգում են ապահովագրական ընկերությունները, Աշկինի համար այն վերածվում է «հայրենասիրական» դրամահավաք ակցիայի` Ադրբեջանի, Թուրքիայի և աշխարհի շատ երկրներում բնակվող ադրբեջանցիներից: Մի քանի տարի առաջ էլ նույն բանի համար Ադրբեջանի կառավարության սփյուռքի կոմիտեն է 30,000 եվրո փոխանցել՝ միության մեկ սենյականոց գրասենյակը վերանորոգելու համար:
Հոդվածագրի կարծիքով, եթե հետաքննություն վարվի ապա կբացահայտվի Իլհան Աշկինի դավաճանություններն ու բազմաթիվ հանցագործությունները:
Նրա պնդմամբ` «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» Աշկինի վիրավորական արտահայտության ողջ դատական ծախսերը փակվում է դրամահավաքությամբ:


Մուստաֆազադեն մինչ իր հոդվածին «շարունակելի» գրիֆը դնելը, գրել է. « Այս անպատկառ մարդն ամոթ չունի, գումարներ է հավաքում մեր հայրենակիցներից ու բիզնեսմեններից և շարունակ լուսանկարվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ պատգամավորների հետ»:
Կոռուպցիոն կասկածելի կապեր Հաագայի քաղաքապետարանի չինովնիկի հետ
Երբ հայկական կազմակերպությունները փակեցին ազգայնամոլ Աշկինի բերանը` սա վերջին մոհիկանի պես, իրեն ազգի հալածված փրկիչ համարեց: Էլ ավելի ցավոտ ընդունեց իր հայրենակցի` «Եվրոպայում Ադրբեջանի բարեկամներ» ընկերության նախագահ, «Խուդաֆերինի» գլխավոր խմբագիր Էլման Մուստաֆազադեի ծայրից-ծայր մերկացնող հոդվածը, որտեղ ագայնամոլի պիտակին ավելացվեց խարդախի, դավաճանի ու դրամաշորթի որակավորումները: Աշկինը, որքան էլ պնդի, որ հանուն իր լավ գործերի են խփում թիկունքին, այնուհանդերձ նրա դեմ եղած փաստերն այլ տեղերից էլ են հորդում:
Այս օրերին Նիդերլանդական մամուլը ողողված է Հագգայի` արդեն նախկին ավագանի, հոլանդացի-մարոկկացի քաղաքական գործիչ Ռաշիդ Գերնաուին (Rachid Guernaoui, 1972) առնչվող կոռուպցիոն գործարքների մասին պատմող նյութերով(հղումն`այստեղ),
որտեղ ներգրաված է նաև Աշկինի թուրք-ադրբեջանական մշակութային միության անունը: Քաղաքապետարանը Ռաշիդ Գերնաուի ակտիվ միջամտությամբ վերջին սուբսիդավորումը` 9000Եվրոն փոխանցել է Աշկինի կազմակերպությանը` Նովրուզի տոնը թուրք մենեջեր ունեցող օպերայի շենքում կազմակերպելու համար, պայմանով, որ շենքի վարձակալության, ուտելիքի ու երաժշտության համար վճարվի 6000-ը : Մարոկացի քաղաքական գործիչն արդարանում է, որ ամեն բան օրենքով է արել, մասնավորապես դատախազությանն է ներկայացրել քաղաքապետարանի հուշագիրը, որտեղ թուրք-ադրբեջանական ընկերությունը դիտվում է որպես «Հաագայում ադրբեջանցիների շրջանում լայն աջակցություն վայելող ակտիվ հասարակական կազմակերպություն»: Ըստ հուշագրի, ընկերությունը պարբերաբար նախագծեր է իրականացրել լեզվի ուսուցման, հարևանության, ազատականացման, ԼԳԲՏԻ համայնքի, մշակութային ծրագրերի բազմազանության ոլորտներում: Աշկինի կազմակերպությունը նման դրամաշնորհների է արժանանում սկսած 2012 թվականից: Այս անգամ, դատախազությունը հեռախոսային խոսակցությունների ապացույցներով հաստատակամ է, որ գործ ունի կոռուպցիայի հետ: Հեռախոսային զրույցների լսումներից Մզկիթի տնօրեն Դորտ Մասումլարը (Dort Masumlar) և օպերայի մենեջեր Էրդինք Աքիոլը (Erdinç Akyol) Ռաշիդ Գերնաուին համարել են «քաղաքապետարանի իրենց մարդը»:
Այնպես որ տեսանելի փաստերը Աշկինի ու նրան օժանդակողների մասին օր օրի ավելանում են ... Գորշ ամպեր են կուտակվում գորշ գայլերի գլխավերևում:
Շնորհակալություն ենք հայտնում Խաչիկ Կիւրեղեան Պալըքճեանին Թուրքերենից ու ադրբաջաներենից թարգմանած առանձին պարբերությունների համար:


Հոդվածաշարի հերթականությունը`
2.«Հայերի հաջողությունը կայանում է ադրբեջանական սփյուռքի թուլության մեջ»
------------------------
Այս թեմայով կարդացեք նաև.
https://niderlandakan.livejournal.com/191908.html
https://niderlandakan.livejournal.com/297069.html
https://niderlandakan.livejournal.com/190243.html
https://niderlandakan.livejournal.com/184752.html