Աշխարհահռչակ մոդել, հաղորդավարուհի, Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն իր ամուսնու՝ ֆրանսահայ հայտնի գործարար, ծննդով Երևանցի Արամ Օհանյանի հետ Հայաստանում են

16 հոկտեմբերի, 2014 | 13:38
Հոկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց աշխարհահռչակ մոդել, հաղորդավարուհի ու Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոյին, ով ամուսնու՝ ֆրանսահայ հայտնի գործարար, ծննդով Երևանցի Արամ Օհանյանի հետ Հայաստանում է ժամանել՝ երկրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, որին նա իր աջակցությունն է բերում իր համբավով, նվիրվածությամբ և առատաձեռնությամբ:
Ադրիանա Կարեմբոն Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի՝ Ֆոնեթոն 2014-ի կնքամայրն է:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ ընդունել մեր նախարարությունում: Ուրախ եմ, որ ինտեգրվում եք հայկական միջավայրին:Հայն ուր էլ լինի, վերադառնում է իր արմատներին: Ես շնորհակալ եմ ձեր բարեգործությունների համար: Կարծում եմ, Հայաստան գալով Հայրենիքը շատ կսիրեք և այլ կերպ կընկալեք ու կզգաք, քանի որ տրորում եք հայրենի հողը»:
Հայաստանում Ադրիանա Կարեմբոն և Արամ Օհանյանը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում Տավուշի մարզում գյուղացիական տնտեսություններն ու ոռոգման համակարգերը, որ ֆինանսավորվել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի կողմից: Բարեգործները կայցելեն Օշականի դպրոց, որ ֆինանսավորել են պատգամավոր Ռենե Ռուքեն ու Ալֆորվիլի քաղաքապետարանը՝ սենատոր-քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:
Այցի շրջանակներում հյուրերը կլինեն նաև այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը, և որտեղ եղել է նրա հայրը՝ 1950-ականներին վայելել է ծանր քաշային կարգի բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Տաքես Օհանյանը:
Արամ Օհանյանը ծնվել է Երևանում, հետո տեղափոխվել Մարսել, որից հետո էլ՝ Մարաքեշ (Մարոկո)։ Նրան է պատկանում Մարաքեշի «Ջադ-Մահալ» ռեստորան-դղյակ-հյուրանոցային համալիրը և քաղաքի ամենահայտնի և ամենաբարձրակարգ ակումբներից մեկը։