?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սեպտեմբերի 9-ին «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունը վկայակոչելով «Կռունկ» հայկական լրատվական կայքը նյութ է հրապարակել «Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկն անվանվել է «Հայկական կամուրջ» վերնագրով:Հոդվածում  ասվում է, որ Հոլանդիայի հայ համայնքի ակտիվիստներից վաթսունամյա Նիկոլայ Ռոմաշուկի տարիների աշխատանքի շնորհիվ, Ամստերդամի իշխանությունների հետ բանակցելու արդյունքում է հաջողվել  Ամստերդամի հինավուրց կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում առևտրի տարանցիկ ճանապարահ է ծառայել Ջուղայի հայ վաճառականների համար, անվանել  «Հայկական կամուրջ»: Հոդվածն ուղեկցվել է Ամստերդամի բազմաթիվ կամուրջներից մեկի լուսանկարով:

Այս առնչությամբ «Նիդերլանդական Օրագիրի» Արմենպրեսի  հիշյալ հոդվածի վերատպության տակ մեկնաբանություն էր արել ամստերդամաբնակ Խաչիկ Պալըգճեանը, ով հայտնել է, որ զետեղված նկարը  չի համապատասխանում Ամստերդամի  ճշգրիտ վայրի կամրջին, եթե դա իրոք իշխանությունների կողմից վավերացրած  հայկական կամրջի լուսանկարն է:

Խաչիկ Պալըգճեանը  ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հայտնի հոլանդացի գծանկարիչ ու գեղանկարիչ Յան դը Բեիյերի( Beijer) 1755 թվականի ստեղծած  "հայկական եկեղեցի Ամստերդամում" կտավի լուսանկարը, որտեղ երևում է մի կամուրջ, որով էլ ելումուտ են արել հայ վաճառականները:

Ամբողջությամբ ներկայացնում ենք այս առնչությամբ Խաչիկ Պալըգճեանի ֆեյսբուքյան իր էջում տված բացատրությունը.

«Վերջին մի քանի շաբաթներու ընթացքին, համացանցի մէջ տեղեկութիւններ տարածուած են թէ Ամսթէրտամի կամուրջներէն մին անուանուած է ՀԱՅՈՑ ԿԱՄՈՒՐՋ, նկարը որ զետեղուած է, Ամսթէրտամի հարիւրաւոր կամուրջներէն մին է եւ չի համապատասխանէր ճշգրիտ կամուրջի գտնուած տարածքին.

Սոյն կամուրջի մասին դեռ ներկայիս Հոլանտայի պատմական արձանագրութեանց մէջ պաշտօնական ոչ մէկ նշում գոյութիւն ունի, բացի որոշ ուսումնասիրութեանց մէջ Հայոց թաղամասի բնակիչներուն կողմէ նշուած է ՀԱՅՈՑ ԿԱՄՈՒՐՋ, ան գտնուելով Ամսթէրտամի Սուրբ Հոգի եկեղեցւոյ ելքի աջ կողմը, ուրկէ թաղամասը բնակող հայեր կը ժամանէին արարողութեան. Տես նկարի ձախ կողմը գտնուող կամուրջի վրայ տեսնուող սեւ զգեստով անձը որ հաւանաբար պիտի ըլլայ հայ քահանայ կամ տիրացու մը. իսկ աջին Ամսթէրտամի Սուրբ Հոգի եկեղեցին, Եկեղեցւոյ առջեւ գտնուող երկար մոռուքով կղերականը Յովհաննէս Մինաս Ամասիացի վարդապետն է գծագրուած M. J. Beijer ի կողմէ 1755 թ»:

Ճշգրիտ  ո՞ր կամուրջն է Ամստերդամում անվանվել «Հայկական», Կապ ունի արդյո՞ք Արմենպրեսի  տեղադրած լուսանկարը  բուն հայկական անվանակոչված  կամրջի հետ: Առաժմ կարելի է տարբերակներ ենթադրել: Հնարավոր է, որ «Արմենպրես»-ը նյութի  հետ օգտագործել  է Ամստերդամի բազմաթիվ կամուրջներից մեկի լուսանկարը, չի բացառվում նաև, որ լուսանկարում պատկերվածը    հենց  անվանադրված կամուրջն է: Այս դեպքում սակայն  տեղանքը չի  համապատասխանում հայ վաճառականների  հետ  ունեցած առնչություններին : Կարող է, որ քաղաքապետարանն ուղղակի հարյուրավոր կամուրջներից մեկն է անվանել   «Հայկական»:Այս հարցերին ավելի  ստույգ կարող է պատասխանել Նիկոլայ Ռոմաշուկը,  ով աշխատել է Ամստերդամի քաղաքային իշխանությունների հետ կամուրջը հայ վաճառականների պատվին կոչելու համար: Պատասխանի  ակնկալիքով էլ դիմել ենք պարոն Ռոմաշուկին:

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարներում,-«Արմենպրեսի»-ի «Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկն անվանվել է «Հայկական կամուրջ» հոդվածի հետ տեղադրած լուսանկարը:

Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու մոտ գտնվող կամուրջը, որն ավելի առնչություն  ունի Ամստերդամում հայ վաճառականների հետ: Հայտնի հոլանդացի գծանկարիչ ու գեղանկարիչ Յան դը Բեիյերի( Beijer) 1755 թվականի ստեղծած  "հայկական եկեղեցի Ամստերդամում" կտավի լուսանկարը:

«Արմենպրեսի»-ի «Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկն անվանվել է «Հայկական կամուրջ» հոդվածը կարդալ տողատակի մեկնաբանության  մեջ: