?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ թուրքական ատելություն սերմանող ցույցի մասին

Հաագա, 10 Հունիսի 2014 – Հոլանդական խորհրդարանի Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ (CDA) խմբակցության պատգամավոր Պիտեր Օմզիգտի գրավոր հարցերը հոլանդական կողմի առաջին արձագանքն է 2014 թ. հունիսի 1-ին Ալմելոյում կայացած թուրքական հանրահավաքի վերաբերյալ: Գրավոր հարցերը ներկայացվել են նաև Սոցիալիստական ​​Կուսակցություն (SP), Քրիստոնեական Միության (CU), Բարեփոխված Քաղաքական Կուսակցություն (SGP) և Ազատության համար Կուսակցություն (PVV) խմբակցությունների անունից: Հանրահավաքը, որ պաշտոնապես ուղղված է եղել վերջերս Ալմելոյի հայկական եկեղեցու սեփական բակում տեղադրված հուշարձանի «ցեղասպանություն» բառի դեմ, վերածվել է բազմաթիվ հակահայ լոզունգներով և հայտարարություններով լի ցույցի:

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) կարծիքով նման ատելություն սերմանող հանրահավաք չի կարող մնալ առանց կտրուկ արձագանքի ու հետևանքների և շնորհակալություն է հայտնում հոլանդական խորհրդարանի հինգ խմբակցություններին` քննադատական հարցադրումների համար: Կառավարության արագ պատասխանը ցանկալի է, հատկապես նկատի ունենալով, որ հանրահավաքի տեսանյութերը ոչ միայն տեղադրված են համացանցում, այլ պարբերաբար ցուցադրվում են թուրքական հեռուստաալիքով:

Հինգ խորհրդարանական խմբակցությունների հարցերն ուղղված են Արտաքին Գործերի նախարարին, Սոցիալական Հարցերի և Աշխատանքի (որը կրում է նաև Ինտեգրացիայի պոտֆելը) նախարարին և Անվտանգության և Արդարադատության նախարարին, քանի որ այս խնդիրը որոշակիորեն վերաբերում է  այդ նախարարներին:

Ինչ վերաբերում է հանրահավաքի կազմակերպման ոճին, նախարարներին հարց է ուղղվում թե արդյոք նրանք տեղյակ են, որ հանրահավաքը կազմակերպվել է Թուրքիայի անմիջական աջակցությամբ, օրինակ, Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ձրի ավտոբուսներ է տրամադրել հանրահավաքին մասնակցելու համար, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմանկից «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (UETD - Union europäisch-Türkischer Demokraten) լոբբիիստական խմբավորումը ներգրավված է եղել հանրահավաքի կազմակերպման գործում և վերջապես բոլոր մզկիթներում կոչ է արվել մասնակցել այս հանրահավաքին:

Հարցադրումների հեղինակները ցանկանում են իմանալ, թե արդյոք հիմքեր կան Արդարադատության Նախարարության համար, որպեսզի հետաքննություն կատարվի հանրահավաքի լոզունգների ու հայտարարությունների կապակցությամբ: Նրանք նույնպես հարցնում են, թե Արտաքին Գործերի նախարարը ինչ քայլեր վերցնելու մտադրություն ունի և արդյոք նա կքննարկի այս հարցը իր թուրք գործընկերոջ հետ: Վերջապես նախարարներին հարց է տրվում, թե արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել հանրահավաքի բնույթից և ոճից և այնտեղ օգտագործված լոզունգներից:

Հոլանդահայ ֆեդերացիայի նկատողությունները
Հունիսի 1-ին Ալմելոյում կայացած հանրահավաքը հայտարարվել էր, որպես բողոքի ցույց հուշահամալիրի «ցեղասպանություն» բառի դեմ, սակայն այն վերածվեց ամբողջովին հակահայ, ռասիստական երանգավորումով ցույցի: Հանրահավաքի ընթացքում օսմանյան ռազմական տարազներով նվագախումբը նվագել է օսմանյան հաղթական երաժշտություն, դրանով իսկ ուղղակիորեն դիտավորյալ անդրադառնալով ցեղասպանության ժամանակաշրջանին և դրա հանցագործներին: Միջազգային հռչակավոր պատմաբանները և ցեղասպանության փորձագետներն արդեն երկար ժամանակ է ինչ հիմնվելով բազմաթիվ հետազոտական նյութերի վրա համաձայնվել են, որ հայերի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն և շատ երկրներ ճանաչել են հայոց ցեղասպանությունը:  Նիդեռլանդներում  2004 թվականին խորհրդարանը, որը երկրի ամենաբարձր քաղաքական մարմինն է, միաձայն ճանաչել է հայոց ցեղասպանությունը (Ռաուֆուտի բանաձևը):

Հոլանդահայ ֆեդերացիան բողոքում է հունիսի 1-ին Ալմելոյում տեղի ունեցած գործողությունների դեմ և պահանջում կառավարության անհապաղ ուշադրությունը, ակնկալելով գործնական քայլեր թե հանրահավաքի բովանդակության և թե Թուրքիայի կառավարության միջամտության ուղղությամբ: Ըստ էության հայոց ցեղասպանության ժխտումը ընթանում ձեռք ձեռքի տված ռասիզմի և հակահայ կեցվածքի հետ, ինչպես Հոլոքոստի ժխտման և հակասեմիտականության պարագայում: Հանրահավաքի կազմակերպման մեթոդից և դրա բովանդակությունից պարզ է դառնում թե Թուրքիան ինչքան մտահոգված է և պատրաստվում է ուրացման միջոցով և հակահայ քարոզչությամբ դիմակայել 2015 թվականը, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենանալու միջոցառումներ նվիրված հայոց ցեղասպանության հարյուրամյակին:

Վերջապես Հոլանդահայ ֆեդերացիան ցանկանում է հստակորեն ընդգծել, որ ֆեդերացիայի գործունեությունն ուղղված է հայոց ցեղասպանության ճանաչմանը և երբեք ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ որտեղ էլ որ նրանք գտնվեն, այլ թուրք կառավարության կողմից անցյալի ժխտման դեմ: Միայն Թուրքիայի ճանաչումով է հնարավոր ժամանակի ընթացքում իրականացնել ազգամիջյան հաշտություն: Պետք է նշել, որ հայոց ցեղասպանության վերաբերյալ արդեն իսկ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել թուրքերի մտքում: Այն թուրքերը թե Թուրքիայում և թե Նիդեռլանդներում, ովքեր ծանոթ են ցեղասպանության պատմությանը և ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն, նույնպես լուրջ խնդիրներ ունեն ցեղասպանությունը ժխտողների հետ: Հայտնի է, որ ազգայնամոլ թուրքերը նրանց ևս խնդիրներ են հարուցում, երբ նրանք իրենց կարծիքն են հայտնում այս հարցի մասին:

Թուրքիայի ճնշումը դեռևս առկա է նույնպես Հոլանդիայի կառավարության վրա, որը հետևաբար խուսափում է խոսել բոլոր հստակությամբ հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի կառավարության այս վերաբերմունքի համար  չկա արդարացման որևէ հիմք, հատկապես, որ հոլանդական կառավարությունը պնդում է թե առաջատար դեր է կատարում աշխարհում, մարդու իրավունքների ոտնահարման, ռասիզմի և ցեղասպանության խնդիրների վերացման հարցերում:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)