niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հայոց ցեղասպանության հարցը միջազգային գիտաժողովում՝ «Փերինչեքի գործից» առաջ

Սիվիլնեթ
Հունվարի 22-23-ին Մաաստրիխտի համալսարանը (Նիդեռլանդներ) կազմակերպում է միջազգային խոշոր գիտաժողով՝ «Ժխտողականությունը և մարդու իրավունքները» թեմայով, որը ոլորտի խոշորագույն միջոցառումներից է: Երևանյան «Ապելլա» ինստիտուտի տնօրեն, իրավագիտության դոկտոր Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ գիտաժողովի երկու առանձին նիստ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության թեմային:

ՍիվիլՆեթի հետ զրույցում Մազմանյանն ասաց, որ գիտաժողովը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ դրանից մի քանի օր հետո՝ հունվարի 28-ին, Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննելու է  «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը:
armen mazmanyan (1)
Մազմանյանն ասում է, որ Մաաստրիխտի գիտաժողովը կարևոր է հատկապես այն համատեքստում, որ մի քանի օր հետո ՄԻԵԴ-ը քննելու է «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը:

«Ես ինքս նախաձեռնել եմ երկու նիստ, որոնց ընթացքում քննարկվելու են Եվրոպայում ժխտողականության քրեականացման ասպեկտները: Ինչպես գիտեք, Գերմանիայում կան օրենքներ, որոնք քրեականացնում են Հոլոքոստի, իսկ Ֆրանսիայում և Շվեյցարաիյում՝ նաև Հայոց ցեղասպանության ժխտումը: Իհարկե, Ֆրանսիայում այդ օրենքը հակասահամանդրական ճանաչվեց: Իմ նախաձեռնած երկու նիստերի քննարկման առարկան կդառնան այդ օրենքների և երևույթի իրավական ասպեկտները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցը»,- ասաց Մազմանյանը։

Նիստերին կմասնակցեն մի շարք հայտնի գիտնականներ, այդ թվում՝ Ժնևի համալսարանի պրոֆեսոր Սևան Ղարիբյանը, որը ժխտողականության ու Հայոց ցեղասպանության հարցում հայկական կողմի դիրքորոշման լոբբիստ է: Մազմանյանի խոսքով՝ գիտաժողովի ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս ժխտողականությունը քրեականացնելու օգտին, ավելին՝ ոմանք կարծում են, որ անգամ Հոլոքոստի ժխտումը պետք չէ քրեականացնել: «Մեծ մասը, այդուհանդերձ կարծում է, որ Փերինչեքի գործում խտրական որոշում է կայացվել, քանի որ Հայոց ցեղասպանությունը հակադրվեց Հոլոքոստի հետ»,- ասաց նա:

Ցեղասպանությունների հիերարխիա՞

Նիստերից մեկը կրում է «Եվրոպայում ժխտողականության քրեականացման օրենսդրությունը» խորագիրը, որի գլխավոր հարցն այն է, թե արդյոք Եվրոպայում օրենսդրության հարցում ցեղասպանությունների հիերարխիկ մոտեցում կա՞: Արմեն Մազմանյանի խոսքով՝ գիտաժողովի մասնակցիներից մեկը՝ բելառուս Վլադիսլավ Բելավուսաուն, օրինակ, համարելով, որ պետք չէ ընդհանրապես քրեականացնել ժխտողականությունը, այնուամենայնիվ պնդում է, որ Փերինչեքի գործում տրիվիալ որոշում է կայացվել: «Այդ որոշումը թեև հայկական դիրքորոշման առումով նպաստավոր չէր, սակայն նորմատիվ-իրավական առումով բավական պարզունակ բաներ կան դրանում: Հետևապես, ՄԻԵԴ-ում հունվարի 28-ի լսումները շատ կարևոր են, և միգուցե ամենակարևորը կլինեն Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական գործընթացի, երևույթին իրավական գնահատական տալու առումով»,- ասաց Մազմանյանը՝ ընդգծելով, որ Փերինչեքի գործով աննխադեպ որոշում է կայացվել, որը խտրական է, քանի որ ժխտողականությունն ինքնին արդեն խտրական, ռասիստական տարր է պարունակում: «Այդ որոշմամբ եվրոպական իրավական դաշտում չափազանց տրիվիալ, խտրական նախադեպ ստեղծվեց, ու գիտական շրջանակների կողմից այն չողջունվեց: Նիստերի ընթացքում հենց դա կշեշտվի»,- նշեց Մազմանյանը։

Լինելու է նաև երրորդ նիստ, որի ընթացքում քննարկվելու է ժխտողականությունը հենց Հայոց ցեղասպանության համատեքստում: «Սա արդեն իմ նախաձեռնությունը չէ: Այդ նիստին կքննարկվեն Հայոց ցեղասպանության ոչ այնքան իրավական, որքան պատմական ասպեկտները: Նիստին խոսնակներից մեկը ազգությամբ թուրք, Մաաստրիխտի համալսարանից Բիրսեն Էրդողան անունով մի կին է: Նրա զեկույցը վերնագրված է «Հայոց ցեղասպանություն»։

Դողու Փերինչեքի գործի մասին

Թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2014թ. սեպտեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը:  ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը կլինի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը կսկսի Փերինչեքի գործի քննությունը:

Tags: Իրադարձություններ.դեպքեր, հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments