«Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միությունը «Իմ Սարյանը» խորագիրը կրող Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել է միության կիրակնօրյա դպրոցի աշակերտների 10 գործերով, որոնք իրականցվել են տիկին Հասմիկ Խալաֆյանի ղեկավարությամբ` ամիսների նվիրված, հետևողական և տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Այս Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը։

Մասնագիտական հանձնաժողովի կողմից երկրորդ փուլ էին անցել Արևիկ Պետրոսյանի (12 տարեկան), Սոֆի Վան Ֆլիտի (9 տարեկան) և Եվա Հայրապետյանի (7 տարեկան) աշխատանքները։ Այդ աշխատանքները ցուցադրվել են Երևանի «Մերիդիան» էքպո-կենտրոնի ցուցասրահում 2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը։

Ուրախությամբ հայտնում ենք, որ Հոլամդահայ «Աբովյան» մշակութային միության կիրակնօրյա դպրոցի աշակերտ Եվա Հայրապետյանը (7 տարեկան) արժանացել է «Իմ Սարյանը» Համահայկական մանկապատանեկան նկարչական 9-րդ մրցույթ-փառատոնի խրախուսական մրցանակին:

Սրտանց շնորհավորում ենք Եվային և մյուս երեխաներին, նկարչության ուսուցչուհի տիկին Հասմիկ Խալաֆյանին և «Աբովյան» մշակութային միության ղեկավարությանը և անդամներին։

Բոլոր հաղթողների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում 


Դեպի պարզ ու զուլալ հայկական երգն ու պարը

Հաագայի Աբովյան միության երգչախմբի  մասին

Վերջերս մեծ շուքով նշվեց Հաագայի Աբովյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակը:   Բարձր  մակարդակով  անցկացված հոբելյանական միջոցառման  հիմնական ու հաճելի բեռը իրենց ուսերին վերցրին  միության երգի, պարի պատանեկան խմբերը, որոնք  ապահովվեցին հանդիսության գեղարվեստական մասը:   Առանց գովեստի խոսքերի անհնար է շրջանցել այս  փաստը:  Չնայած հայտարարվել էր, որ որոշ երեխաներ հարբուխով հիվանդ են, սակայն իրար հաջորդող հրաշալի ելույթները  բարձրացրեցին բոլորի տոնական տրամադրությունը:

Երեխաները, որոնք անհամբեր  սպասել  էին հոբելյանական օրվան, փորձությունից դուրս եկան պատվով, ավելի ուժեղացած` վստահ իրենց կատարումներին և ուժերին: Ասենք, որ Աբովյան մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը հյուրերի շնորհավորանքներն ընդունելիս իր  խոսքերում  կարևորում էր   35 տարիների ձեռք բերած հաջողություններում`  անխտիր բոլորի, այդ թվում երգի ու պարի պատանեկան խմբերի  ներդրած ավանդը: Պարուսույց Լուսիկ Ներսիսյանը վերջին  մի քանի ամիսների ընթացքում   հասցրել էր  երեխաներին սովորեցնել նուրբ շարժումներով հայկական պարերը:

Միջոցառման երկրորդ  կեսին, երգչախմբի ղեկավար Սվետլանա Աղաջանյանը, նստել էր կողքիս, երբ ուզեցի հիացմունքս  փոխանցել, զգացի, որ  նա  ֆիզիկապես է կողքիս, իրականում  բեմում` իր  սաների հետ է, նրանց հետ երգում ու շարժվում է, մեկ էլ չափ է տալիս, ապա փոքրիկ ''թերություն'' նկատելիս հուզվում, հաջորդ րոպեին արդեն ժպտում, ուրախանում  է` նշանակում է ամեն  բան կարգին է:  Սա  իհարկե իր` մասնագետի աչքով: Իրականում երեխաները հիանալի ու անթերի էին  բեմում: Յուրաքանչյուր համարին  հետևում էր  Հաագայի «Koorenhuis» մշակութային կենտրոն եկած հանդիսատեսի ջերմ  գնահատականը`  երկարատև ծափողջուններ ու հիացական բացականչությններ: Զգացվում էր, որ  նրանց հետ պրոֆեսիոնալ մասնագետ է աշխատում:

Այսպես, Սվետլանան կարողանում է թափանցել  յուրաքանչյուր մանկան հոգու  ներաշխարհը, անհատական աշխատանք է տանում  նրանց հետ ու երգը կյանք ու շունչ  է առնում,  ապրում  երեխայի հետ` ողջ կյանքի ընթացքում:

 Համառ կամք, մինչև  վերջ աշխատելու նպատակային ձգտում,  համբերություն, աշխատասիրություն` ահա այդպիսի հատկանիշներ է իր սաներին  ներարկում  բոլորի կողմից հարգված Սվետլանա Աղաջանյանը: Նա ջերմ սիրում է երեխաներին ու իր գիտելիքներն է փոխանցում նրանց, երեխաներն  էլ` իրեն են սիրում,  իսկ ամենակարևորը` վստահում ու փութաջանորեն կատարում նրա ցուցումները: Ամեն  բան փոխադարձ է` հիմնված սիրո ու վստահության վրա:

Սվետլանան ծնվել և մեծացել է Լեռնային Ղարաբաղում, ավարտել է Երևանի կոնսերվատորիան, դասական երգչուհի է, սոպրանո։   Նիդերլանդներում  բազմիցս է համերգներով ելույթներ ունեցել ,  դասավանդել  է երաժշտական դպրոցներում։  Աբովյան միությունում երգեցողության դասերն սկսել է 2011 թվականից և ստեղծել մանկա-պատանեկան երգչախումբ,  մի քանի տասնյակ երեխաների սովորեցրել  է հայկական մանկական, ժողովրդական, դասական և հայրենասիրական երգեր։ Սվետլանայի մասնագիտական, հետևողական, տքնաջան և լուրջ աշխատանքի շնորհիվ երեխաները  մայրենի լեզվով սովորել են ոչ միայն բազմաթիվ  երգեր, այլ  տիրապետել են երգեցողության տեխնիկային ու արվեստին։  Նա երեխաների մեջ արթնացրել է երգելու սերը, մշակել նրանց ձայնը, սովորեցրել երգեցողության տեխնիկան և ներշնչել մեծ բեմում ելույթ ունենալու համարձակությունը։ Նրա ղեկավարած Երգչախումբը բազմիցս ելույթներ է ունեցել Հաագայում, Ամստերդամում, Մաստրիխտում և այլուր:

Սվետլանայի սաները Նայմեխենում մեներգերով մասնակցել են VAN-ի կազմակերպած երգի մրցույթին և շահել առաջին տեղեր:

Այս  տարիներին նրա սաները հոլանդական  տարբեր փառատոների սպասված ու պահանջված մասնակիցներն են` Embassy Festival, Huygens Festival, Escamp Festival, Uit Festival և այլը, բոլորը չես թվարկի։  Երեխաներից` Մասիսը, Ալեքսը, Ֆելիքսը, Հասմիկը և մյուսները զանազան առիթներով հանդես են եկել մեներգերով։ Երգչախումբն արժանացել է Հաագայի մշակութային աշխատանքները կարգավորող Cultuurschakel քաղաքային մարմնի գնահատականին և երգչախմբի ելույթի տեսահոլովակը տեղադրվել է այդ կազմակերպության պաշտոնական կայքէջում։

Այս տարվա հունվարին, Ռոտերդամի կինոփառատոնի շրջանակում կազմակերպված Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ երգչախումբը հանդես եկավ հայկական երգերով, իսկ Սվետլանան ելույթ ունեցավ մեներգով։  Նոյեմբերին երգչախումը հաջողությամբ ելույթ ունեցավ Ամստերդամում Paloina պարախմբի կազմակերպած «Միասին» հայկական համերգի ժամանակ:

Այս բոլոր թվարկած միջոցառումները վերաբերվում են միայն այս տարվան, մինչդեռ անցյալ տարիներին երգչախումբը մասնակցել է ամենատարբեր հոլանդական և հայկական միջոցառումներին: Հատկապես հիշարժան է հայկական միջոցառումներին անձամբ Սվետլանա Աղաջանյանի և նրա ղեկավարած խմբի կատարումները: Հատկապես մեր հիշողության մեջ դեռ թարմ են 2012թվականին, երբ Ամստերդամում հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված գիտաժողովում առաջին անգամ ականատես եղանք Սվետլանայի հայկական երգերի բարձր մակարդակով կատարումներին: Այնուհետև, երբ լինում էինք Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին` անհնար էր  հուզմունքով չլսել նրա, հատկապես Կոմիտասի  «Կռունկ» երգի կատարումը:

Փոքրիկ հատված Ս. Աղաջանյանի  «Կռունկ» երգի կատարումից

Նիդերլանդական  հանրային  ռադիոյի առաջին ծրագրի շարժական ուղիղ եթերում

Ասենում արդեն մի քանի տարի է, որ Սվետլանայի ղեկավարած պատանեկան երգչախումբը ելույթ է ունենում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառման ծրագրում։  Անցյալ տարի`  Աբովյան միության և Հոլանդահայ ֆեդերացիայի ու անձամբ նրա  քարտուղար Ինգե Դրոստի հետևողական ջանքերով և համոզիչ առաջարկով Ասենում Հայոց Ցեղասպանության  միջոցառումը լուսաբանելու եկած Նիդերլանդների հանրային  ռադիոն բավական  հետաքրքիր առաջարկություն  արեց, որպեսզի փոքրիկների երգչախումբը հանդես գա երգի կատարումով: Այսպիսով Նիդերլանդական  հանրային  ռադիոյի առաջին ծրագրի շարժական ուղիղ եթերում  (միևնույն ժամանակ «Նիդերլանդական օրագրի» ֆեյսբուքյան էջով)  հնչեց հայկական երգը` աշխարհը բարի ու խաղաղ տեսնելու մասին.

...Թող ամեն մանկան աղոթքը բարձրանա

Աչքերի արցունքն ու ցավը վերանա

Թող խաղաղ բացվի երկինքը

Որ անհոգ ապրի մանկիկը

Թող երբեք էլ չտեսնեն արհավիրքը

Թող հավատը հոգիները չլքի

Որ այլևս այս չարիքը չգործվի

Բարեկամ ապրեն ազգերը աշխարհի

Երկնքից լույս իջնի

Խաղաղվի...

ՈՒրախալի է, որ Սվետլանայի  աշխատանքը  նաև այս տարի  է գնահատվել:  Մարտին նա պարգևատրվել է հետհեղափոխական Հայաստանի սփյուռքի նախարարության (ներկայումս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ) պատվոգրով, իսկ «Աբովյան» միությունն էլ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից  առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագրին:

Ինչպես վարչապետը կասեր` սա Աբովյան միության յուրաքանչյուր մասնակցին հանձնված շնորհակալագիր է:

Էլի ավելացնենք`  սա բոլոր նիդերլանդահայերին հասցեագրված շնորհակալագիր է,  հասցեագրված  մեր երեխաներին ու նրանց հայ մշակույթով սնուցող անհատներին:

Hay Azian

2014թ. Աբովյան մշակութային միության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

2019թ.  Աբովյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակի  միջոցառմանը :

Պրահայում նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանը

Պրահայում նշվեց ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանը

«Նիդերլանդական օրագրի» կողմից.- ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 20-ամյա հոբելյանական երեկոյի մասին նյութը տեղադրելուց առաջ` ջերմորեն շնորհավորում ենք նրա հիմնադիրներին` ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին, կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանին, «Օրերի» բոլոր աջակիցներին, բարեկամներին ու ընթերցողներին` հոբելյանական 20-ամյա բեղուն, ստեղծագործ աշխատանքի կապակցությամբ: «Օրերն» իրավմամբ կարելի է համարել Եվրոպահայ կյանքի մունետիկ, որը տպագիր ու առցանց անաչառորեն լուսաբանում է Եվրոպահայ կյանքի բոլոր անցուդարձերը` բացառապես կենտրոնանալով մշակութային իրադարձություններին ու ընթերցողին մատուցելով դրական բովանդակություն ունեցող և ուսուցանող հոդվածներ: «Նիդերլանդական օրագիրն» իր հիմնադրման առաջին օրվանից բարեկամացել, համագործակցել է ՕՐԵՐԻ հետ` ունենալով նրա օժանդակությունն ու աջակցությունը: Այսօր չենք կարող լիարժեք չմիանալ ՕՐԵՐԻՆ հղված բոլոր-բոլոր ջերմ խոսքերին ու շնորհավորանքներին: Եվ թող մեծն Տերյանի հայտնի բանաստեղծության երկու տողերը այսօր, այս ենթատեքստով վերաբերվեն միայն ՕՐԵՐԻՆ.

«...Իմաստուն է և արդար
օրերի երգն անընդհատ...»

Մեր ավագ գործընկերոջը մաղթում ենք անընդհատ ու կանաչ ճանապարհ` դեպի հավերժություն, օրերից ու տարիներից էլ  անդին...
---------------

ՕՐԵՐ-ի 20-ամյա բեղուն հունձքը. հոբելյանական երեկո Պրահայում

Collapse )

Եվրոպական հայկական կազմակերպությունները ողջունում են ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Եվրոպայի հայերի համագումարը ողջունում են ԱՄՆ Սենատի
Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձևը: Հիշյալ կզմակերպություններն առանձին-առանձին իրենց դիրքորոշումներն են հայտնել:
Ստորև ներկայացնում ենք:

Persbericht - FAON- reactie erkenning genocide in Amerika
FAON – Amerikaanse Senaat schrijft – na het Congres- nu ook geschiedenis: erkenning Armeense genocide
Armeniërs in Nederland benadrukken belang van beslissing, na pogingen deze te blokeren..
FAON verwacht meer druk op president om “G-woord” te gebruiken.

Den Haag, 12 december 2019 – Vandaag heeft de Amerikaanse Senaat unaniem de resolutie aangenomen inzake erkenning van de Armeense genocide.
Dit gebeurt plm 6 weken nadat het Huis van Afgevaardigden dat deed met overweldigende meerderheid van stemmen.

De afgelopen weken zijn er vele pogingen geweest om het aannemen van de resolutie te blokkeren.

Nu beide kamers van het Amerikaanse parlement de genocide zo overtuigend hebben erkend, kan het niet anders dan dat de druk op de president toeneemt om in
het vervolg ook te spreken van Genocide. Bijvoobeeld ter gelegenheid van de boodschap die de president jaarlijks op 24 april, de officiele herdenkingsdag van de Armeesne genocide,
uitbrengt.

De FAON is overtuigd en verheugd, dat voor alle Armeniërs, Arameërs, Assyriërs, Pontische Grieken en alle andere christenen, die geleden hebben onder de genocide en onder de ontkenning ervan, de erkenning door het Amerikaanse senaat en congres een zeer laat, maar belangrijk en betekenisvol momentum is.

De FAON dankt daarom de leden van de Amerikaanse Senaat en doet tegelijkertijd een beroep op de Nederlandse regering om de overwegingen die in de discussies in Amerika
rond het fenomeen genocide en de erkenning van genocide naar voren zijn gebracht, ter harte te nemen en niet langer aan de verkeerde kant van de geschiedenis te blijven staan door deze genocide niet te erkennen.
Denial of this genocide, is denial of all genocides.

Den Haag, 12 december 2019

* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է ԱՄՆ Սենատի ընդունած հայկական բանաձեւը, որով ճանաչում եւ դատապարտում է հայկական ցեղասպանությունը: Վերջապես տասնյակ տարիների համահայկական ջանքերից եւ պայքարից հետո, Միացյալ Նահանգների Սենատով եւս ճանաչվում եւ դատապարտվում է Ցեղասպանության իրողությունը: Այսպիսով կազմաքանդվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության հիմքերը, ավարտին է հասնում ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար պայքարի այս առաջին շրջանը եւ սկիզբ է դրվում հաջորդ առավել խորքային փուլի, որն է՝ պահանջատիրության, հայրենազրկման, եւ փոխհատուցման փուլը, որը իր բնույթով լի է հնարավորություններով եւ միեւնույն ժամանակ բացահայտ ու անհայտ վտանգներով:
Պայքարի հետագա հաջողությունը եւ հայոց հաղթանակի ապահովումուղղակիորեն կախված է ողջ հայության կազմակերպվածության եւ պատրաստակամության մակարդակից: Ժամանակն է Հայկական իրավունքների հաստատման, վերականգման եւ հատուցման հարցում խելք խելքի դնել եւ մշակել համատեղ ու կուռ համահայկական ռազմավարություն եւ ծրագիր:Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Արցախի հաղթանակի
վերջնական հաստատումը եւ ցեղասպանության հետեւանքների ամբողջական վերացումը կազմում են մեկը մյուսին կապակցված անքակտելի մի շղթա եւ հանդիսանում են հայության համար ամենամեծ մարտահրավերները: Այս հարցում անթույլատրելի է մասնատվածությունը եւ հատվածապաշտությունը, հարկավոր է ողջ հայության, ոչ միայն տեսլականի եւ ընդհանուր նպատակների նույնականացումը, այլ նաեւ կազմակերպվածության եւ կազմակերպչական հարցերի միասնությունը:

Եվրոպայի հայերի համագումար
12 դեկտեմբեր 2019
Շվեդիա

Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը Եվրոպայում համերգային շրջագայություն ունեցավ

Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախումբը `գեղարվեստական ղեկավար Շահե Քեշիշյանի ղեկավարությամբ, Կոմիտաս վարդապետի 150 ամյակին նվիրված` բավական հաջող շրջագայություն ունեցավ Եվրոպայում: Միայն Նիդերլանդներում երգչախումբը երեք համերգ ունեցավ` Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ամստերդամի պատմական Սուրբ հոգի եկեղեցիներում և Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուսի Տաճարում: Երգչախմբի Այս և այլ քաղաքներում ունենալիք համերգների մասին է կիսվում խմբին ուղեկցած Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Տեսաերիզը նկարահանվել է դեկտեմբերի 8-ին:



Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում
Սուրբ Սերվատիուսի անունով հայկական գաթա Մաստրիխտում

4-րդ դարի հայ հոգևորական, բարեպաշտ Սուրբ Սերվատիուսը, երբ որոշեց քրիստոնեություն տարածելու առաքելությամբ մեկնել Եվրոպա հավանաբար իր ուսապարկում պահած ունենար հայկական գաթա: Նրա մտքով կանցնե՞ր արդյոք,  որ Նիդերլանդների Լիմբուրգ նահանգում, նրա հարակից Բելգիայի ու Գերմանիայի տարածքներում ու մասնավորապես Մաստրիխտում սերունդները հավերժացնելու են իր անունը: Հատկապես Մաստրիխտ քաղաքը  ապրում  է նրա շնչով:  Տեղացիներն անխտիր  գիտեն, որ նա հայ է ու հրաշագործություն է արել  իրենց  քաղաքում: Նրա անվամբ եկեղեցի, փողոց, կամուրջ, աղբյուր, տեսարժան վայրեր, բիզնես և ուսումնական  հաստատություններ կան:   Բոլորովին վերջերս  նրա  անվամբ արտադրվելու է  հայկական անուշաբույր  գաթա,  որի նախաձեռնությունը տեղի «Անի» հայկական  կազմակերպությանն և Սուրբ Կարապետ հայկական եկեղեցունն է: Մտահաղացումը Սոնա Հովհանեսինն է: Այս ձեռնարկը` որ  քաղաքն  ունենալու է Սուրբ Սերվատիուսի անունով  հայկական ապրանքանիշ, հավանության ու  աջակցության արժանացավ տեղի  հասարակության կողմից:

Տարեցտարի ավելի սերտ ու օրինակելի համագործակցություն է զարգանում Մաստրիխտի հայ առաքելական Սուրբ Կարապետ և տեղի կաթոլիկ` մասնավորապես հայազգի  Սուրբ Սերվատիուսի անունը  կրող եկեղեցիների միջև

Քաղցրավենիքը` հայկական գաթան , արտադրվելու է Սերվատիուսի  պատվին և անվանվել է Vöäske (veuske) : Սա Սերվատիուսի  անվան տարածված ու  կրճատ փաղաքշական ձևն է:

Ամենահիշարժանը Սուրբ Սերվատիուսի անունը կրող հնամենի Բազիլիկ ոճի տաճարում նրա անունը կրող բրենդի` հայկական գաթայի օրհնության արարողությունն էր: Օրը նշանավոր էր Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի սարկավագների երգչախմբի

 Կոմիտաս վարդապետի 150 ամյակին այստեղ տրված համերգով:

Vöäske անունը կրող հայկական գաթան Սերվատիուսի եկեղեցում օրհնեց գերաշնորհ Տ.խաժակ արքեպիսկոպոս  Պարսամյանը`  տեղի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ`  եպիսկոպոս Եվերարդ դե Յոնգի,   գերմանահայոց թեմի առաջնորդ  Սերոբվե  եպիսկոպոս Իսախանյանի և  Սերվատիուս բազիլիկ եկեղեցու հովիվ  Յոհան Դաութզենբերգի  ներկայությամբ:

Vöäske թարմ թխվող գաթան արդեն հասանելի է ամեն օր, այն  կարող եք ձեռք բերել քաղաքի կենտրոնում Zakstraat  9  համարի հասցեում գտնվող հացաբուլկեղենի Հերմանի խանութում, ինչպես նաև Լիմբուրգի այլ կետերում:
Շահույթի մի  մասը` արտադրության ընդլայնելուց բացի, կտրամադրվի Սուրբ Կարապետ եկեղեցու և համայնքի կարիքներին:
Առջևում Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներն են ու չէր  խանգարի ճաշակել հայ մեծ բարեպաշտի անվամբ` հայ և կաթոլիկ եկեղեցիների կողմից օրհնված համեղ հայկական գաթան:
Nid.Oragir


Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը առանց քննարկման և քվեարկության միաձայն վավերացրել է Հայաստան- Եվրամիություն Համարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Շնորհավորում ենք Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, նիդերլանդահայ կազմակերպություններին ու համայնքին գերազանց վստահություն ունենալու ու աննախադեպ արդյունք գրանցելու համար:

Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:

Եվրամիության անդամ 28 պետություններից փաստաթուղթն արդեն վավերացրել են 19-ը, մի քանի երկրներում վավերացման գործընթացն ավարտին է մոտենում:


Նշվեց Հաագայի Աբովյան մշակութային միության 35-ամյակը

Հաագայի Աբովյան մշակութային միության անցած 35 տարիները հայապահպանության, սերունդների կրթության, օտար ափերում հայ մշակույթի, հայոց լեզվի և հայկական ավանդույթների պահպանման ժամանակաշրջան էր: Միությունը Հաագայում հանդիսացել է հայ և օտարազգի բարեկամների սիրելի վայր: Բացի երեխաների և մեծահասակների համար հայոց լեզվի, երգի ու պարի դասերից, Աբովյան միությունը կազմակերպում է թեմատիկ օրեր և դասախոսություններ` մշակութային և հասարակական թեմաներով, նշում է հայոց ավանդական տոները և կարևոր հոբելյանները: Աբովյան միությունը դարձել է հայոց պատմության և մշակույթի մասին վավերագրության և տեղեկատվության կենտրոն: Իր հիմնադրման օրվանից միությունն ակտիվորեն ծավալել է հասարակական-քաղաքական տարբեր մակարդակների գործունեություն:


Դեկտեմբերի 7-ին եկել ենք Հաագա`  տեղի «Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35-ամյակի տոնակատարությանը մասնակցելու:  Վերջին  ժամանակներս, տարբեր պատճառներով այնքան էլ չի ստացվում անձամբ մասնակցել նիդերլանդահայ կազմակերպությունների կողմից  կազմակերպվող   միջոցառումներին: Մանավանդ,  դրանք  տարեցտարի ավելանում են,  բազմազան ու  հետաքրքիր են դառնում, իսկ   «Նիդերլանդական օրագրի» հնարավորություններն էլ միջոցառումների լուսաբանման համար  սուղ են: Օգտվում ենք  բացառապես կամավոր սկզբունքներով աշխատող  մեր թղթակիցների ծառայություններից, իսկ ավելի առավել` օգտվում ենք համացանցի ընձեռած հնարավորություններից:

«Աբովյան» մշակութային միության հիմնադրման 35 տարին  նշանակալի իրադարձություն է հոլանդահայ համայնքային կյանքում, իսկ մենք` նրա բարեկամները այդ գեղեցիկ տարելիցի մասնակիցներն ու ականատեսները պիտի լինենք: Կառույցը հիմնադրվել է 1984 թվականին մի խումբ հայասեր նվիրյալների ջանքերով, որոնց թվում այսօրվա միության ղեկավար Մաթո Հախվերդյանը և նրա տիկինը Ինգե Դրոստը:  Հետագայում  2004 թվականին միությանը հաջողվեց  իր շուրջ համախմբել  տարբեր շրջաններում աշխատող մի քանի հոլանդահայ անկախ հասարակական-մշակութային կառույցների և ստեղծել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան: Աբովյան միությունը Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) անդամ է: Ի հավելումն`Նիդերլանդահայ շատ կազմակերպություններ էլ առանձին են գործում:
Աբովյան միությունն իր ավանդն ունի Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության ճանաչման և ոգեկոչման գործում,  կապված է և համագործակցում է «Ապրիլ 24 հանձնախմբին» :

Այս հանձնախումբը ևս ստեղծվել է անցած դարի ութսունական թվականներին, իսկ 2004 թվականից հանդիսանում է Հոլանդահայ ֆեդերացիայի հանձնախմբերից մեկը: «Ապրիլ 24 հանձնախումբը» ամեն տարի ապրիլին կազմակերպում է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներ, այդ թվում համերգներ ու ցուցահանդեսներ: Նիդերլանդների խորհրդարանի Ցեղասպանության ընդունած բանաձևերում իր անգնահատելի ներդրումն ունի Հոլանդահայ ֆեդերացիան: Կարելի է ասել, որ «Աբովյան» մշակութային միությունը Նիդերլանդների անցած դարում ստեղծված առանցքային  եզակի ու առաջնակարգ դեր  ստանձնած հայ մշակութային կենտրոններից է, որ ունի հստակ օրակարգային ծրագիր:

Աբովյանցիների հոբելյանական  առիթով «Koorenhuis» մշակութային կենտրոնում տեղի ունեցած ընդունելության ժամանակ  մեզ տված  հարցազրույցում Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը իրավացիորեն արձանագրեց, որ միությունը Նիդերլանդներում  հայկական ներկայության կարևոր օղակներից  է: Մշակութային գործառություններ իրականցնելուց զատ   վերածվել է  Հայաստանի և Նիդերլանդների միջև քաղաքական, տնտեսական, և սոցիալական հարցերով  համագործակցությունը առաջ մղող կարևորագույն կառույցի:  Բազմաթիվ ձեռքբերումներ,  որ  ունենք այսօր դժվար կլիներ  առանց Աբովյան միության և նրա անդամների կարևոր ներդրման ու դերակատարության` նշեց դեսպանը և հավելեց, որ լավ կլիներ մյուս կառույցները ևս իրենց տեղերում   բազմաբևեռ  գործունեություն ծավալեին:

Հանդիպման սրահում անակնկալ էին պատրաստել Աբովյան մշակութային միության երեխաները: Ցուցադրվում էր նրանց նկարչական աշխատանքները` որպես կարմիր թել բոլոր աշխատանքներում ծառը, արմատները, կյանքն ու  հայրենիքն էր, սիրված հեքիաթի հերոսները:

Իսկ ինչո՞ւ հիմնադրման տարելիցը պետք նշվեր դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի օրը` Մաթո Հախվերդյանը պատասխանեց, որ այն իրականում նշվելու էր մեկ շաբաթ անց, բայց տեխնիկական պատճառներից ելնելով այն համընկավ այդ օրվան: Հետագա զրույցում Մաթո Հախվերդյանն ասաց, որ դա մեր ցավի ու սգի, հիշատակի ու ապրելու օրն է` որից չպիտի խուսափենք:

Աբովյան միությունը լինելով անցած դարի խորհրդային ժամանակահատվածում Նիդերլանդներում առաջին կազմավորված կառույցը, մեծ մասնակցություն ունեցավ ութսունութի աղետալի երկրաշարժի համակարգման աշխատանքներին,  յուրօրինակ կապող օղակ  Նիդերլանդների ու  Հայաստանի միջև:  Օգնություն տրամադրելուց ու համակարգելուց բացի` միությունը տևական  ժամանակ իր հարկի տակ ընդունեց անօթևան երեխաներին:

Դեկտեմբերի 7-ի օրվա խորհրդի համաձայն միջոցառումը մեկնարկեց «Աբովյան» միության երգչախմբի  Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով: Զուգահեռ էկրանով ցուցադրվում էր աղետալի երկրաշարժին հաջորդած վայրկյանները: Այսպիսով  ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 31 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերին։

Աբովյան մշակութային միության  հիմնադրման 35-ամյակի Հոբելյանական երեկոն նվիրված էր  Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։  Հայկական երգով ու պարով  միության երգչախումբն ու պարախումբը միմյանց հաջորդելով հիանալի էին  կատարում հայ հեղինակների ստեղծագործությունները:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին ու շնորհավորելով Միության անդամներին, դեսպան Տիգրան Բալայանը կիսվեց հետաքրքիր հուշով. «Մտքով վերադարձա 2004 թ. հունիս, երբ նոր էի ժամանել ծառայության Բրյուսել ու Նիդերլանդների էի եկել հավատարմագրվելու Նիդերլանդների ԱԳՆ -ում։ Առաջին հանդիպումը արտգործնախարարության մոտակայքում Մաթո Հախվերդյանի և Ինգե Դրոստի հետ էր, իսկ Աբովյան միության հասցեն ինձ համար հարազատ մի վայր էր դարձել...»։

Որպես աբովյանցիների կողմից ամենավերջին ձեռքբերում, դեսպանը որպես թարմ օրինակ նշեց  երկու օր առաջ Նիդերլանդների ստորին պալատի կողմից Հայաստանում դեսպանություն բացելու որոշումը: Նա նշեց, որ այս ամենը հաշվի առնելով է, որ Նիդերլանդներում գործող մի քանի տասնյակ հայկական կազմակերպություններից «Աբովյան» միությունը առաջինն ու առայժմ միակն է, որ արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրին՝ հայապահպանության գործում և հայ ժողովրդի շահերի պաշտպանության բնագավռում երկարամյա արդյունավետ գործունեության համար։
Դեսպան Տիգրան Բալայանը Աբովյան միությանը մաղթեց բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններ և հաջողություն իր կարևոր առաքելության մեջ։  «Համոզված եղեք, որ դեսպանությունը կանգնած է ձեր կողքին՝ մեր ընդհանուր իղձերի իրագործման գործում»-
Իր խոսքը այսպես եզրափակեց դեսպանը։

Ողջյունի խոսք ասվեց նաև «Նիդերլանդական օրագրի» կողմից, նշվեց, որ Աբովյան Միությունը ամենահարուստ գունապնակն ունի Նիդերլանդներում: Իր ճիշտ տրամադրվածությամբ, իր  ճիշտ մղումներով և ճիշտ ակնկալիքով
այսքան տարի, բառի բուն իմաստով լծվել  հայապահպանության գործին, պահպանել հայ մշակույթը, հայոց լեզուն և հայկական ավանդույթները` նաև օտարներին ներկայացնել ու քարոզել Հայաստանը` օրինակելի է մեր մյուս համայնքների համար:   Լավատեսության այս բոլոր սկզբունքով են առաջնորդվում աբովյանցիները`  կարևորելով և անհրաժեշտ համարելով Նիդերլանդների տարբեր վայրերում  գործող հայկական կազմակերպությունների հետ համագործակցությունը:
Վերջում «Նիդերլանդական օրագրի» կողմից խորհրդանշական հուշանվեր «ծովի  կաթիլ» է հանձնվում աբովյանցիներին` որպես իրենց մի  կաթիլ ներդրումը համահայկական կյանքին:

Ընդմիջմանը հյուրերն ու մասնակիցները համտեսեցին հոբելյանական տոնական տորթը, ճաշակեցին հայկական ուտեստներ, կոնյակ, գինի, մրգեր:

Երեկոյի համերգային երկրորդ մասը սկսվեց  միության երգչախմբերի ու  պարախմբերի ելույթներով, այնուհետև  հաճելի անակնկալ  մատուցեցին   հրավիրված երաժշտական երկու խմբերը: Նրանք հանդես եկան հայկական երաժշտությամբ, Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների կատարումներով: «Սև ծով» կվինտետի, «Հայկական ձայներ» երգչախմբի և նկարիչ արվեստաբան Ալիկ Ասատրյանը կատարումները ծափողջյուններով ընդունվեցին:

Վերջին մասն առավել քան  հուզիչ էր: Բեմ են հրավիրվում բոլոր աբովյանցիները, միջոցառման կազմակերպիչները, երեխաները: Հուզիչ ելույթներ, շնորհավորանքներ, գրկախառնություն:
Երկարատև ծափողջուններն ու ծաղկեփնջերը  երեխաների, նրանց մանկավարժների ու ծնողների աշխատանքի լավագույն գնահատանք էին, իսկ դեսպանի  մասնակցությամբ լուսանկարվելը`  35-ամյա գործունեության ներկա  վավերագիրը, որ տարիներ անց քաղցր հուշ է դառնալու...

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Միջոցառման մեր  տրամադրության տակ եղած բոլոր լուսանկարները դիտեք ԱՅՍՏԵՂ (սեղմել հղումը)