?

Log in

No account? Create an account

ՀՀ նախագահի հրամանագրով Նիդերլանդների Թագավորությունում իր նշանակման վայր` Հաագա է ժամանել ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը: Այս առնչությամբ Նա իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր» ։

Նորանշանակ դեսպանի առաջին անհրաժեշտ գնումը Նիդերլանդներում հեծանիվն է եղել: Իրոք Հաագայում հեծանիվով շրջագայելը տրանսպորտային խցանումների ֆոնին անհրաժեշտ պայման է: Հեծանիվից են օգտվում Նիդերլանդների գրեթե բոլոր նախարարները և անձամբ Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը:

Նորանշանակ դեսպանի առաջին անհրաժեշտ գնումը Նիդերլանդներում հեծանիվն է եղել

Տիգրան Բալայանը նաև շնորհակալություն է հայտնել Հաագայում աշխատած նախկին դեսպաններին.

«Շնորհակալություն դեսպաններ Ձյունիկ Աղաջանյանին և Գարեգին Մելքոնյանին օրինակելի տեսքով և անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով Դեսպանատան և Դեսպանի կեցավայրը հանձնելու համար։ Հատուկ շնորհակալություն դեսպանության խորհրդական Վարազդատ Պահլավունուն` ջերմ ընդունելության և օգտակար խորհուրդների համար» ։

Այսօր` հոկտեմբերի 31-ին, պարզ դարձավ, որ Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Նիդերլանդների արտգործնախարարության Արարողակարգի ղեկավար տիկին Պասկալ Խրոտենհաուզին։ Այդ մասին հայտնում է ԱԳ նախարարության կայքը:

հոկտեմբերի 31-ին, Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Նիդերլանդների արտգործնախարարության Արարողակարգի ղեկավար տիկին Պասկալ Խրոտենհաուզին

Ողջունելով և շնորհավորելով Հայաստանի նորանշանակ դեսպանին՝ տիկին Խրոտենհաուզը համոզմունք հայտնեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Բալայանը նշեց, որ 11 տարվա ընդմիջումից հետո ուրախ է վերադառնալ Նիդերլանդներ՝ իր նպաստը բերելու դարերի հարուստ պատմություն ունեցող հայ-հոլանդական արդյունավետ փոխգործակցության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում հոլանդացի պաշտոնյան ներկայացրեց Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին դեսպան Բալայանի հավատարմագրերի հանձնման արարողակարգը։

Զրուցակիցները քննարկեցին նաև Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի գործունեությանն առնչվող հարցեր։

Առաջիկա Շաբաթ-կիրակի օրերը դեսպան Տիգրան Բալայանը նախատեսում է շրջել Նիդերլանդներով, ծանոթանալ երկրով մեկ սփռված հայկական համայնքներին։

Դեսպանության կայքում հրապարակված է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանի կենսագրականը:

Բարի երթ ենք մաղթում հարգարժան դեսպանին, նոր ու պատասխանատու այս աշխատանքում` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման ու ամրապնդման:

Տիգրան Բալայան


Տիգրան Բալայան.Նիդերլանդների ԹագավորությունումՀայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Նիդերլանդների Թագավորությունում

Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 29-ին, Երևանում։

Կրթությունը

1994-1999թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, պատմաբանի և միջազգային հարաբերությունների մասնագետի որակավորում

1999-2002թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրա, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Ատենախոսության թեման՝ «Ղարաբաղյան խնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.»։

2000-2002թթ. - ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1997-2000 թթ. - Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչություն, մշտական ներկայացուցչի օգնական

2000-2002թթ. - ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, Քաղաքական բաժնի ղեկավարի օգնական

2002-2003թթ. - ՀՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, կցորդ

2002-2004 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում։

2003-2004 թթ. - ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժին, կցորդ

2004-2007 թթ. - Բելգիայի Թագավորությունում, Նիդերլանդների Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ դեսպանություն, երրորդ, ապա երկրորդ քարտուղար

2007-2008 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար

2007-2018 թթ. - դասավանդել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2013թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

2008-2010 թթ. - ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչության պետի, ինչպես նաև մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող

2010-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

2016-2018 թթ. - ՀՀ ԱԳՆ Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար

2018թ. հոկտեմբերից - Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

Հեղինակել է մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը և միջազգային դիվանագիտությունը, 1991-1994 թթ. մենագրության, «Բազմակողմ Դիվանագիտություն» և «Արտաքին քաղաքական տեղեկատվական ապահովումը» դասախոսությունների ժողովածուներ։

Հայաստանի պատվիրակությունների կազմում մասնակցել է բազմաթիվ գագաթաժողովների և համաժողովների։

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Պարգևներ

«Մխիթար Գոշ» մեդալ

Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալ

ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, վարչապետի և ԱԳ նախարարի շնորհակալագրեր

«Ջոն Կիրակոսյան» հուշամեդալ

ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի հուշամեդալ

ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալ

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ

Օտար լեզուների իմացություն

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։



Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին «1+1» հեռուստաալիքի «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման ժամանակ ցույց է տվել, թե ինչպես է ապրում Ամստերդամում և պատմել է մոր կողմից օգնություն ստանալու մասին, գրում է НТВ-ն։

Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, ապա քաղաքական գործիչը մեկնել է Նիդերլանդներ, որտեղ ԵՄ-ում ապրելու և աշխատելու իրավունք է ստացել։

Սաակաշվիլին խոստովանել է, որ շքեղ կյանքով չի ապրում։ Ինչպես հայտնել է քաղաքական գործիչը, Նիդերլանդներում կոմունալ բնակարանի համար նա ամսական վճարում է 300-350 եվրո։ Տան մաքրության հետ այդ գումարը հասնում է 400 եվրոյի։ Ավտոմեքենան նա փոխարինել է հեծանիվով, գործնական կոստյումների փոխարեն ջինսեր է հագնում։

Միխայիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ երբեմն իրեն ֆինանսապես օգնում է մայրը՝ Գիուլի Ալասանիան, որը թուրքագետ է, պատմական գիտությունների դոկտոր։

«Մայրս բավականաչափ գումար է աշխատում իրեն պահելու, Վրաստանում ապրող կնոջս և որդուս ու երբեմն նույնիսկ մի փոքր էլ ինձ օգնելու համար»,–նշել է նա:

Այս ասածների մեջ ճշմարտություն կա: Հիշեցինք մի դիպված, որ տեղի է ունեցել դեռ Սահակաշվիլու վերջին նախագահական տարիներին:

Սահակաշվիլու կնոջը, որդուն ու աներոջը տարիներ առաջ հանդիպել է Նիդերլանդակն օրագրի Ձեր թղթակիցը` Retranchement գյուղում:
Սա փոքրիկ գյուղ է նիդերլանդական Զելանդի մարզում, հարակից է Բելգիայի սահմանին, Օստբուրգ քաղաքից 9 կմ հյուսիս արևմուտք` Սլուիսի քաղաքապետարանի տարածքում: Այստեղ ամառվա մի օրը, ինչպես բնորոշ է Նիդերլանդներին, տնային ապրանքների վաճառք է կազմակերպվում: Եվ ահա այդ օրը տեսանք Սանդրային` Սահակաշվիլու կնոջը:
Նա վարժ կերպով ցատկեց հեծանիվին և շարժվեց տոնավաճառով, իսկ մենք մոտեցանք այն ապրանքներին, որ վաճառվում է: Աչքի զարնեց Siemens մակնիշի ոչ մեծ սառնարանը:
Վաճառվող ապրանքների կողքին կանգնած էր Սահակաշվիլու աները և որդիներից ավագը: Նա էլ սառնարանի համար պահանջեց 75 Եվրո: Սակարկեցինք, որ 50-ով վերցնենք: Ասաց` սպասեք Սանդրան հիմա կվերադառնա ու կորոշի: Մինչ Սանդրան կվերադառնար Սահակաշվիլուն վերաբերող հարցեր ուղղեցինք.
-Չէ, մեր Միշան ուրիշ է, շատ մաքուր է աշխատում` ոչ Ալիևի և ոչ էլ Քոչարյանի նման չէ: Հիմա էլ, երբ պաշտոնը թողնի դատարկ գրպաններով է ման գալու:
Առաջ տարին մեկ գալիս էին այս գյուղ ու հանգստանում, հիմա էլ չեն ուզում գալ ու իրենց բոլոր ապրանքներն են վաճառքի հանել:

Քիչ հետո հեծանիվով վերադառնում է Վրաստանի առաջին տիկինը: Իմանում է, որ սառնարանն ուզում ենք գնել: Անմիջապես համաձայնվում է իմ առաջարկած գնին: Ասում է, որ սառնարանը երկու անգամ է արձակուրդներին իրենց ծառայել: Սանդրան հաճելի ու անկեղծ զրուցակից էր: Գոհ էր, որ վերջապես առանց թիկնապահների էր և ազատ քայլում ու հեծանիվ էր վարում: Հայաստանի մասին բավական գիտեր ու հավանում էր հայերին: Ծնողներն ապրում էին տարածքի ամենամեծ` Տեռնեուզեն քաղաքում, իսկ այստեղ` Retranchement-ի իրենց ամառանոց հաճախում են երբեմն:
Գնելով սառնարանը` նրա հոր հետ փոխանակեցինք հասցեներ: Նա խոստացավ հյուր հրավիրել, իսկ ես նրան պատվել անուշաբույր խորովածով ու գինով: Այդ օրվանից շատ ջրեր են հոսել: Պատմությունը ցույց տվեց, որ Սահակաշվիլին իր ժողովրդի առջև ազնիվ քաղաքական գործիչ էր: Վրաստանում ամբողջովին արմատախիլ արվեց կոռուպցիան ու կաշառակերությունը, սակայն դեպքերը զարգացան այնպես, որ նա հալածված մնաց իր երկրում:
Գիտե´ք, երբեմն ցանկություններն ու հնարավորությունները չեն համընկնում: Ներկայումս Սահակաշվիլու ամառանոցի սառնարանը ծառայում է մի չունևոր ընտանիքի, իսկ նրա աներոջ հետ հանդիպել ու խորոված ուտելը, այդպես էլ չի ստացվել, ինչպես, որ չի ստացվել շատ բան Սահակաշվիլու մոտ:

Ըստ НТВ-ի և մեր լրատվության պատրաստեց` Hay Azian

2018թ. hունիս ամսից ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը վերակազմավորվեց, և նույն նախարարության կազմում ստեղծվեց Լեզվի կոմիտեն: Կոմիտեի նախագահ նշանակվեց անվանի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, որը նոր ոճով  նախաձեռնեց այս կարևորագույն ոլորտի աշխատանքը: Կարճ ժամանակում արմատապես փոխվեց կոլեկտիվի աշխատելաոճը․ վարչական վերահսկողությունն այլևս անցյալում է: Այժմ մեծ ուշադրություն է դարձվում լեզվաքարոզչությանը: Այս առումով ծավալուն և արդյունավետ աշխատանք են կատարում Լեզվի կոմիտեի աշխատակիցները, ովքեր ստեղծել ու վարում են կոմիտեի ֆեյսբուքյան էջը։ Կոմիտեն սերտ կապեր է հաստատել ԶԼՄ-ների, այդ թվում` սփյուռքի լրատվամիջոցների հետ: Հենց մամուլի միջոցներով էլ նա իր խոսքը հասցնում է հայախոս զանգվածներին: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Լեզվի կոմիտեի կարևոր հրապարակումներից մեկը.

Ո՞ր, թե՞ ով... 

Հայ ժամանակակից գրականությունից քաղված այս մի քանի օրինակները ցույց են տալիս հայերենում հատուկ եւ հասարակ գոյականներին կապակցվող որ հարաբերական դերանվան գործածության ձեւավորված ավանդույթը։

Լեւոնը, որ կանգնած էր զրուցողների ուրիշ խմբի մեջ, հարցրեց. «Ի՞նչ է, արդեն սկսեց գլխին զոռ տալ» (Հրանտ Մաթեւոսյան)։

Միակ մարդը, որ լուրջ չէր ընդունում այդ ամբողջը եւ գիտեր իսկականի արժեքը, ես էի (Աղասի Այվազյան)։

Բեմին ամենից մոտիկ նստած էին երեխաները, որոնք շատ քիչ բանից են արդեն զարմանում (Վարդգես Պետրոսյան)։

Դա այն Գասպարն էր, որ անցյալ տարի նամակով հայտնել էր Պավելի մահվան լուրը (Զորայր Խալափյան)։

Read more...Collapse )

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ՝ «ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ

ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ

Եվրամիության հովանու ներքո հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» («BRIGHT FUTURE) հ/կ կողմից Հայաստանում հաջողությամբ իրականացվեց միջազգային լայնամասշտաբ նախագիծ՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Նիդերլանդներ, Ավստրիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, Հայաստան)։ «Առաջնորդություն» խորագրի ներքո սփյուռքահայ և օտարազգի երիտասարդները 7 օր անցկացրեցին Հայաստանում՝ Բյուրականի «Ամբերդ» հյուրանոցային համալիրում։ Ծրագրի հիմնական նպատակն էր ոչ-ֆորմալ ուսումնական մեթոդներով երիտասարդ մասնակիցների և ուսանողների շրջանում զարգացնել առաջնորդին հատուկ որակներ և գիտելիքներ՝ տարբեր հետաքրքիր, ինչպես նաև ուրախ ինտերակտիվ խաղերի և միջոցառումների շրջանակներում, որոնք անընդհատ ընդատվում էին մասնակիցներին ակտիվացնող, կարճ երգ ու պարով, մարմնավարժություններով՝ ուսումնական գործընթացին հաղորդելով ակտիվություն և բարձր տրամադրություն։ 

Միջազգային նախագծի մասնակիցները տեղակայվել էին «միջազգային» սենյակներում՝ նախապես չիմանալով իրենց հարևանների անունները։ Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ նման իրավիճակում երիտասարդները սովորում են լինել հանդուրժող, ճկուն վարքագիծ են դրսևորում՝ միմյանց հետ հարմարվելու համար, դառնում են էլ ավելի համբերատար, հոգատար, ծանոթանում են միմյանց մշակույթին, ազգին բնորոշ վարքագծին, զարգացնում են արագ լեզու գտնելու և շփվելու ունակութոյւններ։ 

Հետաքրքիր, բայց դժվարին է եղել մասնակիցների ընտրությունը. մոտիվացիոն նամակների, այնուհետև՝ հարցազրույցների արդյունքում նախագծին են միացել միմիայն խելացի, առաջատար մասնագետներ և խոստումնալից երիտասարդներ, ովքեր մեծ ցանկություն են հայտնել զարգացնել կամ գտնել իրենց մեջ առաջնորդին հատուկ հմտություններ։ Գերմանիայի խմբի ներկայացուցիչ Կարինեն, լինելով ազգությամբ հայ, երբևէ հնարավորություն չէր ունեցել լինել հայրենի երկրում։ Ստանալով այդ բացառիկ հնարավորությունը և չստանալով արձակուրդային օրեր, նա, միևնույն է, որոշում է կայացրել կորցնել աշխատանքը, բայց կատարելագործել առաջնորդին հատուկ իր հմտությունները հենց հայրենի հողում։ Այսպիսով՝ մի քանի ամիս ընթացող երկարատև միջազգային հարցազրույցների արդյունքում ընտրվել են լավագույններից լավագույնները։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու ապացույցը նախագծի արդյունքներն են։ 

Առաջին օրը երիտասարդները միմյանց ներկայացրեցին իրենց երկրների առաջնորդներին, փորձի և տեղեկատվության փոխանակում իրականացրեցին՝ ոչ-ֆորմալ միջավայրում։ Նրանցից յուրաքանչյուրը կերպարանափոխված էր ու նման էր այն առաջնորդին, ումով հպարտանում էր։ Հյուրանոցային համալիրի միջանցքներում կարելի էր հանդիպել Մեսրոպ Մաշտոցին, Նիկոլ Փաշինյանին՝ կնոջ հետ, Անգելա Մերկելին, Առնոլդ Շվարցենեգերին, Ալլա Պուգաչովային, Դիրան և Պիեր Բաղդադյաններին («Գուրմե Դուրմե» հայկական արտադրության կրեատիվ շոկոլադների հիմնադիրներ), Դեն Բիլզերյանին, հոլանդական քաղաքական գործիչ Հարրի վան Բոմմելին և այլոց։ Երիտասարդներն ակտիվ համոզում ու պատմում էին միմյանց, թե ինչու և ինչ արժանիքների շնորհիվ է իրենց ներկայացրած կերպարը առաջնորդ համարվում։ (լուսանկարներ)

Նախագծի շրջանակներում գրանցվեցին հետաքրքիր հանդիպումներ տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ։ Երիտասարդներն ունեցան փորձի փոխանակում Սփյուռքի փոխնախարար Արամայիս Գրիգորյանի և Եվրոպական երկրներում հայկական համայնքների հետ կապերի բաժնի ղեկավար Կարեն Ավանեսյանի հետ։ Նրանք ժամանեցին Բյուրական, ընկերական և շատ հաճելի մթնոլորտում շփվեցին երիտասարդների հետ, պատասխանեցին նրանց բոլոր հարցերին՝ ստանալով սպառիչ և հետաքրքիր պատասխաններ, խորհուրդներ։ Ուշագրավ և տպավորիչ էր Արամայիս Գրիգորյանի և Կարեն Ավանեսյանի ջերմ վերաբերմունքը՝ մասնակիցներից յուրաքանչյուրին. նրանք նաև մեծ սիրով համաձայնեցին մասնակցել «Առաջնորդ կամ մենեջեր» զարգացնող խաղին՝ աջակցելով թիմակիցներին հասկանալ և տարբերակել առաջնորդի և մենեջերի պարտականությունները։    

Մասնակիցները ոչ պակաս տպավորված էին մշակույթի նախարարություն այցելելով։ Նախարար Լիլիթ Մակունցն իր՝ օտար լեզուների, մասնավորապես՝ անգլերենի փայլուն իմացությամբ ապշեցրել էր բոլորին։ Բովանդակալից և թեմատիկ փորձի փոխանակման արդյունքում արտասահմանցի և հայ երիտասարդները փաստեցին, որ այդ հանդիպումն, իրոք, հաջողված էր և որ Լիլիթ Մակունցին հաջողվեց մոտիվացնել և ուղղորդել իրենց՝ դեպի նորանոր գործնական և անձնական ձեռքբերումներ և հաղթանակներ։ Իսպանացի երկու երիտասարդներ՝ Պաուլան և Խավիերը իրենց՝ «Ժողովրդավարություն» խորագրով գիտական աշխատանքն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով զրուցեցին Սփյուռքի հարցերով փոխնախարար Արամայիս Գրիգորյանի, ինչպես նաև՝ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ։ Նրանք տպավորված էին մեր նախարարների հետ մտերմիկ և ջերմ շփման արդյունքում և նշեցին, որ Իսպանիայում նախարարների և այլ պաշտոնյաների հետ նմանատիպ ընկերական և ոչ-ֆորմալ զրույց դժվար է պատկերացնել ։   

 Ով կարող է ունենալ ավելի մեծ կամքի ուժ և առաջնորդին հատուկ վարքագիծ, եթե ոչ  սպորտային աշխարհի ներկայացուցիչները, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիրները։ Սպորտային օրը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (նախկին «Միկա» մարզադահլիճ)։ Մինչ խաղերին անցնելը՝ երիտասարդ մասնագետներին հնարավորոթյուն ընձեռվեց կատարել փորձի փոխանակում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ, ինչպես նաև՝ օլիմպիական խաղերի մրցանակակիր Հռիփսիմե Խուրշուդյանի, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանի, աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի հետ, ArmFC սպորտային ընկերության ղեկավար Հայկ Ղուկասյանի հետ։ Նրանք կիսվեցին իրենց հաջողություններով, մարզական ձեռքբերումներով, պատմեցին դրանց հասնելու ճանապարհին ունեցած դժվարությունների մասին: Երիտասարդները և հանդիպմանը մասնակից մարզիկները անցկացրեցին բացօթյա մարզումներ, սպորտային խաղեր և մրցումներ։

Մեկ այլ օրվա շրջանակներում ապագա և ներկա առաջնորդ-մասնակիցները քննարկեցին հաջողված և անհաջող բիզնեսային օրինակներ, կիսվեցին միմյանց հետ սեփական դրական և բացասական պատմություններով, փորձի փոխանակում ունեցան հայկական շուկայում առաջատար մարքեթինգային ընկերություններից մեկի՝ «Դոփինգ» գրուպի հիմնադիր-ղեկավար Հայկ Սիմոնյանի հետ, ով իր օրինակով փորձեց երիտասարդներին մոտիվացնել Հայաստանում սեփական բիզնես հիմնել, չվախենալ դժվարւթյուններից և չբավարարվել գրանցված հաջողություններով՝ միշտ ձգտելով առավելագույնին։ Արդյունքում ծրագրի մասնակիցներին հաջողվեց ընդամենը 20 րոպեում՝ թիմային արդյունավետ համագործակցությամբ, ստեղծել սեփական սթարթ-ափ նախագծերը, որոնք նրանք պատրաստվում են մոտ ապագայում իրականացնել Հայաստանում։ 

Տպավորիչ էր հանդիպումը «ՄԵՐ ՏՈՒՆ» հ/կ մանկատան երիտասարդ աղջիկների և հ/կ տնօրինության հետ։ Արտասահմանցի և սփյուռքահայ մասնակիցներն ակտիվ շփվեցին նրանց հետ՝ փորձելով զարգացնելով աղջիկների շրջանում խոսակցական անգլերենի մակարդակը։ 

Մասնակիցները հոգ էին տանում միմյանց հանդեպ այնպես, ասես տասնյակ տարիների ընկերներ լինեին։ Նրանք ինքնակամ կազմակերպում էին հետաքրքիր միջոցառումներ, հրավիրում միմյանց մասնակցել դրանց։ Իսպանական խումբն այս տարի ամենաակտիվն էր. ծրագրի ավարտին արժանացան «Լավագույն խումբ» կոչմանը։ Նրանք Իսպանիայից Հայաստան էին բերել Պաելիա պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները, բաղադրիչները։ Ուղղակի տեսնել էր պետք, թե ինչ համախմբվածությամբ և սիրով էին պատրաստում իսպանական խոհանոցը ներկայացնող ուտեստը և հյուրասիրում իրենց նոր ընկերներին։ Մասնակիցների համոզմամբ, անհավանական բարի և սիրո մթնոլորտ էր տիրում նախագծի ներսում, չնայած, որ մասնակիցներից յուրաքանչյուրը անհատականություն էր, ուներ իր՝ արդեն ձևավորված վարքագիծն ու աշխարհայացքը։ Ինչպես էին նրանք համագործակցում, օգնում միմյանց և թե ինչ սրտացավորեն էին մոտենում միմյանց դժվարություններին ու ցանկացած խնդիրներին՝ տեսնել էր պետք։

Արտասահմանցի երիտասարդները հիացած էին հայկական հյուրընկալությամբ. նախագծի շրջանակներում նրանք հնարավորություն ունեցան սեփական փորձի արդյունքում զգալ, թե ինչ հյուրասեր և ջերմ ազգ ենք մենք՝ հայերս։ «Առաջնորդները Աշտարակ քաղաքում» ակտիվության շրջանակներում միջազգային թիմերի բաժանված մասնակիցները ունեին հետաքրքիր թիմային առաջադրանքներ. օրինակ՝ մի թիմը պետք է անվճար կարողանար կտրել մասնակից տղաների մազերը, մյուսը՝ գումար վաստակել և/կամ, դռնեդուռ ընկնելով, սնունդ խնդրեր։ Նրանք լվանում էին մեքենաներ, երգում և պարում փողոցներում, այցելում աշտարակցիների տները, օգնում նրանց բերք հավաքել ծառերից, աղբահանում էին կատարում և այլն։ Երիտասարդները վստահեցրին, որ այս փորձը նրանց ոչ միայն անծանոթ քաղաքում գոյատևելու և մարդկանց հետ ժեստերի լեզվով խոսելու բացառիկ հնարավորություն տվեց, այլ նաև խորապես ապացուցեց, որ Հայաստանում ապրում են միայն բարի, հյուրընկալ և ուրախ մարդիկ։ «Ում հետ խոսել ենք փողոցներում՝ իր տուն է հրավիրել ամբողջ խմբին. սա անհավատալի է»,- միաձայն ասում էին օտարազգի երիտասարդները։

- Իհարկե, նախագծի հիմնական նպատակն էր պատրաստել տարբեր ասպարեզներում գործունեություն ծավալող առաջնորդներ, սակայն ուրախությամբ կարող ենք նշել, որ ինչպես նախորդ տարի (խորագիրը՝ «Միջմշակութային հաղորդակցություն»), այս տարի ևս մեր ծրագիրը ոչ միայն ուսումնական և տեղեկատվական բնույթ կրեց մասնակիցների համար, այլ իր չափով նպաստեց Հայաստանի հանդեպ սփյուռքահայ և օտարազգի երիտասարդների հետաքրության առաջացմանը, նշեց ծրագրի ղեկավար, հոլանդական «ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ» հ/կ հիմնադիր-տնօրեն Մարիամ Կիրակոսյանը։ - Իմ համար՝ որպես հայրենասեր հայի, նախագծի ամենամեծ հաջողություններից է այն, որ բոլոր մասնակիցները հրապուրվեցին մեր երկրով, մշակույթով և հայ ազգով։ Գրեթե բոլորը պատրաստվում են վերադառնալ, պատրաստել նորանոր նախագծեր՝ ներգրավելով իրենց ընկերներին։ Զարմանալիորեն հիացրեցին մի քանի մասնակիցներ, երբ ասացին, որ պատրաստվում են Արարատի տեսքով դաջվածքներ անել։ Մի եվրոպացի երիտասարդ նույնիսկ որոշեց ներկել իր մազերը հայկական դրոշի գույներով և պատմել մեր երկրի մասին իրենց ընկերներին և գործընկերներին։ Այսօր պատահաբար նկատեցի, որ արտասահմանցի մեր մասնակիցներից մեկի՝ Հյուգոյի սոցցանցային ստատուսը հայերեն տառերով է գրված, գլխավոր նկարը՝ Հայաստանում է արված։ Նախագիծը միանշանակ համարում ենք ստացված. դրանց ապացույցը երիտասարդների (թե՛ տղա, թե՛ աղջիկ) արցունքներն էին ծրագրի ավարտին։ Նրանցից ոչ մեկը չէր ցանկանում լքել Հայաստանը. Ավստրիական խմբի ղեկավար Քսենիան հետադարձի նոր տոմս գնեց՝ երկու օրով հետաձգելով իր թռիչքը։  

Նախագծի ավարտին մասնակիցներն արժանացան նոմինացիաների և սերտիֆիկատների։ Ծրագրի վաղեմի ընկեր «Լակի» ընկերությունն այս տարի ևս ապահովել էր մասնակիցներին քաղցրավենիքով և գեղեցիկ տորթով՝ Եվրոմիության տարբերանշանով։ 

Երիտասարդական այս նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական և արտասահմանյան լրատվամիջոցների մոտ։ Ծրագրի գլխավոր ինֆորմացիոն հովանավորն է հոլանդա-հայկական «ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ» պարբերականը։ Այլ լրատվական աջակիցներ՝  Հանրային հեռուստաընկերություն, Արմենիա հեռուստաընկերություն, Գավառի և Իջևանի հեռուստաընկերութոյւններ, Հանրային Ռադիո, Ռադիո Վան, Ռադիո Մարշալ, Orer.eu, Tert.am, Iravunk.com,  Shamshyan.com, MyMamul.am և ուրիշներ։

 Նմանօրինակ երիտասարդական մեծ նախագծերը խրախուսելի են, քանի որ դրանք ոչ միայն ուսուցողական են, այլ նաև հնարավորություն են տալիս ստեղծել նորանոր նմանատիպ ծրագրեր՝ երիտասարդներին հուզող խնդիրներին և հետաքրքրություններին ուղղված։ Այս նախագծի մասնակիցները, ոգևորվելով ծրագրի ընթացքից և արդյունքից, հանդես եկան նոր մտքերով և առաջարկնելով՝ առաջիկա ծրագրեր կյանքի կոչելու համար։

 Ամբողջական լուսանկարների հավաքածոն «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջում:

JAMANAK. Prince Nicodeme Amatouni

Պոլսո «Ժամանակ» թերթը «Նիդերլանդական օրագրի» նախագծին գործակից

«Ժամանակ» թերթի համարը

Ինչպես հայտնի է Ամատունիների իշխանական տոհմի մասին հետաքրքիր նախագիծ է  սկսել «Նիդերլանդական օրագիրը»: Այս նախագծին արձագանքել են բազմաթիվ կայքեր, այդ թվում հայաստանյան «Հետք» հայտնի թերթը, Եվրոպական «Օրեր»  ամսագիրը, պատրաստվում է այդ թեմայով նյութ հրապարակել մոսկովյան երկլեզու «Ժամը» հանդեսը: Ամատունիների մասին շատ փաստեր ու լուսանկարներ  հրապարակվել են առաջին անգամ: Առաջիկայում ևս հրապարակվելու են նոր տեղեկություններ և լուսանկարներ: Թեև նախագծի Հեղինակային իրավունքը պատկանում է  «Նիդերլանդական օրագրին» և հղումը  պարտադիր է՝ այս շրջանակներում առավել քան խրախուսում ենք մեր նյութերի լայն տարածումը, պատմության քողարկված անցքերը մեր  հասարակությանը ներկայացնելը: Տպագիր տարբերակի հրապարակումը՝  տարբեր լրատվամիջոցների կողմից ավելի նախընտրելի է: Ինչու՞...Որպեսզի  այս  նոր  բացահայտումները հաղթահարեն  ժամանակը և  հասնեն ապագա սերունդներին ևս:  Հոդվածների առցանց տարբերակը որքան էլ ժամանակակից է և դյուրին տարածելու,  բազմացնելու,  հասարակության լայն շերտերին հասու դարձնելու համար, այնուամենայնիվ  վտանգը մեծ  է, որ ժամանակի ընթացքում դրանք կարող են անհետանալ համացանցային տիրույթից՝ ինչպես հաճախ լինում է: Առանց այն էլ ժամանակը մոռացության թանձր շղարշով է պատել պատմական ու ժամանակագրական շատ հերոսների կենսագրականներ, որոնց կորստից փրկելն ու պատմությանը վերադարձնելը ուժերի լարում է  պահանջում:

Նիկոդիմոս Ամատունուն նվիրված «Ժամանակ» թերթի 3-րդ էջը

Ըստ մեզ շատ կարևոր մի խնդիր էլ կա. Եկել է պահը, որ հայ ժողովրդի արժանի զավակների ու պատմության հետ նրանց առերեսվելու մասին նյութերը  հրապարակվեն՝ թե արևելահայերեն, և թե արևմտահայերեն, որպեսզի հաղթահարվի բոլշևիզմի և խորհրդային ժամանակների  անջրպետը, որ երկփեղկել  էր  ազգը: Հիմա այդ խնդիրը չկա և ժամանակն է  հայկական աշխարհի երկու մասերում, նաև սփյուռքում համատեղ ճանաչեն մեր զավակների պատմության հետ ունեցած առնչություններն ու ընդհանրությունները:


Շատ գովելի է, որ այս առումով  ԺԱՄԱՆԱԿԸ  մեր կողքը կանգնեց և  համագործակից եղավ մեզ: Խոսքը Թուրքիայի Պոլսո մեջ հրատարակվող 1908թ. Գօչունեան եղբայրների կողմից հիմնված ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի մասին է, որը լույս է տեսնում  110 տարի անընդմեջ և որի  այժմյան հրատարակիչները  ևս Գօչունեան շառավիղը շարունակողներն են: Այն  ներկայումս հրատարակվող աշխարհում ամենահին հայկական պարբերականն է, որն անգնահատելի ծառայություններ ունի հայ մամուլի տարեգրության մեջ. հրատարակվում է արևմտահայերենով և նաև այդ պատճառով արժևորում ենք մեր համագործակցությունը: Մեզանում հազվադեպ են այն արհեստավարժ լրագրողները, որոնք միաժամանակ տիրապետում են մեր զույգ ոսկեղենիկ հայերենին: Դրանցից մեկը ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑՆ է: Նա  «Ժամանակ» թերթի աշխատակիցն է և հայերեն երկլեզու՝  «Արեւելք» կայքի հիմնադիր խմբագիրը: Հենց նա Նիկոդիմոս Ամատունուն վերաբերող բավականին ծավալուն նյութը թարգմանեց արևմտահայերեն և հարմարեցրեց տպագրության ծավալներին: Այժմ արդեն իրողություն է՝ Նիկոդիմոս Ամատունու մասին նյութը տպագրվել է Երեկվա  «Ժամանակ» թերթի  2018թ. սեպտեմբերի 20-ի թիվ 11750 համարում և զբաղեցրել է ամբողջ 3-րդ էջը՝    «Օշականի նշանաւոր հայը» վերնագրով:
Նույն վեր
նագրով հոդվածը լույս է տեսել նաև այսօրվա «Ժամանակի» կայք էջում:

Ա
յս նախանձախնդիր համագործակցության համար մեր շնորհակալությունն ենք հայտնում արդեն իր երկդարյա ճանապարհը հարթող ԺԱՄԱՆԱԿԻՆ, Հրատարակութեան արտօնատեր Սարգիս Գօչունեանին, տնօրէնուհի Նատիա Գօչունեանին,  գլխաւոր խմբագիր  Արա Գօչունեանին և ողջ  անձնակազմին մաղթելով նրանց բարի երթ ու կանաչ ճանապարհ՝  առաջադրված բոլոր առաքելությունների իրականացման ճանապարհին:
«Նիդերլանդական օրագիր»

Թերթային տպագիր տարբերակն այստեղ

ՕՇԱԿԱՆԻ ՆՇԱՆԱՒՈՐ ՀԱՅԸ

Այս յօդուածը ԺԱՄԱՆԱԿ օրաթերթին ղրկած է Հոլանտայի մէջ գործող«Հոլանտական օրագիր» կայքէջը, որ տասը տարուան պատմութիւն ունի՝ հոլանտահայ կեանքը բազմակողմանի կերպով լուսաբանող եւ մեծ համբաւ ունի Եւրոպայի հայութեան մօտ:Կայքէջի հիմնադիր Աշոտ Քնեազեան, մեզի տրամադրած է այս յօդուածին արեւելահայերէն տարբերակը՝ նպատակ ունենալով, որ առաջին անգամ Պոլսոյ մէջ տպագրուի հայ ազնուականութեան դասի ներկայացուցիչներէն Նիկոդիմոս Ամատունիին մասին, որուն անունը, հանգամանքներու բերումով, մոռացութեան մատնուած էր երկար տարիներ: Ան նաեւ կը նշէ, թէ հակառակ որ ազնուականական այդ տոհմը այսօր չկայ, սակայն այսօր Ամատունիներ կան ամէնուր:Յօդուածին հեղինակը լրագրող Վահան Ամատունին է, որ նոյնպէս Ամատունիներու տոհմէն կը սերի (Նիկոդիմոս Ամատունիի հօրեղբօր ծոռն է), եւ իր պարտքը նկատած է ուսումնասիրել եւ գրել իր հռչակաւոր տոհմակիցին՝ Նիկոդիմոս Ամատունիին մասին: Ան այս յօդուածով նոր տեղեկութիւններ կը ներկայացնէ եւ անհրաժեշտ ճշդումներ կը կատարէ իշխան Նիկոդիմոս Ամատունիի կենսագրութեան մէջ, նաեւ կը յայտնէ, որ մեր իրականութեան մէջ շատ քիչ ազնուական տոհմերու ներկայացուցիչներ կրցած են իրենց մենաշնորհն ու դիրքը մինչեւ վերջ գործածել, քանի որ խորհրդային կարգերու հաստատումով վերացուցած է ազնուական հասկացութեան եւ այդ բառին վրայ: Անոնցմէ խլուած է ունեցուածքը, բազմաթիւ գերդաստաններ պարզապէս կեցած են վերացման եզրին, իսկ ոմանք, չենթարկուելով անարդարութեան, հանգրուան գտած են օտարութեան մէջ:«Հակառակ անոր, որ համայնավարներու տիրապետութիւնը վերջ տուաւ ազնուականութեան դասի գոյութեան, հակառակ անոր որոշ ներկայացուցիչներ արդէն իրենց տիտղոսը պաշտօնապէս՝ իրենց մականունէն առաջ չեն կրած, բայց եւ այնպէս, շարունակած են իրենց նախնիներու աւանդոյթները, շարունակած են մեծ ներդրում ունենալ գիտական, քաղաքական, գրական եւ այլ շրջանակներէ ներս: Ցաւօք, անոնց մասին քիչ թէ շատ, առաւել կը յիշեն Ռուսաստանի եւ դրացի Վրաստանի մէջ, քան՝ մեզ մօտ՝ Հայաստան», կը գրէ Վահան Ամատունի: Ան բազմաթիւ գիրքերու, արխիւներու, վրացական, ռուսական, հայկական փաստաթուղթերու հիման վրայ կարեւոր թուականներու, անուններու, դէպքերու ճշդումներ կատարած է Ամատունիի կենսագրութեան մէջ եւ ապացուցած մանաւանդ անոր հայկական ծագումը՝ Օշական գիւղէն, փաստ մը, որ օտար աղբիւրներու մէջ անտեսուած է եւ չէ նշուած: Առհասարակ, Ամատունիները եղած են Օշականի երբեմնի տէրերը։ Ամատունիներուն շառաւիղները ժամանակի ընթացքին եւ յատկապէս ԺԸ.-ԺԹ. դարերուն տարածուած են դէպի զանազան բնակավայրեր. անոնց մէկ մասն ալ Վրաստան փոխադրուած է: Ծանօթ են իշխան Նափոլէոն Ամատունին, որ Թիֆլիզ ծնած է եւ հայ թատերական գործիչ եղած է:Ծանօթ է նաեւ Սահակ Վարդապետ Ամատունին, որ 1856 թուականին Օշական ծնած է, Սուրբ Էջմիածնի միաբան էր, եղած է Մատենադարանի վարիչ եւ սինոտի անդամ: Երկար տարիներ աշխատակցած է «Արարատ» ամսագիրին եւ այլ պարբերականներու: 1911 թուականին հրատարակած է «Հին եւ նոր պարականոն ու անվաւեր շարականներ» գիրքը: «Հայոց բառ ու բան» աշխատութիւնը, որ կը պարունակէ Արարատեան եւ այլ բարբառներու տասնչորս հազար բառ ու դարձուածք:Ամատունիներու շառաւիղի յետնորդները հիմնականին կ՚առանձնանային մտաւոր բարձր յատկանիշերով ու կազմակերպչական ունակութիւններով։ Օշականի Ամատունիներէն յայտնի են նաեւ Վազգէն Քահանան, վարժապետներ Աշխարհիկ եւ Իշխան Ամատունիները, բժիշկ Մարտին Ամատունին, տնտեսագէտ Վարդան Ամատունին, լրագրողներ Լեւոն եւ Վարդան Ամատունիները:Վահան Ամատունիի գրչին պատկանող այս յօդուածը կը ներկայացնենք յապաւումներով եւ կը գործածենք նաեւ մեզի տրամադրուած լուսանկարները:


ՆԻԿՈԴԻՄՈՍ ԵՍԱՅԻԻ ԱՄԱՏՈՒՆԻ

…Դժբախտաբար իրականութիւն է, որ նոյնիսկ հայ հասարակութեան ծանօթ չէ Նիկոդիմոս Ամատունիին անունը, մասամբ կորսուած է՝ ընկերվարական կեղծ ժամանակաշրջանի դատարկութեան ու թանձր վարագոյրին պատճառով: Անոր մասին հայկական տպագիր համայնագիտարաններու եւ պատմական աղբիւրներու մէջ ոչինչ կայ: Որպէսզի ընթերցողը կարենայ մօտաւոր պատկերացում մը կազմել՝ թէ ո՞վ է Նիկոդիմոս Ամատունին, ըսենք, որ ան հայ եկեղեցական, գրական կեանքին մէջ ծանօթ «Հայոց բառ ու բան» բառարանի եւ այլ աշխատութիւններու հեղինակ Սահակ Վարդապետ Ամատունիի հօրեղբօր որդին է։ Այն ժամանակ բաւական յայտնի, Օշականի աւագ քահանայ Տ. Եսայիի որդին՝ մարդ մը, որուն եռանդուն նախաձեռնութեամբ Օշականի եկեղեցւոյ շէնքը հիմնովին վերականգնուած է:Նիկոդիմոս Ամատունիի մասին գիտցած եւ լսած եմ իմ մանուկ տարիքէն։ Ուրախ ու հպարտ եմ, որ անոր ազգականն եմ ու անոր անունը, գործն ու մարդկային յատկանիշերը ուժերուս ու աջակիցներուս ջանքերով պիտի բացայայտեմ՝ աւա՜ղ, միայն այսքան ուշացումով, երբ աւելի վաղ կարելի կ՚ըլլար բազմաթիւ վկայութիւններ հայթայթել: Տեղեկութիւններ հաւաքելու միակ աղբիւրը անոր հարազատներն էին: Մտայղացումը կար, լրագրող աշխատած տարիներուս պէտք է հանդիպէի Նիկոդիմոսի եղբօր թորան՝ Օշականի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Իշխան Ամատունիին: Ան խոստացած էր հարուստ տեղեկութիւններ ու փաստեր տրամադրել Նիկոդիմոս Ամատունիի մասին: Դժբախտաբար, անոր վաղաժամ մահը, այնուհետեւ խորհրդային երկրի փլուզումը, տասնամեակներով ետ պահեցին նպատակը իրագործումէ: Տարիներ անց, երբ համացանցին մէջ փոքրիկ կենսագրական տեղեկութիւններ յայտնուեցան Նիկոդիմոս Ամատունիի մասին, հնարաւորութիւն ունեցայ հանդիպիլ հանգուցեալ Իշխան Ամատունիի որդիին՝ Գարեգին Ամատունիին: Նիկոդիմոս Ամատունիէն եւ Տ. Եսայի Քահանայի ընտանիքէն անոր տրամադրած լուսանկարները անկրկնելի են ու արժէքաւոր: Հակառակ անոր որ հայ շրջանակներու մէջ չեն գիտեր, թէ ո՛վ է Նիկոդիմոս Ամատունին, մինչդեռ անոր անունը հազուադէպ, բայց կը շրջանառուէր վրացական եւ ռուսական աղբիւրներու մէջ:


ՃՇԴՈՒԱԾ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՈՒԵԱԼՆԵՐ

Նիկոդիմոս Եսայիի Ամատունին ծնած է 3 մայիսին (15-ին) 1859 թուականին, Ռուսական կայսրութեան Երեւանի նահանգի Օշական գիւղին մէջ: Սկզբնական կրթութիւնը ստացած է ծննդավայր Օշական գիւղին մէջ, հօր՝ Տ. Եսայի Ա. Քահանայի մօտ։ Նախնական կրթութեամբ չբաւարարուելով, հակառակ ծնողքին կամքին, անակնկալ որոշումով հեռացած է գիւղէն, մեկնած է Թիֆլիզ եւ միացած 1784 թուականի վրաց Հերակլ Բ. թագաւորի, ապա ռուսաց Նիքոլայ Ա. ցարի հրովարտակներով ազնուականի տիտղոսը վերաշնորհուած, Թիֆլիզի մէջ ծանրակշիռ հեղինակութիւն վայելող իր ազգականներուն: Ապացուցելով Օշականի եւ Թիֆլիզի Ամատունիներու ժառանգական, ազգակցական կապը, ան կը վերականգնէ իր իշխանաց տիտղոսը:Նիկոդիմոս Ամատունին ընդունուած եւ աւարտած է Ներսիսեան դպրոցը: Այստեղ ան կը ծանօթանայ թիֆլիզահայ կեանքին, կը մտերմանայ այն ժամանակուան հայ գրողներուն, կ՚ընկերանայ գրող, թատերագէտ, դերասան Պետրոս Ադամեանին: Թատերական յայտնի գործիչ Նափոլէոն Ամատունին յետագային իր դուստրը՝ Եւկենիան կնութեան կու տայ Նիկոդիմոսին: Մինչ այդ վերջինս, ուսումը կրկին շարունակելու ձգտումով, այս անգամ կը մեկնի Փեթերսպուրկ:Այստեղ ուսանելուն եւ աշխատելուն զուգընթաց՝ եռանդուն հաղորդակցութիւն եւ մտերմութիւն կ՚ունենայ այն ժամանակներու գրեթէ բոլոր ակնառու մտաւորականներուն, պետական ու քաղաքական դէմքերուն հետ…1889 թուականին կ՚աւարտէ Փեթերսպուրկի կայսերական համալսարանի իրաւաբանական բաժինը եւ կը ստանայ իրաւունքի գիտական աստիճան:1890 թուականին աշխատած է դատական մարմիններէն ներս, նշանակուած է կառավարութեան ծերակոյտի քրէական վարչութեան մէջ եւ ունեցած է ոչ միանձնեայ քարտուղարի պետական աստիճան՝ 10-րդ դասի պաշտօնեայի կարգավիճակ:16 Փետրուար 1893 թուականին եղած է Եքաթերինպուրկի մարզական դատարաններու դատական քննիչ (դատախազ):1895 թուականին Ամատունին 9-րդ դասի պետական տիտղոսային խորհրդական էր:Աշխատած է նաեւ Սարատովի մարզական դատարաններու դատական քննիչ (դատախազ), սեփական հարցմամբ նշանակուած է Քամենեց-Պոտոլսքի մարզական դատարանի դատական քննիչ:1903 թուականի օգոստոսին առեւտրական նաւագնացութեան գլխաւոր կառավարիչին՝ մեծն իշխան Ալեքսանտր Միխայիլովիչին հրամանով նշանակուած է Ռուսաստանի նորաստեղծ Առեւտրական ծովագնացութեան եւ նաւահանգիստներու գլխաւոր վարչութեան չորրորդ կարգի յատուկ յանձնարարութիւններու պետ:1904 թուականին անոր շնորհուած է պետական ոչ միանձնեայ խորհրդականի կարգավիճակ, եւ ան նշանակուած է դէպի Պարսից ծոց եւ շրջակայ շրջաններ Առեւտրական ծովագնացութեան եւ նաւահանգիստներու գլխաւոր վարչութեան կողմէ հանդերձաւորուող նաւային արշաւախումբի ղեկավար:1905 թուականի օգոստոսէն մինչեւ 1906 թուականի ապրիլը, Ամատունին, որպէս Առեւտուրի նախարարի յատուկ յանձնակատար, գլխաւորած է նոյն ուղղութեամբ իր երկրորդ գաղտնի արշաւը դէպի Պարսից ծոցի նաւահանգիստներ եւ դրացի գաւառներ՝ յոյժ կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող այս տարածքաշրջանի առեւտրական յարաբերութիւնները Ռուսաստանի հետ կարգաւորելու նպատակով:1906 թուականին իշխան Նիկոդիմոս Ամատունի նշանակուած է առեւտուրի եւ արդիւնաբերութեան նախարարութեան Ռուս-դանուբեան Շոգենաւագնացութեան վարչութեան ղեկավար կազմին մէջ:1907 թուականին իշխան Նիկոդիմոս Ամատունիին շնորհուած է պետական խորհրդականի աստիճան:1908-1909 թուականներուն ան հետեւած է Ռուսաստանի գետային նաւատորմի աշխատանքներու բնականոն գործունէութեան, մասնաւորապէս դանուբեան նաւահանգիստներ կապի միջոցներու ապահովման աշխատանքներուն. կարգաւորած է ռուսական շոգենաւային ընկերութեան առեւտրային նաւերու աշխատանքն ու ուղեւորութիւններուն ճշգրիտ ժամկէտը: Նաւատորմը նոր նաւերով համալրած է: Ան է, որ Ռուսաստանի համար բացայայտած է այս նաւերուն առեւտրային նշանակութիւնը:1909 թուականին անոր վստահուած է «Կայսր Նիքոլայ Բ.» շոգենաւին մէջ կազմակերպուած ռուսական արտադրութեան ապրանքներու ծփացող ցուցահանդէսին ղեկավարումը՝ Մերձաւոր Արեւելքի երկիրներու նաւահանգիստներ այցելութեան համար:1910 թուականին Ամատունիին այս անգամ վստահուած է 1911 թուականի Թուրինի (Իտալիա) միջազգային ցուցահանդէսի ռուսական բաժինի լիազօրի պատասխանատու պարտականութիւնը:1911-ին Ամատունի ստացած է պետական վաւերական խորհրդականի աստիճան:Ան 1913 թուականին եղած է Հայաստանի մէջ: Անոր միջնորդութեամբ ու նախաձեռնութեամբ հիմնադրուած է իր ծննդավայր Օշական գիւղի դպրոցը։ Այդ տարիներուն համար եզակի երեւույթ մըն էր, երբ ցարական կառավարութիւնը ամէն ջանք կը գործադրէր ռուսական ազդեցութեան ամրապնդման եւ հայկական դպրոցներու վերացման համար: Անոր յաճախ կը թոյլատրէին անթոյլատրելին, քանզի ան ցարական պետութեան համար կ՚ընէր անկարելին: Ցարական պետութիւնը, ուր որ զայն գործուղէր, ինչ աշխատանք որ յանձնարարէր՝ Ամատունին պատուով կը կատարէր: Զայն կը գործուղէին այնտեղ, ուր տուեալ ասպարէզը կարգի պէտք է բերուէր եւ գերակայ էր պետական շահերուն համար:Նախորդող տարիներուն գործելէ չէ դադրած եկեղեցիին ծխական դպրոցը, որուն աւագ քահանան էր իր հայրը՝ Եսայի Ամատունին, իսկ եղբայրը՝ Գարեգին Եսայի Ամատունին եղած է քանի մը գիւղերու ղեկավար եւ դպրոցի հոգաբարձուներու խորհուրդին նախագահը: Նիկոդիմոսի հօրեղբօր որդին, բառարանագէտ Սահակ Վարդապետ Ամատունին եւս, իր ուժերու ներածին չափ, նպաստած է Օշականի նորակառոյց դպրոցին. իսկ Նիկոդիմոս Ամատունի դպրոցի շէնքին կառուցման ոչ միայն գլխաւոր նախաձեռնողն էր, այլեւ՝ ամենամեծ բարերարը:1914 թուականին՝ Առաջին աշխարհամարտի տարիներուն, Նիկոդիմոս Ամատունի Կարմիր խաչի միաւորման գլխաւոր տնօրէնութեան հրամանով նշանակուած է հիւսիս-արեւմտեան ճակատի դաշտային Պահեստի պատասխանատու ղեկավար:Երբ 1917 թուականին մեծամասնականները (պոլշեւիկ) իշխանութեան գլուխ եկած են, քաղաքացիական պատերազմի տարիներուն Նիկոդիմոս Ամատունին Ռուսաստանի հարաւին մասնակցած է ընդդիմադիրներուն՝ ճերմակ բանակայիններու շարժումին:Մինչեւ վերջ ան ջանացած է պայքարիլ ու երկիրը զերծ պահել համայնավարական յեղափոխութեան անկասելի տիրապետութենէն:1920-ին կարճ ժամանակ մը ընդգրկուած է Ռուսաստանի Հարաւային կառավարութեան կազմին մէջ, մասնակցած է նիւթական եւ տնտեսական համագումարներու:1920 թուականին Ճերմակ բանակի վերջնական ձախողումէն ու մեծամասնականներու լիակատար իշխանութեան գալէն ետք, Ամատունին արտագաղթած է Ֆրանսա: Հոն շարունակած է իր հասարակական, քաղաքական աշխոյժ գործունէութիւնը՝ մասնակցած է ռուսական մի քանի հասարակական կառոյցներու հիմնադրման:Իր ունեցած բարձրագոյն պարգեւներուն մէջ կը նշուի, որ 1914 թուականէն կրած է 24 յունիս 1899 թուականի բարձրագոյն մարմինին սահմանած Կարմիր խաչի կըրծ-քանշանը:1915 թուականին Ամատունին պարգեւատրուած է Սուրբ Վլատիմիրի երրորդ աստիճանի շքանշանով:1916 թուականին արժանացած է Սուրբ Սթանիսլաւի առաջին կարգի շքանշանին՝ պատերազմական իրավիճակի ժամանակ Ռուսական Կարմիր խաչի միաւորման մէջ կատարած աշխատանքին համար:Պարգեւատրուած է Ալեքսանտր Գ. կայսեր յիշատակի արծաթէ մետայլով:Պարգեւատրուած է նաեւ Ռոմանովներու Տան 300-ամեակի պրոնզէ մետայլով:Տիրոջ Ս. Գերեզմանի Ճշմարիտ Խաչ միաբանութեան անդամ է:Քաղաքացիական արժանիքներուն համար պարգեւատրուած է Պուլկարական երրորդ կարգի շքանշանով:Իր կեանքի վերջին ժամանակահատուածին Նիկոդիմոս Ամատունի ապրած է Փարիզի մերձակայ Սեն Ժընեւիեւ տը Պուա քաղաքի ռուսական տան մէջ: Մահացած է 4 մարտ 1946 թուականին եւ յուղարկաւորուած է Սեն Ժընեւիեւ տը Պուա քաղաքի գերեզմանատան մէջ՝ համայնավարական կարգերու չյարմարող բազմաթիւ ականաւոր ռուս մտաւորականներու, զին-ւորական, քաղաքական, մշակութային գործիչներու կողքին:Եղբօր թորան՝ Իշխան Ամատունիի եւ անոր որդիին՝ Գարեգինի հաւաստմամբ, ան իր ունեցուածքը նուիրաբերած է Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ): Դժբախտաբար, անոր շիրմաքարը բարւոք վիճակի մէջ չէ, եւ կը սպասէ բարերարի մը խնամքին:

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Հինգշաբթի, Սեպտեմբեր 20, 2018

Զարմանալի ու հետաքրքիր տղա է Ֆրանսիայի Փարիզ քաղաքում բնակվող Իշխան Թովմասյանը: 
Զարմանալին այն է, որտեղ եղել է Իշխանը, ում հետ շփվել է` սիրել ու հարգել են նրան:  «Նիդերլանդական օրագիրը» մի քանի անգամ նրա մասին գրել է, և ոչ միայն մենք, նաև ֆրանսիական, ռուսական, հայկական լրատվամիջոցները...
Այդպես եղել է, երբ նա սովորել է քոլեջում, ապա Փարիզի Sciences Po ինստիտուտում, երբ փորձառնության էր անցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը: Հետո Ռուսաստանում, երբ ուսանել է  արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО)` միայն գովեստի խոսքեր ու համակրանք:

Քիչ առաջ էլ կարդացինք Իշխանի մասին հոդվածը «Հայերն այսօրում» ու հասկացանք, որ նա հետաքրքիր է  իր հայ տեսակով, ում մեջ Հայաստանն է, որով նա ապրում է:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև:



Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ չեմ կարող անել. ֆրանսահայ երիտասարդը որոշել է հայրենիք տեղափոխվել

«Հայերն այսօր»– Օգոստոսին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում հանդիպել էր հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, հավաքին ներկա երիտասարդներից մեկը՝ Իշխան Թովմասյան անունով, հարց էր ուղղել Աննա Հակոբյանին, թե Սփյուռքում ապրող երիտասարդներն ի՞նչ կարող են տալ, ինչպե՞ս կարող են օգտակար լինել Հայաստանին:

Ֆրանսահայ 25-ամյա երիտասարդի հարցը պատահական չէր: Նա ծրագրել է տեղափոխվել Հայաստան: Եթե առաջ Իշխանն ընդամենը մտածում էր այդ ուղղությամբ, Թավշյա հեղափոխությունից հետո հստակ որոշում է կայացրել. «Այսօր Հայաստանը պատմական շրջան է ապրում: Եթե հիմա իմ քայլը չանեմ, գիտեմ, որ հետո անպայման զղջալու եմ»: Երբ հակադարձում եմ, որ եթե չստացվի Հայաստանում աշխատանք գտնել կամ հաջողել, նա շատ վստահ պատասխանում է. «Չէ՞ որ ամեն քայլդ չէ, որ կարող է ստացվել: Իսկ երբ քո կատարած համարձակ քայլը Հայաստանին է վերաբերում, ավելորդ չէ փորձելը: Մտածում եմ, որ այսօր Հայաստանին ավելի շատ կարող եմ օգտակար լինել: Չգիտեմ, որ ոլորտում, բայց այդտեղ իմ կարիքն ավելի շատ կզգացվի այս պահին, քան Ֆրանսիայում»:

Իշխան Թովմասյանը ծնվել և մեծացել է Ռուսաստանում, մոտ 17 տարի է՝ բնակվում է Ֆրանսիայում: Ավարտել է Ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences Po): Բակալավրի որակավորումը ստացել է «Հասարակական գիտություններ և քաղաքագիտություն» մասնագիտությամբ, իսկ մագիստրատուրայում՝ «Մարդկային ռեսուրսների կազմակերպում և կառավարում»: Մեկ տարի փոխանակման ծրագրի շրջանակներում սովորել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն առընթեր Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (МГИМО):

Ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել «Հերմես» ընկերության գլխամասային գրասենյակում՝ կադրերի ընտրության ու նրանց հետ տարվող աշխատանքների բաժնում:

Այն հարցին, թե ինչ կարող է տալ Սփյուռքում ապրող երիտասարդը Հայաստանին, Իշխանը պատասխանում է. «Հնարավոր է՝ դրսում կրթություն ստացած երիտասարդներն այնպիսի հմտություններ, ունակություններ կարող են ձեռք բերած լինել, որոնք այսօր Հայաստանում երիտասարդները չեն կարողանում ստանալ կամ շատ քիչ հնարավորություններ ունեն յուրացնելու: Նաև կարծում եմ, որ այսօր Հայաստանում նոր կադրերի պակաս է զգացվում: Հետևաբար, մեր սովորած գիտելիքները, ունակությունները ներդնելով միայն՝ կարող ենք Հայաստանին օգտակար լինել: Շատերը կարծում են, որ կարող են ապրել արտերկրում և հեռվից տարբեր ձևաչափերով օգտակար լինել Հայաստանին՝ բարեգործություն, ներդրումներ և այլն: Իսկ ես մտածում եմ, որ Հայաստանին առավել օգտակար կարող ես լինել միայն հայրենիք տեղափոխվելով: Այդ է պատճառը, որ ծրագրում եմ հաջորդ տարի տեղափոխվել Հայաստան: Դեռ հստակ չեմ կարող ասել, թե ինչպես: Պարզ է միայն այն, որ Հայաստանում կլինեմ: Ուսումս այս տարի եմ ավարտել: Առաջարկ ունեմ շարունակելու աշխատանքս «Հերմես»-ում, բայց Հայաստան գալու ցանկությունն ավելի մեծ է: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր եմ ձեռնարկում: Քանի դեռ պատասխան չունեմ, հստակ ոչինչ ասել չեմ կարող»:

Անվիճելի է, որ Իշխանը (և նրա նման հազարավորները Սփյուռքում) հեռանկարային երիտասարդ է, լավ կրթություն է ստացել, ունի բարձր վարձատրվող աշխատանք, լավ ապագա Ֆրանսիայում: Ի՞նչը, սակայն, նրան չի գոհացնում, որ ուզում է Հայաստան տեղափոխվել: Նրա պատասխանը շատ պարզ է. «Այդ հարցն ինձ շատ են տալիս, հատկապես ծանոթներս են զարմանում: Ինչո՞ւ եմ նման որոշում կայացրել, որովհետև հեռվից Հայաստանի քաղաքականության, խնդիրների մասին խոսելը իրատեսական չէ: Եթե ուզում ես ինչ-որ բանով օգնել կամ թեկուզ հասկանալ, թե ինչ է կատարվում, պետք է տեղում լինես: Տեղում լինելով միայն՝ կարող ես ճիշտ որոշում ընդունել: Նման քայլը նաև խորքում մի քիչ հայրենասիրական տարրեր ունի: Իմ նախընտրած պատմական կերպարը Նժդեհն է: Եթե սիրում ես Նժդեհին, չես կարող չսիրել Հայաստանը: Իսկ սիրելով Հայաստանը՝ ուզում ես ինչ-որ կերպ քո քայլն անել, քո լուման ներդնել, այսպես ասած, քո հայրենիքը ոտքի կանգնեցնելու համար: Շատերն ասում են՝ սխալ քայլ եմ անում, բայց ես լավատես եմ: Շատ մարդիկ ցանկություն ունեն, սակայն հնարավորություն չունեն: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ո´չ միայն ցանկություն, այլև հնարավորություն: Եվ հետո, երբ տարբեր գրքեր ես կարդում և տեղեկանում, որ օրինակ՝ ինչ-որ մի ժամանակ մեկն այսինչ բանն է արել Հայաստանի համար, շատ հաճախ իր կյանքն է զոհել, Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ ես չեմ կարող անել: Պահ է գալիս, որ անկախ քո ունեցածից ու զբաղեցրած դիրքից, դու քեզ օտար ես զգում այն երկրում, որտեղ ապրում ես»:

Հայաստան մեկնելն ի՞նչ է, որ ես չեմ կարող անել. Իշխանի խոսքերը դեռ երկար ժամանակ հնչում էին ականջումս: Բայց չէ՞ որ շատերը հեռանում են Հայաստանից՝ շատ հաճախ այրելով բոլոր կամուրջները: Իրենց ծննդավայրը, հայրենիքն այնքան է օտարանում նրանց համար, որ կարճ ժամանակ անց անգամ դադարում են հայերեն խոսել: Իշխանն ինձ զարմացրեց, նաև ուրախացրեց ո´չ միայն Հայաստան տեղափոխվելու ոգևորությամբ: Նա ծնվել և ապրում է Սփյուռքում, տիրապետում է 5 լեզվի, բայց նաև վարժ խոսում է հայերեն, կարողանում է գրել ու կարդալ: Իշխանի պնդմամբ՝ դաստիարակության հարց է, եթե ծնողները խիստ են լինում՝ ստացվում է. «Մեր տանն արգելված է այլ լեզվով խոսելը, ինչը և մեզ են պարտադրել: Ծնողներս ասում են, որ դրսում միևնույնն է, օտար լեզվով խոսելու եք, տանն է միայն, որ հայերենը պետք է պահեք: Այդ է պատճառը, որ հայերեն եմ խոսում, դժվարությամբ, բայց կարողանում եմ նաև կարդալ և գրել: Ցավոք, հակառակ օրինակներն էլ կան, երբ Հայաստանում ծնված, մեծացած երիտասարդները 3-4 տարի դրսում ապրելով՝ այլևս հայերեն չեն խոսում: Հայերենն իմ մայրենին է, ինչպե՞ս կարող եմ չխոսել: Եվ ընդհանրապես, լեզուն առաջին հատկանիշն է հայ լինելու, հայ մարդ զգալու: Եթե դու մայրենիով չես խոսում, ինչքան ուզում ես մշակույթին, պատմությանը տիրապետիր, միևնույնն է, լեզվով է շատ բան փոխանցվում: Մայրենիի հանդեպ սերը ծնողներիցս եմ ժառանգել: Ես տիրապետում եմ մի քանի լեզուների, սակայն հայերենն ուրիշ հարթակում է ինձ համար: Մյուս կողմից էլ, բոլոր ընտանիքներում չէ, որ ժամանակ կամ հնարավորություն կա տան պայմաններում լեզուն փոխանցել: Այդ է պատճառը, որ Սփյուռքում կարևոր են ամենօրյա, կիրակնօրյա դպրոցները»:

Իշխանն այնքան կարևորեց ծնողների դերն իր դաստիարակության հարցում, որ հետաքրքիր էր իմանալ, թե արմատներով որտեղից են նրանք: Պարզվեց, որ մայրիկի կողմը Դաշտային Ղարաբաղից են, սակայն վաղուց Ռուսաստան են տեղափոխվել: Հայրիկի նախնիները Մուշից, Ղարսի գաղթել են Ապարանի շրջան, թեև Իշխանի հայրիկը շատ երիտասարդ տարիքում Ռուսաստան է տեղափոխվել: Երբ հարցնում եմ՝ ծնողներն ինչպես են ընդունել Հայաստան տեղափոխվելու որոշումը, Իշխանը ծիծաղելով պատասխանում է. «Ինչպես և բոլոր ծնողները, մի քիչ անհանգիստ են: Նրանք այնքան էլ դեմ չեն, համարում են, որ սա իմ ընտրությունն է: Չէ՞ որ հասուն մարդ եմ և կարող եմ ինքնուրույն որոշում ընդունել: Բայց եթե ասեմ, որ չեմ գնում, մնում եմ Ֆրանսիայում, նրանք էլ ավելի ուրախ կլինեն»: Այնուհետև շարունակում է, որ իր որոշմամբ շատերին է վարակել: Մի փոքր էլ զարմանում է, որ իր հետ համակարծիք են հատկապես իր այն ընկերները, որոնք Հայաստանի հետ որևէ կապ չեն ունեցել. «Նրանք հայրենիքում չեն ծնվել, մեծացել, այնտեղ հարազատներ չունեն: Բայց ավելի են ոգևորված, քան նրանք, որոնք իրենց կյանքի որոշ հատվածն անցկացրել են Հայաստանում»: Երբ հետաքրքրվում եմ՝ որն է պատճառը, Իշխանը պատասխանում է. «Ինձ թվում է, երբ հեռվում ես մեծանում, ավելի շատ ես գնահատում այդ ամենը: Օտար երկրում մեծանալով, այլ մշակույթներին առավել ծանոթ լինելով՝  քեզ համար նրանք, միևնույնն է, իդեալ չեն ձևավորում: Դու միշտ ձգտում ես քեզ հարազատ ինչ-որ բանի, թեկուզ այդ ինչ-որ բանը քեզ անծանոթ է»:

Զրույցն ավարտելուց առաջ Իշխանից հետաքրքրվում եմ, թե ինչի կարիք է զգում Ֆրանսիայում, որը կարող է գտնել միայն Հայաստանում: Նա մի պահ լռում է, հետո պատասխանում. «Հետաքրքիր հարց է: Ամեն ինչի՝ սկսած ուտելիքից, օդից, մարդկանցից: Հայաստանում ուրիշ մշակույթ է, քեզ հոգեհարազատ ես զգում այդ մշակույթի հետ: Կարծում եմ, ես այսօր շատ բախտավոր եմ, որ կարող եմ այսպիսի որոշում ընդունել: Այսպես հանգիստ եմ խոսում, որովհետև ինչ-որ առումով ապահովված եմ: Եթե որևէ բան այնպես չստացվի, կարող եմ վերադառնալ Ֆրանսիա: Բայց այդ ապահովվածությունն ինձ չի ոգևորում: Այո´, այստեղ ես կարող եմ հանգիստ, ապահով կյանքով ապրել: Լավ աշխատավարձ եմ ստանում, շատերը զարմանում են՝ ոնց կարող եմ այդ աշխատավարձից հրաժարվել և գալ Հայաստան: Այն պատճառով, որ ամեն ինչ կյանքում հարաբերական է: Գումարը, ֆինանսները քեզ չեն կարող երկարաժամկետ ինչ-որ տեղ պահել: Մի ուրիշ ձգտում պետք է լինի: Մեկը հայրենասիրություն կարող է համարել, մյուսը՝ կարոտ, արյան կանչ, տարբեր անուններ կարող ենք տալ, բայց հաստատ ինչ որ մի բան կա, որը քեզ ձգում է մի երկիր, որը հայրենիք են անվանում»:

Ավարտում եմ Իշխանի հետ զրույցը, մտածելով, որ հայրենասիրություն բառը շոշափելի է դառնում նաև նման պարզ ու անկեղծ խոսքերի տողատակում: Չգիտեմ, երբ Իշխանը կգա Հայաստան, կհաջողի այստեղ, թե՝ ոչ: Մի բան հստակ է. Հայաստանի հետ այն աներևույթ կապը, որն արդեն ունի իր մեջ, բավական է, որ չկորցնի իր տեսակն ու իր երկրին օգտակար լինելու պատրաստակամությունը: Եվ ամենևին էլ կարևոր չէ, Հայաստանում է ապրում, Ֆրանսիայում, թե մեկ այլ հեռավոր երկրում: Կարևոր է, որ նա իր մեջ արդեն կրում է մի փոքրիկ Հայաստան:

Լուսինե Աբրահամյան

Սեպտեմբերի 17-ին, 18-ին և 20-ին Ամստերդամի Eye կինոցուցասրահում, ամեն օր նոր ծրագրով ցուցադրվելցին  Դավիթ Սաֆարյանի ֆիլմերը : Պաշտոնական բացմանը ներկա էին տարբեր քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղի ունեցան  ֆիլմերի քննարկումներ:

Տեղեկատվություն Սաֆարյանի մասին՝ ներկայացված է  տողատակում:

Informatie over Safarian:

https://amsterdamian.com/…/hot-country-cold-winter-armenia…/

http://www.filmkrant.nl/TS_oktober_2018/17079

https://www.eyefilm.nl/film/david-safarian-nothings-lost…

Ընթերցողին ենք ներկայացնում  De film krant կայքի ծավալուն հոդվածը.

Maar toch, David Safarian

In het kader van het EYE-programma Previously Unreleased vergezelt een uitgebreid retrospectief de vertoning van David Safarians langverwachte Hot Country, Cold Winter. Tijd om kennis te maken met deze erfgenaam van de belangrijkste Russische en Armeense filmmakers.

Door Hugo Emmerzael

Read more...Collapse )

Edgar was hij een echte taekwondo kampioen

Էդգարն ու իր մարզական հարուստ հավաքածոն
Նայմեխենում բնակվող 11-ամյա էդգարը, որն արդեն 8 ամիս է
Նիդերլանդներում է ներկայացնում է իրեն: Նա հաջողությամբ
սովորում է նիդերլանդերեն լեզուն և ներկայացնում է մի քանի
երկրներում շահած իր թաեքվոնդոյի մարզական մեդալների
հարուստ հավաքածոն:



Այդ մասին ներկայացրել է De Wijkreporters- ը, որը Նայմեխեն քաղաքի 11-13 տարեկան երեխաների կողմից ստեղծված մի նախագիծ է: Նրանք շրջում են թաղամասից թաղամաս գտնում իրենց հասակակիցներին և նրանց մասին ուրախ ու հետաքրքիր կարճ ֆիլմեր նկարահանում:
Այս անգամ նրանք հանդիպել էին Էդգարին:
Edgar woont nu 8 maanden in Nederland. Oorspronkelijk komt hij uit Armenië. Daar was hij een echte taekwondo kampioen. Veel kijkplezier!

Հանդիպել են Ալմելոյի քաղաքապետն ու Նիդերլանդներում ՀՀ դեսպանը

Read more...Collapse )

Ավարտվեց «Առաջնորդություն» անվանումով հայ-հոլանդական նոր նախագծի նախապատրաստական աշխատանքները

Read more...Collapse )

Latest Month

June 2019
S M T W T F S
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner