niderlandakan

Նիդերլանդներում և Հայաստանում ապրող ուսանողների մեկնաբանությունը` Covid-19 համավարակի վերաբերյալ

Լուսանկարներում`  Լիաննա Սարկիսիանը (Նիդերլանդներ) և Սոնա Զաքարյանը (Հայաստան)
Լուսանկարներում` Լիաննա Սարկիսիանը (Նիդերլանդներ) և Սոնա Զաքարյանը (Հայաստան)

Covid-19 համավարակը ներխուժել է մարդկանց կյանք ու կենցաղ համայն աշխարհում: Արհավիրքը խլում է կյանքեր, ստիպում է համակերպվել իր լինելիության փաստին: Ոմանց մոտ  մեծացել է վախի զգացումը, ոմանք ի զարմանս մյուսների` «մատների արանքով» են նայում, մյուսները հավատում են պատվաստման էֆեկտիվությանը, մի մասի մոտ էլ կան կասկածներ…  

Տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ, տարբեր քաղաքակրթություններ-հոգեկերտվածքներ (մենտալիտետ), տարբեր պատճառահետևանքային կապեր ու դրանից էլ կախված համապատասխան արդյունք:  

Ինձ հետաքրքրեց Covid-19 փաստի առկայության ֆոնին մարդկանց կենցաղում տեղ գտած փոփոխություններն ու մտածելակերպը՝ մասնավորապես 20-25 տարեկան, բարձրագույն կրթության բակալավրի աստիճան ունեցող և մագիստրական կրթություն ստացող երիտասարդների տեսակետը աշխարհի տարբեր ռեգիոններում: Զրուցեցի նրանցից շատերի հետ և այժմ կձորձեմ ներկայացնել տեսակետները, դրանց ընդհանրական նմանություններն ու տարբերությունները: 

Նշեմ, որ այսօր` որպես օրինակ, կօգտագործեմ Նիդերլանդների Թագավորության քաղաքացի և այստեղ բնակվող, «Ամստերդամի Բաց Համալսարանի» մագիստրատուրայի ունկնդիր Լիաննա Սարկիսիանի և Երևանի Պետական Համալսարանի մագիստրատուրայի ունկնդիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի  Սոնա Զաքարյանի հետ ունեցած իմ զրույցները: Զրուցակիցներս իրենց մասնագիտություններն ընտրել են գիտակցված, նպատակաուղղված` ունենալով հետաքրքրություններ՝ խորացված գիտելիքների տիրապետման ցանկություն:  

Սոնա Զաքարյանն իրանագետ է, ուսանում է մագիստրատուրայում՝ ուսումնասիրելով «ազգային անվտանգություն» մասնագիտությունը:  

Լիաննա Սարկիսիանը միջազգայնագետ-դիվանագետ է, մագիստրական կրթությունը շարունակում է նույն մասնագիտությամբ: 

Երկուսն էլ գտնում են, որ իրենց մասնագիտությունը խիստ կարևոր են, և որպես կայացած մասնագետներ՝ կարող են իրենց ներդրումն ունենալ մարդու բարեկեցիկ կյանքի  գործընթացում՝ կարևորելով արտաքին ճիշտ քաղաքականության և դիվանագիտության համադրումը ներքին քաղաքականությանը:  

Հարցին, թե փոխվել է արդյոք իրենց կենցաղը՝ կորոնավիրուսի հետ կապված և եթե այո, ապա ինչպե՞ս և որքանո՞վ, երկու զրուցակիցներս էլ տվել են համանման պատասխաններ, նշելով, որ, հարկա՛վ, փոխվել է: Երկուսի պատասխաններում էլ շեշտվում է, որ փոփոխվել են օրվա ռեժիմները, ուսանում են առցանց, նվազել է շփումը համակուրսեցիների, ընկերների և հարազատների հետ: Ազատ ժամանակ հասկացությունը դարձել է խիստ հարաբերական, զգում են դեսկոմֆորտ: Լիաննա Սարկիսիանի տեսակետով. «Ազատ ժամանակ և դասապրոցես հասկացությունները խառնվել են իրար, ուսանողական կյանք հասկացությունն անցյալում է»: Նույն հարցի պատասխանին Սոնա Զաքարյանը հավելեց. «Երբ նոր էին սահմանափակումներ մտցվել, ազատ ժամանակ կար, նույնիսկ ֆիլմեր դիտելը, ընթերցանությունը մտան օրվա ռեժիմ: Հիմա ազատ ժամանակ հասկացությունը պայամանական է»:  

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի պատվաստմանը՝ զրուցակիցներս ունեն տարբեր մոտեցումներ. մասնավորապես, Սոնա Զաքարյանը կասկածանքով է նայում պատվաստանյութի անվտանգ լինելու փաստին, չի հավատում դրա արդյունավետությանը, և իր իսկ խոսքերով. «Դեմ եմ պատվաստմանն ու ինքս էլ չեմ պատվաստվելու: Գտնում եմ, որ լիովին չեն իրականացվել անհրաժեշտ գիտական, գիտաբժշկական ուսումնասիրությունները: Ես կսպասեմ...»: 

Լիաննա Սարկիսիանի մոտ պատվաստանյութի և պատվաստման հանդեպ անվստահությունն արտահայտվում է պատվաստումից հետո հնարավոր բացասական հետևանքների, անկանխատեսելիության վախով: Իր խոսքերով ասած. «Կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ պատվաստվելու ենք, ուղղակի մտահոգված եմ, թե ինչ կլինի հետո, ինչպիսի դրսևորումներ կլինեն»: Բայց և այնպես՝ իրատեսորեն նաև շարունակեց. «…քանի որ շատ տեղեր առանց պատվաստման մուտքը կարող է լինել արգելված, ՍՏԻՊՎԱԾ եմ լինելու պատվաստվել: Ուրիշ ելք չկա...»:  

Իմի բերելով՝ երիցս ճիշտ և այժմեական է անտիկ բժիշկների խոսքը. «Լավագույն բուժումը հիվանդության կանխարգելումն է»: 

Առողջ եղե՛ք… 

Աշխեն Բակլաչյան  

Նյութը գրվել է Եվրամիության «Solidarity corps» «Աջակցիր թերթին» նախագծի շրջանակում: 


Error

default userpic

Your reply will be screened

Your IP address will be recorded 

When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
You must follow the Privacy Policy and Google Terms of use.