Ի՞նչ են մտածում արտերկրի քո
հասակակիցները
Շատ հետաքրքիր էր զրուցել կյանք նոր մտնող մի հայ պատանու հետ, ով մեծացել ու սովորել է հայ իրականությունից դուրս, նիդերլանդական միջավայրում, հետևաբար յուրացրել այստեղի կյանքի չափանիշերը: Հովիկ Հովհաննիսյանը ընդամենը 2-3 տարեկան է եղել, երբ ծնողների հետ տեղափոխվել է Նիդերլանդներ: Յուրովի և ինքնուրույն մտածելակերպով է օժտված:
Յոթ տարեկան հասակում, առանց ծնողների գիտությամն ընդգրկվել է իրենց բնակավայրի ֆուտբոլային թիմում, ուր հաջողությամբ մինչ օրս խաղում է' ES.V.O ակումբի A1 Խմբում: Այժմ սովորում է Օսթբուրգ քաղաքի zwin քոլեջի ավարտական դասարանում : Այս ընթացքում լավ սովորելուն զուգահեռ ընդգրկվել է դպրոցականների համար ձևաչափ ունեցող (MEP)Եվրախորհրդարանի պատվիրակության կազմ
և ելույթ ունեցել Զելանդի մարզային խորհրդարանում' բարձրացնելով երիտասարդության զբաղվածությանը վերաբերվող հարցեր: Մտադիր է ուսումնասիրել օրենք և իրավունք, ընդունվել Ռոտերդամի Erasmus համալսարան:
Զրույցը նրա հետ հաճելիորեն երկարեց, խորհուրդ ենք տալիս ընթերցել:
-Ի՞նչ գիտես Հայաստանի մասին:
- Շատ քիչ բան: Փոքր եմ եղել, երբ ծնողներիս հետ տեղափոխվել եմ Նիդերլանդներ:Այդ ժամանակից անցել է 14-15 տարի: Հիմա 17 տարեկան եմ: Մանկությունս ու պատանեկությունս անցել է Նիդերլանդներում:
Հայաստանի մասին միայն տեղեկացվել եմ մասսայական ինֆորմացիայի միջոցներից և ծնողներիցս:
-Այս տեղեկությունները ի մի բերելով ինչ որ ձևով պատկերացնու՞մ ես Հայաստանը:
-Որ գեղեցիկ բնություն ունեցող, տեսարժան ու հին երկիր է: Կարդացել ու լսել եմ, որ աղքատություն ու կոռուպցիա կա, նաև օրենքներ, որոնք անկատար են, կամ եղածներն էլ արդյունավետ չեն գործում, կա արտոնյալ խավ, ովքեր շրջանցում են օրենքը: Հպարտ և ուրախ եմ, որ հայկական դրոշը մյուս պետությունների դրոշի կողքին ավելի քան 22 տարի ծածանվում է Եվրոպայի կենտրոն Բրյուսելում: Սա արդեն իմ աչքով եմ տեսել:Իմ կարծիքով այսքան ժամանակը բավական էր բոլոր հայերի համար լավ ու հարմարավետ երկիր կառուցելու: Աղքատության, կոռուպցիայի ու անհավասարության խնդիրները խորհելու տեղիք են տալիս: Կամք պետք է ունենալ փուլ առ փուլ լուծել մեծ ու փոքր խնդիրները և շարժվել առաջ:Մեր պես փոքր թվաքանակ ունեցող ազգի համար անթույլատրելի է դոփել տեղում:Կուզեմ անպայման այցելել Հայաստան, սեփական աչքերով տեսնել, համոզվել, քանի որ լսելն այլ է, քան սեփական աչքերով տեսնելը:
-Որոշել ես ընդունվել Ռոտերդամի համալսարան և ուսումնասիրել "օրենք և իրավունք" առարկան հենց դրա՞ համար:
-Ես հիմա ապրում և սովորում եմ Նիդերլանդներում ու չգիտեմ ինչ է սպասվում ապագայում: Չեմ կասկածում, որ Հայաստանում էլ քիչ չեն շնորհալի երիտասարդներ, ովքեր սրտացավ մտածում են իրենց երկրի մասին: Անշուշտ, եթե լավ մասնագետ դառնամ կաշխատեմ օգտակար լինել իմ գիտելիքներով, եթե այդպիսի հնարավորություններ ընձեռնվի:
-Ենթադրենք, քո երազանքը իրականություն է դարձել, ին՞չ կանեիր:
-Շատ բան (ժպտում է, դադար առնում, ապա շարունակում): Պետության մոդելը նման է ընտանիքի կառուցվացքին: Այստեղ յուրաքանչյուրը իր գործը պետք է ունենա և զբաղվի դրանով: Եթե ընտանիքի ղեկավարն ինքն է վատնում միջոցները, ապա դրան հետևում են մյուս անդամները, արդյունքում քաոս է ստացվում: Երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի իր երկրի մասին: Այս դեպքում հրաշալի նախադրյալներ են ստեղծվում արդարության և օրենքների կիրառության համար:
Կուզեի Հայաստանը տեսնել խորհրդարանական երկիր' ինչպես Նիդերլանդներն է:
Կփոխեի կրթական համակարգը' մինչև 18 տարեկան պարտադիր և անվճար ուսուցմամբ' բարձրագույն դպրոց ընդունվելիս միավորների պարտադիր կիրառությամբ: Այսինքը' նրանք, ովքեր Քոլեջներում (դպրոցներում) համապատասխան բալեր չեն հավաքել, չեն կարող դիմել ԲՈՒՀ-եր, այլ կարող են կրթությունը շարունակել ավելի ցածր թեզեր ունեցող ուսումնական հաստատություններում' առանց բացառելու հետագայում ԲՈՒՀ դիմելու հնարավորությունը:
-Հետաքրքիր էր պետության և ընտանիքի քո համեմատությունը:
Վերջերս մասնակցել ես Եվրոպայի խորհրդարանի մոդելով ստեղծված մարզային խորհրդարանի աշխատանքներին:Պատմիր այդ մասին:
-Եվրոպական խորհրդարանի մոդելը ' Model European Parliament (MEP)-ը , Եվրոպայի խորհրդարանի ձևաչափով դպրոցականների համար ստեղծված հարթակ է, այն խթանում է Եվրոպայի դպրոցների բարձր դասարանների աշակերտների փորձի ձեռք բերմանը, Եվրոպական Միության շրջանակներում տարբեր ծրագրերի ու նախագծերի քննարկմանը:
Նիդեռլանդների Եվրախորհրդարանի մոդելն ունի չորս տարբեր մակարդակներ' դպրոցական, մարզային, ազգային և միջազգային: Ես, Միդելբուրգ քաղաքում մասնակցել եմ Զելանդի մարզային խորհրդարանի աշխատանքներին և ելույթ եմ ունեցել երիտասարդության զբաղվածության և նրանց բնակավայրին կապելու թեմայով:
-Գաղտնիք չէ, որ դու Նիդերլանդներում շրջապատված ես և շփվում ես տարբեր ազգությունների քո հասակակիցների հետ: Կարողանում ե՞ս հասկանալ նրանց, ընկերություն անել...
-Ես ունեմ տարբեր ազգությունների բազմաթիվ ընկերներ:Միմյանց հետ հաղորդակցվում ենք հոլանդերենով:Ոչ մեկը ազգային պատկանելությունը խոցելու թիրախ չի դարձնում: Ամենքս առաջին հերթին պետք է լավ զգանք մեր օգտակար գործերով և ոչ թե ազգային պատկանելիությամբ: Չեմ ուզի լինել մեկի կողքին, ով ասի, որ հայ է, բայց իր գործերով վատ օրինակ ծառայի: Սա նույնն է, որ խաթարվեն հայերի մասին եղած պատկերացումները: Կուզեմ հասարակությանը ներկայանալ լավ գործերով, դրանով ուրախություն կպատճառեմ թե ինձ, թե ծնողներիս և թե բոլորին: Առաջին հերթին լինել պիտանի, օրինակելի մարդ, հետո ով ուզում է թող պարզի ազգությունդ:Դու ամաչելու բան չես ունենա:
-Համամիտ եմ, բայց ի վերջո այլազգիների հետ ես շփվում, գոնե ինչ-որ տարբերություն պիտի լինի:
Փոքր ժամանակ ընդհանրապես չեմ զգացել որևէ տարբերություն, հիմա էլ մասամբ այդպես է' մարդը մարդ է մնում, իրադրություններն են տարբեր լինում: Վերջերս եղա մի նշանադրության, որտեղ բոլորը հայեր էին ու խոսում էին հայերեն, սա անսովոր էր ու հաճելի զգացողություններ ունեցա, մարդիք սրտանց ուրախանում էին: Պատկերացնում եմ, որ լինեմ Հայաստանում' երկիր, որտեղ քայլափոխի լսելու ես միայն հայերեն(հուզվում է, ժպտախառը դեմքին աչքերը թրջվում են):
-ՈՒզում ես ասել, որ եթե չլիներ նշանադրության հավաքույթը նման հաճելի զգացողություն չէի՞ր ունենա:
- Հնարավոր է նաև այդպես, զգացմունքն ավելի շատ արթնանում է տեսնել-զգալուց: Շրջապատում, եթե բացակայի դրական էմոցիան, կապ չունի թե ովքեր են քո շուրջը, ինչ ազգի մարդիկ, ինձ թվում է , պետք է հրաժարվել նեղ ազգասիրական մտածելակերպից: Այստեղ էլ առանձնանում են շատ հայեր, ովքեր բաժանվել են ըստ բնակավայրերի պատկանելության' սիրիահայեր, իրանահայեր, Հայաստանի հայեր, ապարանցիներ, լենինականցիներ...: Այս տիպի մարդիկ,սրանով էլ չեն բավարարվում, ավելի առաջ են անցնում, քննադատում են այն մարդկանց, ովքեր համերաշխության ու ազգային հանդուրժողականության կոչ են անում:
-Կա՞ այդպիսի օրինակ:
-Համացանցում վերջերս հաճախ եմ լինում, հոդվածներ կարդում:Կա Ռուսաստանում ապրող ազգությամբ հայ, Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան: Նա խոստովանում է, որ իր նախնիները ցեղասպանության զոհեր են ու երբ իրեն պահող տատիկը տեղափոխվել է Ռուսաստան չի տիրապետել ռուսերեն լեզվին, իսկ հիմա էլ ինքը հանգամանքների բերումով չգիտի հայերեն:Նա ապրելով Ռուսաստանում նշում է, որ ինքը թեև հայ է, բայց հպարտ է Ռուսաստանի համար ' միառժամանակ կոչ անելով ռուս ազգայնամոլներին մետրոներում չսպանել, ուրիշ ազգության պատկանող մարդկանց, քանի որ այս մարդիկ ի վերջո Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրա այս վերաբերմունքը քննադատության է արժանացել որոշ հայ մարդկանց կողմից, նրան համարել են, որ "հայ չի'': Այ սա, ես համարում եմ ազգայնամոլություն և պաշտպանում Մարգարիտա Սիմոնյանի դիրքորոշումը:Թեև նրա երակներում ռուսի արյուն չկա, բայց ծնվել ու ապրում է այս երկրում, բնական է, որ նա մտագոգ պետք է լինի երկրի հանդեպ, որտեղ ծնվել ու ապրում է: Ի՞նչ կլիներ Հոլանդիայում և այլուր, եթե այստեղ ծնված մարդիկ զգային, որ ավելորդ են, տեղ չունեն, իրենց հալածում են ազգային պատկանելության համար: Պատկերացնում ե՞ք...
Մյուս օրինակը: Վերջերս մի տեսաերիզ դիտեցի, որտեղ հայ կինն ասում է. « քշենք մեր երկրից պարսիկներին»: Եթե սա պրովոկացիա ու անհանդուրժողականություն չէ, ապա ի՞նչ է: Շատերն ասում են օտարազգիները լավ չեն պահում իրենց: Այս դեպքում ի՞նչն է խանգարում օրենքով խոսել նրանց հետ ու կարգի հրավիրել: Հակառակ դեպքում, եթե բոլոր երկրներից մարդկանց քշեին, տուրիզմ և ներդրում չէր լինի, մարդկային սերն էլ իսպառ կսառեր: Այդ տեսանկյունով ես իդեալ եմ համարում ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին, ով գնդակահարվելով ֆաշիստների կողմից, անգամ կյանքի վերջին րոպեներին ատելություն չուներ գերմանացի ժողովրդի հանդեպ( տես' «Միսակ Մանուշյանի նամակն իր կնոջը»-Ծանոթ.Նիդ. Օրագրի) : Իսկական մարդ ու հայրենասեր ես համարում եմ նրան:
-Կյանքում ինքնուրույն որոշումներ ընդունել ե՞ս, թե միշտ հետևել ես ծնողներիդ խորհրդին:
-(կրկին ժպտում է) Վճռական որոշումներ կայացրել եմ երկու անգամ, երբ 7 տարեկանում գրանցվել եմ ֆուտբոլի խմբում և 14 տարեկանում ուսմանը զուգահեռ աշխատանքի ընդունվել Albert Heijn խանութների ցանցի մեր քաղաքի մասնաճուղում: Ծնողներիս խորհրդին էլ եմ հետևել, օրինակ չեմ ծխում:Գտնում եմ, որ նրանց ֆինանսապես ծանրաբեռնելն այնքան էլ տեղին չէ:Միջոցներ հայթհայթել գրպանիդ ծախսերի համար արդարացի քայլ է:
-Նույնիսկ ռեստորաններում մատուցող աշխատելով, կամ ամաններ լվանալո՞վ...
-Այո, այո, աշխատանքն ամոթ բան չէ: Դու դրամ ես վաստակում սեփական քրտինքով: Իմ շատ հասակակիցներ Հոլանդիայում նույնիսկ ավելի վաղ տարիքից այդ գործն են անում' օգնելով թե ' իրենց, և թե սեփական ծնողներին:
-Հովիկ, շնորհակալություն հարցազրույցի համար, ցանկանում եմ հաջողությամբ քայլես երազանքներիդ իրականացման ճանապարհով ' ավարտես քոլեջն ու ընդունվես Ռոտերդամի համալսարան' արդարացնելով նաև ծնողներիդ սպասելիքները:
-Ես էլ եմ շնորհակալ «Նիդերլանդական Օրագրից», որն ի դեպ մեծ հաճույքով եմ կարդում:
Զրուցեց Hay Azian-ը
Լուսանկարներում (վերևի) Հովիկ Հովհաննիսյանը Զելանդի մարզային խորհրդարանում ելույթ ունենալիս,ES.V.O ակումբի A1 թիմի կազմում' առաջին շարքում ձախից երրորդը (ներքևի լուսանկար):