niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՄԱՇՏՈՑԻ ԼՈՒՅՍԸ

Սփյուռքում, մասնավորապես Նիդերլանդներում ապրող մեր հայրենակիցներն, անձամբ իրենք պետք է ջանքեր թափեն մշակութային ու ազգային արժեքներին հասու լինելուն: Մեր երիտասարդներից լրացուցիչ ջանքեր է պահանջում  անձամբ իրենք փնտրելու, գտնելու և ծանոթանալու հայ մեծերի գործերին, ուսումնասիրելու նրանց ստեղծագործությունները, ծանոթանալու նրանց կյանքին ու ստեղծագործական ուղուն, մոտիկ կանգնել հայ մշակույթի ակունքներին:Մարտիրոս Սարյանի տուն- թանգարանի աշխատակցուհի Վարդուհի Ադամյանն այս անգամ  Նիդերլանդական Օրագրի ընթերցողներին է ուղարկել արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանի այս հոդվածը' ում անհատական աշխատանքների ցուցահանդեսն էր վերջերս բացվել Երևանում:

2.

Մարտին Միքայելյան

Արվեստաբան նկարիչ

Լուսանկարներում.-Երիտասարդ Մարտին Միքայելյանը մեծն Մարտիրոս Սարյանի հետ(ձախ լուսանկարում) և հիմա(աջ լուսանկար):

Լաո Ցզին մեզանից հեռու էր ոչ միայն աշխարհագրական լայնություններով, Սոկրատեսը` նույնպես: Զրադաշտը մոտիկ`էր և մենք իբրև նշանավոր պատ կառուցողներ նրա գաղափարը վռնդեցինք Արմենիա երկրից: Տիգրանների երկրային փառքը բավական չէր , որպեսզի մեր երկրին չսպառնար անպտուղ անապատ և անգաղափար կղզի դառնալու վտանգը: Եվ ահա ժամանակին հայտնվեցին Մեսրոպ Մաշտոցը , Սահակ Պարթևը, Վռամշապուհ արքան: Մաշտոցը մեր առաջին ուսուցիչն է, թարգմանիչը, քաղաքագետը, դիվանագետը, քրիստոնեության, լուսավորության աննկուն տարածողը: Նա առաջինն էր , որ կապեց Հայաստանը համաշխարհային լուսավորության հետ, որը 5- րդ դարում բացարձակապես նշանակում էր միտք, գաղափար, մշակույթ և ավաղ, այսօր համարյա ոչինչ չի նշանակում ''համաշխարհային լուսավորություն'' բառակապակցությունը :Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, Եղիշեի, Եզնիկ Կողբացու, հայոց Ոսկեդարի բոլոր փայլուն դեմքերի , նաև Գրիգոր Նարեկացու , Խաչատուր Աբովյանի, Միքայել Նալբանդյանի համար պարտական ենք Սուրբ Մեսրոպին: Վարդան և Վահան Մամիկոնյանների ապստամբությունների, մշակութային մեր բոլոր թռիչքների, հայկական մանրանկարչության բոլոր դպրոցների, Կոմիտասի, Թորամանյանի, Մարտիրոս Սարյանի, հայոց ճարտարապետության, ամբողջ հայության թիկունքին կանգնած է Մեսրոպ Մաշտոցը: 21-րդ դարի շուկայական հարաբերությունների մեջ նույնքան անհասկանալի է հայերեն թարգմանված  ''Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ '' Սողոմոնի միտքը, որքան Դոստոևսկու ''Գեղեցկությունը կփրկե աշխարհը '' աշխարհով մեկ սփռված խոսքը: Մաշտոցը Լաո Ցզիի, Կոնֆուցիոսի, Պլատոնի, Սոկրատեսի, հին աշխարհի մեծ մարգարեների նման այսօր էլ ճանապարհորդում է միջօրեականներով ու զուգահեռականներով, իսկ ով աչք ունի` կտեսնի, ով ականջ ունի` կլսի: Տիրապետելով պարսկերեն , ասորերեն , հավանաբար նաև վրացերեն լեզուներին, քաջ իմանալով , որ արևը ծագում է արևելքից , նա համենայնդեպս, թեքվեց դեպի Պլատոնի և Պերիկլեսի մեծարվեստ երկիրը` հայերեն տառերը հնարեց հունարեն այբուբենի ազդեցությամբ: Մի կողմից հայերեն տառերը ինքնատիպ գեղեցկությամբ են օժտված և կրում են հայության`հին ազգերից մեկի ոգին ու ստեղծելու կամքը, մյուս կողմից շփվում են հին աշխարհի ամենազարգացած երկրի մեծ մշակույթին: Մաշտոցն առաջինը ցույց տվեց, որ ազգայինն արվեստում լայնախոհ, հեռատես լինելն է , առանձնահատուկ ինքնատիպությունը, որը հեռու է ծայրահեղ այն ինքնատիպությունից, որպիսին մի ժամանակ աֆրիկյան ցեղերից մեկի պարն էր ` մուկ ուտելու պատմությունը: 20-րդ դարի սկզբին պայման չէր, որ հայ տաղանդավոր նկարիչը ազդվեր Մատիսից կամ Պիկասոյի կտավներից: Սակայն պետք էր մտնել համաշխարհային շարժման մեջ, եթե կուզեք խոսել ժամանակակից արվեստի համընդհանուր լեզվով, չկորցնելով սեփական դեմքն ու ազգային ինքնատիպությունը: Այդպիսի ստեղծագործություններ են Եղիշե Թադևոսյանի  ''Ջան գյուլում''-ը , Պոլսում, Եգիպտոսում ծնված Սարյանի պատկերները: Այդպիսին է Խաչատուր Աբովյանի <Վերք Հայաստանի>-ն, Եղիշե Չարենցի <Երկիր Նաիրի> վեպը, <Սասունցի Դավիթ>էպոսը, <Երկնէր երկին, երկնէր երկիր>-ը: Համենայն դեպս, 19-րդ դարի զարգացած մարդիկ գիտեին, որ հայերն ունեն իրենց սեփական ալֆան և օմեգան: Այդպիսի մշակութային աշխարհահռչակ նվաճում է հայ գրերի գյուտը: Մեր տառերը ինքնուրույն , առանձնահատուկ մշակութային արժեքներ են, սակայն հունական տառերի հետ ''ազգակցական'' կապն ակնհայտ է: Մաշտոցի ստեղծագործությունը այսօրվա լեզվով ասած մոդեռն և ազգային է, և գտնվում է համաշխարհային մշակույթի կոնտեքստում : Կարելի՞ է թղթի կամ կտավի վրա պատկերել Մաշտոցին : Համենայն դեպս , մանրանկարչության նմուշները, Ստեփանոս Ներսիսյանի հայտնի դիմանկարը, 1960-ականների մրցանակաբաշխության փորձերը, Գրիգոր Խանջյանի կոմպոզիցիան շատ պակասություններ ունեն: Մաշտոցն իր թողած գրական ժառանգության ` ճառերի, խրատների, հոգևոր երգերի մեջ չի երևում իր ամբողջ հասակով, ինչպես իրենց գրի մեջ ամենայն փայլով մենք տեսնում ենք Մովսես Խորենացուն, Եղիշեին, Գրիգոր Նարեկացուն,Կոստանդին Երզնկացուն,Խաչատուր Աբովյանին, Միքայել Նալբանդյանին, Նիկողայոս Ադոնցին: Նա իր ամբողջ կյանքում զբաղված էր դպրոցաշինությամբ, լուսավորություն, քրիստոնեություն տարածելով: Մաշտոցի մասին կարելի է վեպ ստեղծել, ինչպես գրեց Դերենիկ Դեմիրճյանը, համենայն դեպս , կիսատ թողնելով: Կարելի է նրա գործը արժևորել ոգեշունչ տողերով , ինչպես Լեոյի, Պարույր Սևակի , մյուսների հոյակապ փորձերը: Գրականությունն ի վիճակի է թափանցել իրերի խորքը, ներկայացնել էությունը: Նկարչությունն այդ իմաստով սահմանափակ է : Տեսեք, ի՜նչ հրաշալի է Գրիգոր Մլիճեցու մեծ ճգնավորին պատկերած մանրանկարը , բայց հասկանալի պատճառով չի արտահայտում ''Մատեանի'' և ոչ մի տողը : Դիմանկարչությունը հրաշալի և մեծ ճանապարհ է անցել Վելասքեզի, Ռեմբրանդտի, Ֆրանց Հալսի հոգեբանական խորությունից հասնելով Պիկասոյի և Խուան Միրոյի հետաքրքիր մեկնաբանություններին: Այնուամենայնիվ , դրանք կերպարվեստի գլուխգործոցներ են և իրականությունն արտացոլելու պարտավորություն չունեն: Չեմ կարող չհիշել Խոսե Օրտեգա ի Գասետի դիտարկումը. ''Արվեստն արժանի է ամենախոր հարգանքի, սակայն իր ամբողջության մեջ կյանքի խորագույն լրջության համեմատությամբ թեթևսոլիկ է և անլուրջ'':

Հետաքրքիր են հատկապես բնորդներից կատարված դիմանկարները: Անցյալի գործիչներին շատ քչերն են կարողացել արժանիորեն պատկերել: Իհարկե, հրաշալիք է Ռեմբրանդտի  ''Հուլիոս Ցիվիլիսի խռովությունը '': Սակայն դա կերպարվեստի անկրկնելի գլուխգործոց է և ի զորու չէ ամբողջ էությամբ ներկայացնելու բաթավների ' երբեմնի հաթերի առաջնորդի ապրումները: Քրիստոսի լավագույն պատկերումները նույնպես հասկանալի պատճառով չեն կարող հատել նկարչական և քանդակագործական միջավայրի սահմանները:  Ցանկացած հայ նկարիչ, եթե վրձինը հպում է կտավին ակնածանքով, եթե թղթի, կտավի, կավի, քարի, երկնքի, թռչունի, մարդու հանդեպ սեր է տածում , ուրեմն քայլում է Մաշտոցի և նրա աշակերտների ճանապարհով:

Tags: մշակութային
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments