niderlandakan

Համահայկական 5-րդ բնագիտական օլիմպիադա

արխիվային լուսանկար
արխիվային լուսանկար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թվականի հուլիսի 13-ից 18-ը կազմակերպում է դպրոցականների Համահայկական բնագիտական օլիմպիադան` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Հայաստանի աշխարհագրություն» առարկաներից, -այդ  մասին «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում են Հայաստանի դեսպանությունից:

Օլիմպիադայի նպատակն է ազգային հենքի վրա համախմբել հայ երիտասարդներին, ներգրավել նաև հայերենին չտիրապետող երիտասարդների համար իրականացվող ծրագրերում, խրախուսել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը, ինչպես նաև օժանդակել առողջ մրցակցության պայմաններում գիտելիքների ու ստեղծագործական կարողությունների դրսևորմանը, նպաստել առավել շնորհալի երիտասարդների հայտնաբերմանը սփյուռքում:

Օլիմպիադային կարող են մասնակցել 14-18 տարեկան երեխաներ: Մրցույթներն անցկացվելու են մեկ տարիքային խմբի համար: Մասնակիցները կարող են լինել հայերեն ուսուցմամբ վարժարանների և կրթօջախների (այդ թվում` միօրյա) սաները, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող հայ պատանիներ:

Օլիմպիադան ընդգրկում է առանձին մրցույթներ ֆիզիկայից, մաթեմատիկայից և Հայաստանի աշխարգարությունից: Սփյուռքից մասնակիցները կարող են հայտագրվել և մրցել կամ յուրաքանչյուր առարկայական ոլորտներից մեկում, կամ երեք առարկաների շրջանակում: Հայաստանի մասնակիցների համար մասնակցությունը ֆիզիկայի, մաթեմատիկայի և Հայաստանի աշխարհագրության մրցույթներին պարտադիր է:

Բոլոր մրցույթներն անկացվելու են մեկ (գրավոր) փուլով: Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի լրացուցիչ հարցում:

Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում առաջադրանքներն օլիմպիադայի կազմակերպիչների կողմից կարող են ներկայացվել ռուսերեն և անգլերեն լեզուներով: Այլ լեզուների պարագայում` առաջադրանքների թարգմանությունն իրականացվում է պատվիրակության ղեկավարի կամ ուղեկցողի կողմից:

Բնագիտական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են 1-ին կարգի 3, 2-րդ կարգի՝ 6 և 3-րդ կարգի՝ 9 դիպլոմներ և մրցանակներ:

Հայաստանում գտնվելու ընթացքում պատվիրակների համար նախատեսված են նաև տարաբնույթ մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ:

Օլիմպիադային համահայկական բնույթ հաղորդելու համար հայցում և ակնկալում ենք հայկական համայնքների, ազգային-հասարակական հաստատությունների և կազմակերպությունների, Թեմական և կրթական խորհուրդների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը: Ուրախ կլինենք բոլոր հայկական կրթօջախների ակտիվ մասնակցության համար:

Հնարավորության դեպքում՝ ցանկալի է օլիմպիադայի մասնակիցների միացյալ պատվիրակություն (խումբ) ձևավորել ըստ երկրի կամ բնակավայրի` առավել բանիմաց թեկնածուների ընտրության և ներկայացուցիչներ ուղարկելու խնդիրը համակարգելու համար: Բացի պատվիրակության /խմբի/ ղեկավարից՝ 5 երեխայից ավելի կազմված պատվիրակությունը պետք է ունենա մասնակիցների թվակազմի համեմատ ուղեկցող/ներ/՝ յուրաքանչյուր 10 պատանու համար 1 ուղեկցող (5-10 հոգի՝ 1 ղեկավար, 1 ուղեկցող, 10-20 հոգի՝ 1 ղեկավար, 2 ուղեկցող): Հայտերն ստանալուց և մասնակիցների թիվն ամփոփելուց հետո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն իրավունք է վերապահված, անհրաժեշտության դեպքում, բանակցային հիմքի վրա, յուրաքանչյուր դիմած պատվիրակության համար լրացուցիչ սահմանել հնարավոր թվակազմը՝ նախապես ներկայացված քանակը նվազեցնելու կամ բարձրացնելու ուղղությամբ:

Պատվիրակության (խմբի) ղեկավարն իր նախընտրությամբ Երևանում կարող է համալրել համապատասխան մրցութային հանձնաժողովի կազմը:

Օլիմպիադայի ընթացքում մասնակիցների և ուղեկցողների կեցության, սննդի և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:

Մասնակցության հայտերը պետք է լրացնեն պատվիրակությունների (խմբերի) ղեկավարները և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն փոխանցեն մինչև 2020 թվականի հունիսի 1-ը: Իսկ մինչև հունիսի 22-ը հարկավոր է ուղարկել վերջնական հաստատում պատվիրակության կազմի և թվաքանակի վերաբերյալ` աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով:

Ղեկավար(ներ)ն իրականացնում է(են) սաների նախապատրաստումն օլիմպիադային և պատասխանատու է(են) այլ ընթացիկ մասնագիտական խնդիրների համար պատվիրկության այցը Հայաստան նախապատրաստելու փուլում և Հայաստանում գտնվելու ընթացքում: Հաղորդակցման լեզուն հայերենն է:

Հայաստանի մասնակիցների ընտրությունն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մասնակցության վերաբերյալ որոշումը կայացվելու է հարցազրույցի արդյունքում, որը տեղի կունենա 2020թ. մայիսի 24-31-ն ընկած ժամանակահատվածում համապատասխան առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին մասնակցած, սակայն որևէ մրցանակային տեղ չզբաղեցրած բոլոր աշակերտների հետ: Հարցազրույցի մասին թեկնածուները տեղեկացվելու են մինչև 2020թ. մայիսի 24-ը:

Արցախի պատվիրակությունը ձևավորվում է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից և ներկայացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2020թ. մայիսի 31-ը:

Մրցույթներին պատրաստվելու համար անհրաժեշտ մեթոդական նյութերը կարելի է գտնել 2020թ. մարտի 20-ից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական www.escs.am կայքէջում՝ «Ծրագրեր» բաժնի «Սփյուռք» ենթաբաժնում:

Հավելյալ հարցերով կարելի է դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն.
հեռ. +374 10 58-13-91, +374 10 599-647
Էլ.փոստ. karen.mnacakanyan@escs.am կամ info@escs.am

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.