Սփյուռքում, մասնավորապես Նիդերլանդներում ապրող մեր հայրենակիցներն, անձամբ իրենք պետք է ջանքեր թափեն մշակութային ու ազգային արժեքներին հասու լինելուն: Մեր երիտասարդներից լրացուցիչ ջանքեր է պահանջվում անձամբ իրենք փնտրելու, գտնելու և ծանոթանալու հայ մեծերի գործերին, ուսումնասիրելու նրանց ստեղծագործությունները, ծանոթանալու նրանց կյանքին ու ստեղծագործական ուղուն: Նիդերլանդական Օրագրի հետ հետաքրքիր կապ է պահպանում Վարդուհի Ադամյանը, ով իր բառերով " արդեն մեկ դար" (մոտ 25 տարի),աշխատում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և հոժարակամ համաձայնեց մեզ նյութեր տրամադրել մեծ վարպետի' Մարտիրոս Սարյանի մասին: Կարծում ենք ստորև ներկայացվող նյութերը ճանաչողական առումով հետաքրքրական են սփյուռքի երիտասարդության համար և կընդլայնի նրանց մտահորիզոնը հայ Մեծերի մասին ունեցած գիտելիքներով:
1.
Վարդուհի Ադամյան
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՊԱՏԸ ԵՎ ԳՐՔԱՅԻՆ ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄՆԵՐԸ
Մարտիրոս Սարյանի ոչ սովորական գեղանկարչության մասին 1910 թվից հետո խոսում էին շատերը: Ռուս նշանավոր արվեստաբաններ Ա. Բենուան և Ս. Մակովսկին ռուս հասարակության ուշադրությունը հրավիրեցին Մ. Սարյանի ինքնատիպ տաղանդի վրա: Մոսկովյան այցելուն ցուցասրահում նրա երփնագրության մեջ զգում էր ոչ միայն հարավի ջերմությունը, այլև այստեղ տեսնում էր արևելքի հարազատ մի զավակի`հայաստանցու ,որին ապագայում պիտի համարեին մեկը, որը նոր ուղի բացեց գեղանկարչության ասպարեզում : Մեծ բանաստեղծ Ա. Իսահակյանը «Սարյանն ամբողջ աշխարհինն է» հոդվածում գրում է «…Նրա արվեստի արմատները սուզվում են մեր հին արվեստի մեջ…Զարմանում եք, թե ինչ հրաշքով , ինչ անհայտ խորհրդով, Նոր Նախիջևանից, ռուսական համայնակուլ օվկիանոսի միջից ծագում են երբեմն Մ. Նալբանդյանի, Գամառ Քաթիպայի և Սարյանի նման հայեր»: Այո, Սարյանը ծնվել էր Նոր Նախիջևանում, որը բուրում էր Կովկասի անուշահոտությամբ, ուր թանկ էր գնահատվում դարավոր մշակույթի ավանդները: Մանկությունն ու պատանեկությունը անցան այդ գաղթօջախում, հոգևոր սնունդ դարձան մանրանկարչության լուսավոր գույները, Քուչակի հայրենները, Նարեկացու տաղերը, Մեծարենցի անանձնական սերը, և իհարկե, հայկական հեքիաթները, որոնք նրան պատմում էր մայրը: Պատմական ճակատագրի բերումով զրկված պետականությունից, աշխարհով մեկ ցրված հայ մտավորականությունը ազգային մշակույթ էր ստեղծում հայրենիքից դուրս: Այն իր նկատելի վերելքն ունեցավ 20-րդ դարի սկզբին: Գրականության, արվեստի, կրթության, տպագրության և մշակութի այլ ոլորտների զարգացմանը նպաստեցին Մոսկվայի, Թիֆլիսի, Կ.Պոլսի հայ համայնքները: Երիտասարդ Սարյանը իր ճանաչումը նույնպես գտավ մոսկովյան արվեստի մթնոլորտում:1907 թվին են վերաբերում Սարյանի անդրանիկ շփումները հայ մտավորականության հետ: Այդ նույն թվականին, Նոր Նախիջևանի «Նոր Կյանք» շաբաթերթում տպագրվում է նկարչի «Դեպի Անի» ճանապարհորդական հուշը, որը ռուսերենից հայերեն է թարգմանում Ա. Մյասնիկյանը: 1909 թվականին Մ. Սարյանը ծանոթանում է Գ. Հովսեփյանի, Վ. Տերյանի, Ա. Ծատուրյանի, Ց. Խանզադյանի, Պ. Մակինցյանի, Լ. Շանթի, Գ. Լևոնյանի և ուրիշների հետ: Ստեղծագործական շփումները նկարչին հնարավորություն են տալիս ճանաչել ինքն իրեն, գտնել գեղանկարչական ձեռագիրը, կապված լինել հարազատ ժողովրդին: Մ. Սարյանը տպագիր գրքի հետ առնչվել էր դեռևս Մոսկվայում: 1908 թվին, բանաստեղծ Ա. Ծատուրյանը, Վ. Տերյանը, Ց. Խանզադյանը մտահոգված հայ գրականության գալիք օրով պատրաստվում են հրատարակել գրական ալմանախ: 1910 թվին այն լույս է տեսնում: «Ալմանախը մի քանի օրից լույս կտեսնի,-գրում է Վ. Տերյանը Ց. Խանզադյանին, այսօր շապիկն էինք ընտրում: Շապկի երեսը նկարել է Սարյանը, և մենք բոլորս հավանեցինք նրա նկարը…:«Գարունի» առաջին համարի շապիկի նկարը անփոփոխ անցնում է մյուս երկու համարներին: Մ. Սարյանը նկարել է նաև 1912 թվին Մոսկվայում «Պանթեոն» հրատարակությամբ լույս տեսած Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորի շապիկը: Տերյանը մի առանձին սիրով ու համակրանքով էր վերաբերվում Մ. Սարյանին և նրա արվեստին: Հիշենք 1914-ին գրած «Հոգևոր Հայաստան» հանրահայտ հոդվածը, ուր մեծ բանաստեղծը խոսելով արդեն հայկական դեմք ու դիմագիծ ունեցող նկարչության մասին,ցավով գրում է, որ «մինչև այժմ մենք չունենք ոչ մի հիմնարկություն կամ ընկերություն, որ նպատակ ունենար, օրինակ, խրախուսելու ,հավաքելու ի մի հայ նկարիչներին, որոնք այժմ ոչ միայն բնազդով, այլև գիտակցությամբ հայ են են իրանց արվեստի մեջ(օրինակ`Սարյան, Սուրենյանց և այլն): 1920 թվականին Մ. Սարյանը ստեղծել է բանաստեղծի և նրա կնոջ`Սուսաննայի դիմանկարը: 1914 թվին Սարյանը ձևավորել է գրականագետ, արվեստաբան Մ. Շահինյանի «Օրիենտալիա» բանաստեղծությունների ժողովածուի շապիկը, 1915-ին նկարել է Ա. Ծատուրյանին, բանաստեղծ Ո. Անոփյանին , որի մտերիմ ու սրտակից ընկերն էր:1919 թվականին ձևավորել է Գ. Չալխուշյանի Հայոց եղեռնի մասին պատմող « Կարմիր գրքի» շապիկը: Մ. Սարյանի գործունեության ասպարեզը լայն սահմաններ ունի, թե`ժամանակի, թե` տարածության, թե`միջավայրի առումով: Կյանքի և բնության մեծ փիլիսոփայի տաղանդը փայլել է կերպարվեստի շատ ժանրերում, բնանկար, դիմանկար, նատյուրմորտ:Նա ոչ միայն գեղանկարչության մեջ էր ինքնատիպ, այլ նրա շնորհիվ առանձնապես հետաքրքիր ձև ու երանգ ստացավ հայկական բեմանկարչությունը, գրքի ձևավորումը և նկարազարդումը: Նա հեղինակ է բազմաթիվ հոդվածների, նամակների, ելույթների, «Գրառումներ իմ կյանքից» ինքնակենսագրական գրքի: Նրա մեջ ապրում էր մեծ ու վիթխարի արվեստագետը: 1920-30 ական թվականները Վարպետը գրքարվեստի զարգացման և վերելքի տարիներ է համարում: Մենք չենք կարծում , թե 1930 թվականների որևէ նկարազարդում կարող էր հասնել Սարյանի «Ռոստամ և Սոհրաբ» գրքի նկարազարդմանը, առավել ևս կարելի լիներ կրկնել այն այսօր (խոսքը գեղարվեստական մակարդակի մասին է ) : Անշուշտ, դա այնպիսի մի թռիչք էր, ինչպես նկարչի գեղանկարչական գլուխգործոցները: Սակայն համապատասխան մասնագետի առկայության դեպքում այդ հոյակապ նկարազարդումները կգնահատվեին ըստ արժանվույն: Բայց այդպիսի արվեստաբան Հայաստանում չկար: Որովհետև այն տաղանդավոր պատանին, որ 17 տարեկան հասակում գրել էր «մեր անցյալ նկարիչներից ոչ մեկի ստեղծագործության մեջ չկա այնքան արվեստ , որքան Սարյանի գեղանկարներում»: Այդ հրաշամանուկը 24 տարեկան հասակում զոհվել էր Վանի ինքնապաշտպանական կռիվներում, որին մասնակցում էր իբրև կամավոր: Նա մեր մեծ բանաստեղծի տաղանդաշատ որդին էր`Արտավազդ Թումանյանը: Անկասկած, Սարյանը մինչև Հայաստան գալը ուներ գրական տեքստը հետազոտելու , պատկերազարդելու փորձ: Սակայն այն ինչ արեց Հ. Թումանյանի ստեղծագործությունների նկարազարդումով, բացարձակապես նորույթ էր: Թումանյանական հեքիաթը շատ հարազատ էր Սարյան-գեղանկարչին, նրա աշխարհընկալմանը, ոգու անաղարտությանը, իմաստնությանը: Չէ որ Թումանյանը ստեղծել էր Հայոց բանը`էպոսային դրսևորմամբ , իր մեջ կրում էր հեքիաթների հարուստ ու շքեղ աշխարհը, ժողովրդի լավագույն գծերը: Մ. Սարյանի ստեղծագործության համար բնորոշ է սերը դեպի հեքիաթային թեմաները: Հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդումները ապացուցեցին , որ Սարյանը իր տաղանդի ուժով կարող է թափանցել ժողովրդական ստեղծագործության խորքերը, ստեղծել գրական երկի ոգուն հարազատ նկարազարդումներ, գեղարվեստական ձևավորման գլուխգործոցներ: Մեծ սիրով է ձևավորել «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Հին օրհնությունը», «Գելը» պատմվածքը,1930 –ին հրատարակված Հեքիաթներ» ժողովածուն: Այս գրքի շապիկը բավական է , որ տեսնենք, զգանք, խորհենք, որ հայկական գրքի բնագավառ է մտել ոչ թե այնպիսի մեկը, որը սովորել էր եվրոպական վարպետներից, գիծը, լուսաստվերը, ծավալը գործածել գրքի էջը ծանրաբեռնելու, այլ բոլորովին ուրիշ մի ձևամտածողությամբ ասում է նոր նկարչական խոսք, որը համապատասխանում է մեծ բանաստեղծի զորավոր խոսքին: Օտար մշակույթի հետ հայությունը կարող է մրցել ոչ թե այդ երկրի մշակույթից փոխառնված ձևերով, այլ դարավոր մշակույթի պարզությամբ, մաքրությամբ: