niderlandakan

Դեսպանների հանդիպում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 5-ին Հայաստանում Հոլանդիայի առաջին նշանակված դեսպան պարոն Նիկո Սխերմերսը թվով  երկրորդ անգամ այցելեց Հաագայի Աբովյան մշակութային միության կենտրոն, այս անգամ  Նիդերլանդներում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Բալայանի հետ` զրուցելու Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) ներկայացուցիչների հետ։ 

Պարոն Սխերմերսի հունիսի 24-ի առաջին այցելության ընթացքում հետաքրքրվել էր Նիդերլանդներում հայ համայնքի ձևավորման և հայկական կառույցների, մասնավորապես Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի (FAON-ի) ծավալած գործունեությանը մասին, դեսպանին էր հանձնվել  Հոլանդահայ ֆեդերացիայի հրատարակած «Հայերը Նիդերլանդներում» գիրքը և այլ նյութեր։  Զրույցի ժամանակ շոշափվել էր  Հայաստանի և Ացախի հարցերով հոլանդահայ համայնքի ներգրավվածության ու մտահոգությունների մասին:

Պարոն դեսպանի հետ երկրորդ հանդիպմանը` Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Տիգրան  Բալայանի մասնակցությամբ քիչ ավելի  ներկայացուչական կազմ էր հավաքվել, ներկա էին FAON-ի խորհրդի և «Ապրիլ 24» հանձնախմբի անդամները, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի, Գլաձոր ուսանողական միության, Հոլանդահայ Աբովյան մշակութային միության  ներկայացուցիչները:

Այս անգամ քննարկվեցին հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիսարևելյան Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած հակամարտության վերջին զարգացումները, դրա հետևանքները, միջազգային արձագանքները, Թուրքիայի և այլ երկրների հայտարարությունները, Նիդերլանդների վերաբերմունքը և հոլանդահայության ցուցաբերվող մարդասիրական օգնությունը` մասնավորապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոլանդական մասնաճյուղի կողմից։ Որպես հատուկ կետ, Հոլանդահայ կազմակերպությունները բարձրացրեցին Բաքվի կողմից Եվրոպայում և Ամերիկայում հրահրվող հակահայկական զգացմունքների արտահայտության դրսևորման և հայկական կառույցների նկատմամբ կիրառվող բռնությունների հարցը։ Հոլանդիայում ևս արտացոլվեց Ադրբեջանի այս սադրանքը, երբ  անցած ամիս Հաագայում Ադրբեջանի դեսպանատանը հավաքված խուժանը սադրանք էր հրահրում հայերի կազմակերպած խաղաղ ցույցի ժամանակ` իրենց դեսպանատան տարածքից շշեր ու  քարեր էր նետում հայ ցուցարարների ուղղությամբ։ Հայերի հավաքն ուղղված էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և Հայաստանի վրա իրականացված հարձակումների դեմ։

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը նիդերլանդահայ կառույցների ներկայացուցիչներին տեղեկացրեց երկկողմ հարաբերությունների զարգացման իր տեսլականը և ծրագրվող քայլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացումը թույլ կտա շուտով մեկնել Երևան և մեկնարկել դեսպանության հիմնադրման աշխատանքները։

Բնականաբար, քննարկվին նաև Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման նախապատրաստական ​​աշխատանքների հարցերը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք դեսպանը ակնկալում է դեսպանատան աշխատանքների շրջանակում, որպեսզի հնարավոր լինի սատարել օրենքի գերակայության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Խոսվեց նաև մշակութային միջոցառումների կազմակերպման, ուսանողների փոխանակման և վիզաների ազատականացման հարցերի մասին։

Հայաստանի դեսպանը ներկաների հետ կիսվեց իր գործընկերոջ հետ ունեցած քննարկումների ընթացքում քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ աշխատանքների մանրամասներով՝ կոչ անելով հայրենակիցների հանդես գալ նոր նախաձեռնություններով ու հարստացնել երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգը։

Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ներկայացուցիչները ողջունեցին նիդերլանդահայերի հետ հանդիպումներ ունենալու Նիկո Սխերմերսի նախաձեռնությունը և կիսվեցին իրենց գործունեության արդյունքների, ապագայի ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի շուրջը տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ առկա այլ մտահոգություններով։

Կազմակերպությունները խորին շնորհակալություն հայտնեցին երկու դեսպաններին նրանց ներկայության և հաճելի մթնոլորտում մտքերի փոխանակման համար։


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.