
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցին հիմնադրվել է սրանից 300 տարի առաջ` 1714 թվականին, այդ ժամանակվա հայ վաճառականների կողմից: Այսօր արդեն գործող Եկեղեցու վարչությունը 2014-2015 թթ. հայտարարել է հոբելյանական տարի: Հոբելյանի առաջին միջոցառումը տեղի ունեցավ օրերս' 2014 թվականի նոյեմբերի 9-ին, եկեղեցու խորանի վերանորոգված Սուրբ Սեղանի օծումով:
Եկեղեցու հիմնադրումից ավելի քան 50 տարի առաջ, շուրջ 1650 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոսի կարգադրությամբ Ամստերդամ են գալիս հայ հոգևորականներ` հայերեն գրքեր հրատարակելու նպատակով: Նրանց ջանքերով 1658-1669 և 1685-1718 ժամանակահատվածներում տպագրվել են տասնյակ հայերեն գրքեր, այդ թվում, առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչը: Հետևաբար' 17 և 18-րդ դարերի Ամստերդամի հայ գաղութի կարևոր առանձնահատկությունը, եկեղեցու հիմնադրումից բացի, հանդիսանում է հայերեն գրքերի տպագրությունը:
Խաչիկ Պալըգճեանը, ով ծնվել է Իստամբուլում 1955 թվականին, խոր ուսումնասիրություններ է կատարել հոլանդական և հայկական արխիվներում 17 և 18-րդ դարերի Ամստերդամի հայկական գաղութի մասին և հատկապես այդ ժամանակվա հայ գրքերի տպագրության թեմաներն արծարծել: 2013 թ. նա հրատարակել է մի մենագրություն Ամստերդամի վերջին տպագրիչ Առաքել Տեր Առաքելենցի մասին (տե՛ս նաև գրքի շապիկը ներքևում):
Պատկերներով հարուստ այս դասախոսության ընթացքում Խաչիկ Պալըգճեանը կանդրադառնա, ի թիվս այլոց, իր նոր հայտնաբերած նյութերին` Ամստերդամում 17 և 18-րդ դարերում հայ գրքի տպագրության պատմության ընթացքին:

