niderlandakan

Խոհանոցային կահույքի պատրաստման համար նախատեսված նյութեր

Խոհանոցային կահույքի պատրաստման համար նախատեսված նյութեր , դրանց առավելություններն ու թերությունները եւ 2020թ. ամենաարդի միտումները

Սկիզբը` Խոհանոցային «կղզյակ»

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՖԱՍԱԴՆԵՐ — ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴՌՆԵՐ ԵՎ ԴԱՐԱԿՆԵՐ

Մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ– այն հիմնականում օգտագործվում է խոհանոցի ճակատային դարակները եւ դռները կառուցելու համար։ Ի տարբերություն բնական փայտի, անհամեմատ մատչելի է եւ արտադրվում է թե' փայտի, թե' քարի եւ թե' մետաղի ֆակտուրաներով։

Լամինատ – այն ամենատարածվածն է, ավելի բարձրակարգ է, քան մելամինապատ ԴՍՊ կամ ՄԴՖ եւ ունի փայտի, քարի, չժանգոտվող պողպատի շատ ավելի բնական կրկնօրինակումներ։

Լաքապատ կամ փայլուն ֆասադները նույնպես ունեն իրենց համակիրները, սակայն ավելի թանկ են։

Դիզայներները խորհուրդ են տալիս այս նյութն օգտագործել միայն ընդգծելու խոհանոցի որոշ մակերեսներ՝ գումար խնայելու նպատակով։

Եվ վերջապես բնափայտով երեսպատված մակերեսները, որոնք բնականը եւ ընտանեկան ջերմությունը սիրողների համար են։ 

Այս նյութի  դժվարությունը կայանում է նրանում, որ երբեմն անհնար է միեւնույն երանգը ստանալ բոլոր ֆասադների վրա եւ, ժամանակի ընթացքում, այն կորցնում է ձեւը եւ կարող է տեղաշարժվել։ Դրա համար էլ խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ լամինատին, որն ավելի երկարակյաց է։   

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍԵՂԱՆ

Այժմ խոսենք խոհանոցի աշխատանքային սեղանի մասին, որը թերեւս խոհանոցի կարեւորագույն բաղադրիչն է, հետեւաբար՝ կարեւոր է, որ այն պատրաստված լինի շատ որակյալ նյութից։

Հաշվի առնելով մինիմալիստական ոճի խոհանոցների արդիականությունը՝ աշխատանքային սեղանները աստիճանաբար դառնում են ավելի բարակ։ Եթե մի քանի տարի առաջ դրանք ունեին 4սմ հաստություն, ապա այժմ դրանց հաստությունը չի գերազանցում 1.2սմ, շատ հազվադեպ հասնելով մինչեւ 3սմ հաստության։

Խոհանոցի աշխատանքային սեղանի դեպքում նախապատվությունը տրվում է լամինատին, որը կարող է ունենալ թե' քարի, թե' փայտի, թե' մարմարի եւ թե' երկաթի իմիտացիաներ։ Այսօր բարելավվել է նաեւ լամինատի որակը. այն ավելի հեշտ ու արագ է մաքրվում եւ լավ դիմակայում է հարվածներին ու քերծվածքներին։

Վերջերս լույս է տեսել նոր սերնդի լամինատ, որը կազմությամբ ավելի խիտ եւ որակով է, մեջտեղի հատվածում ունի ջրամեկուսիչ շերտ եւ հետեւաբար նաեւ՝ մեծ երկարակեցություն։

Փայտե աշխատանքային սեղան – այն ավելի ջերմ եւ ընտանեկան է դարձնում խոհանոցը։

Թերություններն են՝ զգայունությունը խոնավության եւ տաքության նկատմամբ։

Տեղադրելուց հետո անհրաժեշտ է այն մշակել կտավատի յուղով, որպեսզի հետքերը չնեծծվեն փայտի մեջ։

Օրինակ՝ բամբուկը էկզոտիկ երանգ է հաղորդում, իսկ հաճարը իր բաց երանգով լուսավորում է եւ սկանդինավյան երանգներ հաղորդում։ 

Ժամանակի ընթացքում փայտը կարող է դառնալ ավելի մուգ կամ, հակառակը, բաց երանգի, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ դա  բնորոշ է բնափայտին։

Գրանիտե աշխատանքային սեղան – Այն շատ ավելի թանկ է, քան փայտը եւ շատ երկարակյաց է, չի վախենում ո'չ ցրտից, ո'չ շոգից, ո'չ էլ քերծվածքներից։ Օճառաջուրն ու սպունգը բավական են այն մաքրելու համար։

Այն նաեւ ունի գունային եւ մշակման բազմաթիվ վարիացիաներ։

Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն մշակել ջրամեկուսիչ յուղով։

Կվարցե աշխատանքային սեղան – Իրենց տեսքով էսթեսիկ կվարցե աշխատանքային սեղանները բավականին թանկ են։ Կազմված լինելով 92% կվարցից եւ ակրիլային խեժից՝ այն հանդիսանում է շատ ավելի կարծր նյութ, քան բնական քարը։

Այն չի ներծծում ո'չ ջուրը, ո'չ սուրճը, ո'չ գինին։ Հետքերը շատ արագ մաքրվում են ջրով եւ օճառով, սակայն ձեռնպահ է պետք մնալ շատ տաք տարաներ վրան դնելուց, քանի որ չափազանց մեծ տաքությունից այն կարող է ճաքել եւ ձեւափոխվել։

Ապակե աշխատանքային սեղան – Այն խոհանոցին հաղորդում է գերժամանակակից տեսք։ Հիգիենիկ է, չունի ծակոտկենություն։

Սակայն այն կարող է կոտրվել հարվածներից կամ բարձր ջերմաստիճանից։

Մաքրվում է սպունգով եւ տաք ջրով, իսկ մատնահետքերը մաքրվում են ալկոհոլային քացախով։

Չժանգոտվող պողպատե աշխատանքային սեղան – Եթե ուզում եք պրոֆեսիոնալ խոհանոցի տպավորություն ստեղծել, ապա ընտրեք չժանգոտվող պողպատը։ Այն շատ նորաձեւ է եւ հեշտությամբ ինտեգրվում է ցանկացած ոճի խոհանոցում։

Պրոֆեսիոնալները նախապատվություն են տալիս այս նյութին, քանի որ այն ջերմա եւ ջրադիմացկուն է։ Լինելով նաեւ հիգիենիկ՝ այն, այնուամենայնիվ, ունի մեծ թերություն. աշխատատար է նրա ամենօրյա խնամքը, քանի որ զգայուն է կրաքարերի գոյացման եւ քերծվածքների հանդեպ։ Նաեւ ժամանակի ընթացքում կորցնում է փայլը։

Խորհուրդ է տրվում այն մաքրել քիմիական նյութերով /օրնակ՝ ժավելաջրով/։ Խստիվ հակացուցված է սպունգի կոշտ մասով այն շփելը, իսկ կտրատելիս անպայման պետք է տախտակ օգտագործել։

Բետոնե աշխատանքային սեղան – Բետոնը ի սկզբանե նախատեսված լինելով պատերի եւ հատակների հարթեցման համար՝ այսօր, որպես նորարարություն, իր կիրառությունն է գտնում է նաեւ խոհանոցում որպես աշխատանքային սեղան։ Այն շատ կարծր նյութ է, եւ նրա երկարակեցությունն էլ ավելի ապահովելու նպատակով՝ պետք է այն անպայման լաքապատել։ Մաքրելու համար բավական են միայն սպունգն ու օճառը։ Տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այն վերալաքապատել՝ փայլը վերականգնելու նպատակով։

Լավայի տեխնոլոգիայով պատրաստված աշխատանքային սեղան – Այս նյութը էմալի եւ քարի միաձուլում է, որը 900C ջերմության տակ եփվում է։ Այն դասվում է ամենաամուր նյութերի շարքում։ Դիմակայուն է թե' հարվածներին եւ թե' ջերմությանը։ Այսօր արդեն էնթրասիտ եւ սեւ երանգներից բացի, արտադրվում է տարբեր գույների եւ երանգների։ Լինելով շատ նորարարական եւ իր տեսակով նորություն՝ շուկայում դեռեւս դժվար է այն հայթայթել, նաեւ բավական թանկ է։ 

Հակացուցված է այն մաքրել քացախով, կիտրոնով եւ ժավելաջրով։

Չնայած այն հանգամանքին, որ սպառողների 80 % նախապատվությունը տալիս է լամինատին` բոլոր վերը նշված նյութերը եւս ունեն իրենց պատվիրատուների եւ համակիրների շուկան։

ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրացվող, ամբողջական,  նյութն այստեղ


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.