niderlandakan

ՈՒ՞մ շահերն է սպասարկում «Արցախ լրահոսը» և ինչու՞ է այն աղմկում

 Արձագանք Հայկուհի Խաչատրյանի' «փոխնակ մայր» լինելու մեղադրանքին

13.03.2020/ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ/Նիդ.օրագիր

Փետրվարի 17-ին «Արցախ լրահոս» դոմեյնի կողմից «Մամուլի Խոսնակ» լրատվական հարթակում հրապարակված հոդվածում անանուն աղբյուրից ստացած տեղեկատվության հիման վրա՝  Հայկուհի Խաչատրյանը բաց տեքստով մեղադրվում է փոխնակ մայր լինելու բիզնեսային գործընթացի մեջ։ (Հայկուհին Հանրապետական ծննդատանը 2019թ. աշնանը ծննդաբերել էր արու զավակ, սակայն նրան այդպես էլ չէր տեսել. բժիշկները հավաստիացնում են, թե երեխան մահացած է ծնվել): Օրերս Հ.Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վերոնշյալ հոդվածին և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը` այնտեղ տպագրված կեղծ տեղեկատվությանն ու դրա տարածման կապակցությամբ:

նման բովանդակությամբ հոդվածը համացանցում բազմաթիվ օգտատերերի վրդովմունքի առիթ է դարձել։  Չնայած «Նիդերլանդական Օրագիրը» լուսաբանում է նիդերլանդահայերի կյանքն ու տեղական անցուդարձը, այնուամենայնիվ պարբերաբար չի շրջանցում նաև հայաստանյան և միջազգային կարևոր իրադարձությունները: Այսպիսով, որոշեցինք անտարբեր չանցնել հասարակությանը հուզող ու հնչեղություն ստացած այս թեմայի կողքով ևս:

Հետամուտ լինելով լրագրողական էթիկային՝  փոքր լրագրողական հետաքննություն իրականացրեցինք` հարթակ տրամադրելով կողմերին և նրանց, ովքեր կարող են հարցի առթիվ որևէ պարզաբանում տալ: Կապվեցինք Հ.Խաչատրյանի հետ՝  պարզելու, թե, որքանո՞վ է հրապարակվածը համապատասխանում իրականությանը։ Հայկուհին ասաց, որ «Արցախ Լրահոսի» հոդվածն ու դրա պարունակությունը ոտքից գլուխ հերյուրանք են. «Գոնե ավելի հավատալի պատմություն մտածեին։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ես այնտեղ եղել եմ ընդամենը մի քանի անգամ, այն էլ՝  շատ կարճ ժամանակով. քաղաքացիությանս հարցերով եմ գնացել, ինչպես նաև մասնակցել եմ հարսանեկան մի արարողության։ Հանրության արձագանքը արդարացի պատասխանն է այս անհիմն մեղադրանքներին ու իմ անձը վարկաբեկելու փորձին. մարդիկ ապշած են նման անհեթեթ հորինվածքից, սա ուղղակի ծիծաղելի է», - ասաց նա։

Ինֆորմացիան ճշտելու նպատակով կապվեցինք Հայկուհու նախկին փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ, ով հավաստիացրեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության և որ նման մեղադրանքները քննվող քրեական գործին ընդհանրապես չեն առնչվում, ավելին՝ ոչ կոռեկտ են։  Այն հարցին, թե ով կարող էր այդ տեղեկատվության տարածման հեղինակը լինել, Սուսաննան ասաց, որ կասկածյալների շառավիղը չափազանց մեծ է։ Ս.Սարգսյանը համոզված է, որ նման տեղեկատվության տարածումն ունեցել է նպատակ իրեն և Հայկուհուն իրար դեմ տրամադրելու, ինչպես նաև՝ Հայկուհու և մնացած  մայրերի գործերի բացահայտմանը արհեստականորեն խոչընդոտելու։

Լրագրողական հետաքննությունը բազմակողմանի դարձնելու նպատակով՝  հեռախոսային կապ հաստատեցինք նաև Հանրապետական ծննդատան (այստեղ ծննդաբերել է Հայկուհին) գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանի հետ։ Նա ասաց, որ հեռախոսով ոչ մի հարցի չի պատասխանում և որ Հայկուհի Խաչատրյանի հետ կապված ոչ մի հարցի նույնպես չի պատասխանում։ Իսկ մեր այն հարցին, թե ե՞րբ, ո՞ր ժամին և որտե՞ղ կարող են մեր ներկայացուցիչները Երևանում դեմ առ դեմ իրեն ուղղել Հ.Խաչատրյանի՝  փոխնակ մայր լինել-չլինելուն վերաբերող ընդամենը մեկ հարցը, Ռուզաննա Քեհյանն անջատեց լսափողը։ 

Կապվեցինք ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Արամ Ավետիսյանի հետ։ Նրա տեղեկացմամբ`  Հ.Խաչատրյանի գործն այս պահին նախաքննության գաղտնիության փուլում է, և որ «հրապարակման ենթակա հատուկ բան չկա»: Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, կարո՞ղ են որևէ կերպ արձագանքել Հ.Խաչատրյանի՝ «Արցախ լրահոսի» կողմից հրապարակված մեղադրանքին, Ա.Ավետիսյանն ասաց, որ չգիտի, թե ինչ է «Արցախ լրահոս» օգտատերը հրապարակել. եթե քննչական կոմիտեի մամլո ծառայությունը տրամադրած լիներ նրանց նման տեղեկատվություն, ապա նա կարձագանքեր այդ հրապարակմանը։  Ա.Ավետիսյանի հավաստմամբ, «Արցախ լրահոսը» հազար ու մի բան կարող է գրել. իրենք իրավասու չեն ու կարիքը չկա, որ արձագանքեն ամեն մի լրատվականի հրապարակմանը՝  հերքեն կամ հաստատեն:

Ինչ վերաբերում է «Արցախ լրահոսին», ապա մենք նրանց հետ ևս փորձեցինք կապ հաստատել, սակայն մինչ օրս չենք ստացել մեր նամակի գրավոր պատասխանը` թե որ  կազմակերպությունն են իրենք  ներկայացնում։ Հուսով ենք այս հոդվածից հետո նրանցից որևէ արձագանք, այնուամենայնիվ, կստանանք։ Ուշագրավ է նաև այն, որ «My.mamul.am» հարթակում «Արցախ լրահոս» օգտատիրոջ կողմից վերջին երկու տարվա ընթացքում հրապարակվել է ընդամենը 6 հոդված: Հայկուհի Խաչատրյանի մասին մեղադրական հոդվածը վերջին գրառումն է, որն ընթերցել են 5 հազարից ավել անգամ:

Մեր բոլոր լրագրող գործընկերներին հորդորում ենք անանուն, գաղտնի աղբյուրներից ստացած տեղեկատվությունը հրապարակելուց առաջ անպայման ստուգել փաստերը, ինչպես նաև հարթակ տրամադրել բոլոր շահագրգիռ կողմերին կամ հրապարակել փաստացի ապացույցներ։

Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը մեղադրում է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի» հանրապետական ինստիտուտի նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին և հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Ռուզաննա Քեհյանին իր նորածին որդուն ծնարանից առևանգելու և վաճառելու մեջ։ Հենց Հայկուհու աղմկահարույց պատմությունից հետո ԱԱԾ-ն տարածեց, որ Հանրապետական հիվանդանոցը անմիջական մասնակցություն է ունեցել հայ երեխաների առուծախի գործին։ Ռազմիկ Աբրահամյանը հինգ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրա դեմ դատական նիստը դեռ շարունակվում է՝  այլ գործի շրջանակներում։ 

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.