niderlandakan

Ասսենի Հայոց Ցեղասպանության խաչքարի ոդիսականը` ֆիլմի պրեմիերա

❗️Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին խաչքարը Նիդերլանդներում։

❗️Ասսենի Հայոց Ցեղասպանության խաչքարի ոդիսականը (2 ֆիլմի պրեմիերա)

❗️Ասսենի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված խաչքարը 20 տարեկան է

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված ու Ասսենում տեղադրված խաչքարը 20-տարեկան է:  Այն  լեգենդ է` ոդիսականով ու կուռ կազմ ունեցող համակիրների թիմով:  Նիդերլանդներում տեղադրված առաջին հուշարձան կոթողն է, որի պատմության մասին տասնամյակներ առաջ նկարահանվել է երկու ֆիլմ: Խաչքարը տեղադրելուց ու ֆիլմը նկարահանելուց առաջ` նրա կազմակերպիչները համոզված էին, որ  Նիդերլանդները ի վերջո ճանաչելու է Հայոց Ցեղասպանությունը  (այդպես է եղավ` խորհրդարանի 2004 և 2018թթ. բանաձևերը):  Պատիվ ունենք Նիդերլանդներում ներկայացնել այս երկու ֆիլմերի պրեմիերան: Ֆիլմերից առաջինը մեզ է տրամադրել Վանաձորից` Նորայր Զուլոյանը: Վերջինիս մասին արժե և խոստացել էինք մանրամասը պատմել, բայց այս անգամ կրկին բավարարվենք նրան համառոտ ներկայացնելով , որպեսզի ավելի շատ կենտրոնանանք ֆիլմի և հուշարձանի պատմությանը: Ասենք միայն, որ Նորայր Զուլոյանը «Ինտերկապ» բարեգործական կենտրոն ՀԿ-ի Հիմնադիր նախագահն է: Նրա նախաձեռնությամբ է, որ անցյալ տարի Վանաձորում իրականացվեց Զորավար Անդրանիկի բրոնզաձույլ հուշարձանի բացումը: Միայն 1990-2001թթ նրա կազմակերպության միջոցներով, Վանաձորից բեռնատարով 11 խաչքար-հուշարձան է տեղափոխվել Եվրոպայի  ամենատարբեր հայկական համայնքներ, սատարել ու օժանդակել է տարբեր մշակութային ու մարզական ծրագրեր, մասնակից եղել բարեգործական բազմաբնույթ ձեռնարկների:

Ասսենի հուշարձանի մասին` մեզ մյուս ֆիլմը տրամադրել է «Ինտերկապի» Նիդերլանդների մասնաճյուղի նախկին նախագահ, «հոլանդ-Արմենիա» մշակութային միության նախագահ, բարեգործ Աշոտ Վարդանյանը: Նա բացի Ասենի խաչքար-հուշարձանի բուն կազմակերպիչներից մեկը լինելուց, այսօր էլ շարունակում է իր մարդասիրական առաքելությունը: Եվրոպայում տարբեր մշակութային նախագծեր իրականացնելուց բացի, Վերջերս էլ Վանաձորում Հաց Բերողի (Արթուր Սարգսյան) և Արայիկ Խանդոյանի հուշարձաններն է տեղադրել:

Գալով Ասենի խաչքարի մասին պատմող ֆիլմերին` այն  նույն  նկարահանող խմբի աշխատանքի արդյունք է, այս երկու ֆիլմերը փոխկապակցված են և լրացնում են միմյանց:

Ֆիլմի ու նրա հերոսների մասին

Խաչքարի տեղադրման գաղափարը հոլանդաբնակ հայրենասեր Նիկոլայ Ռոմաշուկինն էր, որը 1995թ սկսած մի քանի անգամ դիմել էր Հայաստանի իշխանություններին` այնտեղից խաչքար Հոլանդիա բերելու խնդրանքով: Նա իր այդ նպատակների մասին հայտնում է Հոլանդաբնակ Աշոտ Վարդանյանին, վերջինս հավանում է Ռոմաշուկի մտահաղացում-առաջարկը և իր վրա վերցնում խաչքարի պատրաստման աշխատանքների ծախսերը: Տեղի է ունենում աշխատանքների բաշխում. Նիկոլա Ռոմաշուկը Նիդերլանդներում պետք է զբաղվեր փաստաթղթերի ու իշխանությունների կողմից թույլատրության ձևակերպմամբ, Փաստաթղթային ու  կազմակերպչական աշխատանքներով Հայաստանում պետք է զբաղվեր Ա.Վարդանյանի Վանաձորցի  ընկերը` Էդիկ Խլղաթյանը: Խոստումնալից ու երիտասարդ վարպետ Հայկ Զալինյանին վստահվում է խաչքարը կերտելու աշխատանքը:  1999թ. հունիսին «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանը հանձն է առնում իր բեռնատարով և ծախսով Մեծ Եղեռնի 85-ամյակին նվիրված խաչքարը տեղափոխել Հոլանդիա: 6500կմ ճանապարհ կտրել անցնելուց հետո Խաչքարը նախ տեղափոխել է Գերմանիա, ապա հասել Ասեն և պահ տրվել Ռոմաշուկին: 2000թ. թուրքական կազմակերպությանը հայտնի  լինելով այս փաստը, դատարանում վիճարկում է Ասենում Խաչքար տեղադրելու հարցը: 2000թ. հունվար ամսին պարոն Ռոմաշուկը հայտարարում է, որ խաչքարը լավագույն դեպքում կարող են տեղադրել  ու   բացումն անել դատարանի վճռից հետո` 2001թ ոչ շուտ: Այսպիսով  դուրս էր մնում  Հայոց Ցեղասպանության 85-ամյակի առիթով բերված խաչքարի մասնակցությունը` տարելիցի 85-ամյակին մասնակցելուց:

Այժմ դիտենք ֆիլմերը` ստորև

Արտակարգ ու չծրագրավորված այս պայմաններում` 2000թ. փետրվար ամսին, Բենելյուքսի երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը հոլանդահայ կազմակերպությունների ղեկավարների  ու «Ինտերկապի» ներկայացուցիչների մասնակցությամբ որոշում են, որ 85-ամյա տարելիցի առիթով բերված Խաչքարը պետք է  իր բուն  նպատակին ծառայի` ի հակադրություն  թուրքական միությունների խորամանկության ու  վայնասունի, որոնց միակ  նպատակը դատական նիստերով Խաչքարի տեղադրումը հետաձգելը, անորոշություն ստեղծելը և վերջին հաշվով չեզոքացնելն էր: Որոշվեց Հայոց Ցեղասպանության 85-ամյակը նիդերլանդներում նշել Ալմելո քաղաքում, իսկ Խաչքարը Ասենից Ալմելո պետք է տեղափոխվեր` օծելու և Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

Այդպես էլ եղավ 2000 թվականին Ալմելոյի հայկական եկեղեցում ապրիլի 24-ին նշվեց Հայոց Ցեղասպանության 85-ամյակը: Խաչքարի օծման կարգը մատուցեց Վեհափառ հայրապետի կողմից Ս.Էջմիածնից գործուղված Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը: Այդ օրը` սեփական միջոցների հաշվին, մեծ պատվիրակություն էր եկել Հայաստանից` Լոռու մարզպետ Հենրիկ Քոչարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Կարեն Կարապետյանը, Հայկարամ Մխիթարյանը, Լոռու մարզի դատախազ Ռուդիկ Հարությունյանը: Վերջիններս հովանավորեցին լրագրող-հրապարակախոս Սամվել Խալաթյանին, օպերատոր ժան Գալստյանին ներկա գտնվելու և ստեղծելու ֆիլմերի կադրերը:

Այդ օրերին Հայաստանից եկած պատվիրակության անդամներին հյուրընկալեցին  Ալմելոյի ներկայիս կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սվետլանա Անդրեսյանի և Աշոտ Վարդանյանի ընտանիքը: Հյուրընկալ հայկական օջախում յուրաքանչյուր երեկոն վերածվում էր մշակութային յուրատեսակ միջոցառման` խաղերի, երգ-երաժշտության, ասմունքի, ընթերցանության ուղեկցությամբ:

Ահա այսպիսին էր Ասսենի Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի ֆիլմերի պատմությունը:

Որպես շարունակություն ասենք, որ չնայած դատական գործերին, ի վերջո  2001 թ. Ասսենի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը կանգնեցվում է 2 մետր բարձրությամբ, տուֆից  պատրաստված`  Քրիստոսի և երկու հրեշտակների խորաքանդակներով Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը:  Ասենում բացման արարողությունը տեղի ունեցավ 2001թ. ապրիլի 24-ին, որին ներկա են եղել Ֆրանսիայի հայկական առաքելական եկեղեցու թեմի առաջնորդն ու  հարյուրավոր հայեր: Արդեն 20 տարի անընդմեջ` ապրիլի 24-ին,  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան  () «Ապրիլ 24 կոմիտեն» , այլ կառույցներ ու հարյուրավոր մարդիկ անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպում: Ասսենի Հուշարձանին  են այցելում բազմաթիվ հայեր, նիդերլանդացիներ ու  այլ ազգերի ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավորներ, մշակույթի, հասարակական ու քաղաքական գործիչներ` ծաղկեպսակ, թարմ ծաղիկներ են խոնարհում անմեղ զոհերի հուշարձանին, ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ կազմակերպում:

Այսօր, Նիդերլանդների տարբեր քաղաքներում 1915 թ Հայոց Ցեղասպանության մի քանի հուշարձան կա տեղադրված, իսկ Ալմելոյում  նույնիսկ` մեծ հուշհամալիր:  Բոլորի դեմ էլ թուրք-ադրբեջանական կազմակերպությունները պայքարել ու արդյունքի չեն հասել, քանզի ճշմարտությունը մեկն էր: Նիդերլանդներում կանգնեցված  բոլոր հուշարձանները հավասար թանկ ու  նվիրական են  մեզ, բայց Ասսենի Խաչքար-հուշարձանն առաջինն է` կամքով ուժեղ, որպես պայքարի սկիզբ, դժվարություններից պատվով ու հաղթող դուրս եկած, խորը զգացմունքներով օժտված , սուրբ ու նվիրական բոլորիս համար: Այն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող  առաջին հուշարձանն է Նիդերլանդներում...

Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.